Դեռ շաբաթ օրը, ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, «Ազատության» հրապարակից ոստիկանություն բերման են ենթարկվել հանրահավաքին մասնակցող երկու անձինք, որոնց մոտ զենք է հայտնաբերվել:
Արդեն կիրակի ՀՀ գլխավոր դատախազությունը մանրամասնելով այս ձերբակալության հանգամանքները հաղորդագրություն էր տարածել, թե հիշյալ անձինք Մոսկվայում բնակվող հայեր են, նախկինում դատապարտված Գեւորգ Մեսրոպյան եւ Արթուր Մանգասարովը: Եվ, իբր, քննությամբ պարզվել էր, որ վերջիններս վարձված են եղել ԱԺ մի պատգամավորի եւ նրա համախոհների կողմից՝ «ապրիլի սկզբին կազմակերպել ահաբեկչություն», այսինքն՝ խախտել հասարակական անվտանգությունը, ահաբեկել բնակչությանը եւ «հանցավորների ապօրինի այլ պահանջները կատարելու նպատակով»: Ըստ այդ հաղորդագրության, «հանցավոր խումբը խոշոր գումարի վարձավճարով հավաքագրել է վերոհիշյալ երկու ահաբեկիչներին, որոնց տրամադրվել են ապօրինի պահվող ատրճանակներ եւ գումար» ու, իբր, նրանք ապրիլի 9-ին, ժ. 16-ին երթի դուրս եկող մարդկանց շրջանում պետք է կրակոցներ արձակեին տարբեր ուղղություններով, խուճապ առաջացնեին ցուցարարների շրջանում եւ իրականացնեին ահաբեկչություն: Թե կոնկրետ ո՞ր պատգամավորի մասին է խոսքը եւ թե ահաբեկչությունն ում նկատմամբ պետք է իրականացվեր, Գլխավոր դատախազությունը լռում է, կամ՝ գուցե, հարմար թիրախների փնտրտուքի մեջ է: Հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ. 217 եւ 235 հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Միայն երեկ հայտնի դարձավ, որ խոսքը ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի մասին է: Ու որպեսզի ամեն ինչ շատ ճշմարտանման թվա հասարակությանը, ինչպես Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով կալանավորված եւ Արմեն Սարգսյանի դեմ ցուցմունքներ տվածների դեպքում էր, այս անգամ էլ Գլխավոր դատախազությունը շոու կազմակերպեց՝ Հ1-ով հեռարձակելով հիշյալ երկու մոսկվացիների՝ Ս. Այվազյանի դեմ տրվող ցուցմունքները:
Կատարվածի առնչությամբ ճիշտ այս զուգահեռն անցկացրեց ինքը՝ Սմբատ Այվազյանը:
Նա սկզբում չէր էլ հավատում, թե հիշյալ պատգամավորը հենց ինքն է, որ կա. «Նախ, ես տեղյակ չեմ նման հաղորդագրությունից: Դա բացարձակապես որեւէ հիմք չի կարող ունենալ: Առաջին հերթին այն պատճառով, որ դա իմ գործելաոճը չէ, երկրորդ՝ իրականում ես որեւէ մեկին, նույնիսկ ծանոթի, ընկերոջ ոչ մի տեղ չեմ կանչել: Ես կարծում եմ, սա քաղաքական այն նույն հետապնդումն է, ինչ փորձում էին անել եւ արեցին անցյալ տարի: Այն ժամանակ էլ Տ.Նաղդալյանի սպանության մեջ մեղադրեցին ընդդիմադիր տարբեր գործիչների, փորձեցին կանգնել մեկի վրա, ու քանի որ չստացվեց ավելի ակտիվ գործիչներին ընտրել որպես թիրախ, կանգնեցին Արմեն Սարգսյանի վրա»: Ս.Այվազյանը վստահեցրեց, որ ՀՀ Գլխավոր դատախազության առաջ քաշած վարկածն իրականությանը չի համապատասխանում. «Նման քայլերով հնարավոր չէ ինչ-որ արդյունքի հասնել: Դա ուղղակի պրիմիտիվ սադրանք է, քաղաքական հետապնդումներ սկսելու նոր փուլ»: Մեր այն հարցին, թե ինչու հատկապես իր անունը հնչեցվեց, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարող ասել: Համենայն դեպս, դատախազության տարածած առաջին հաղորդագրությամբ առաջ քաշված վարկածն ինքնին անհեթեթություն է, որովհետեւ խաղաղ հանրահավաքի ժամանակ անհնար էր, որ մեկը մեկի դեմ զենքով դուրս գար ու պարզ չէ թե ում նկատմամբ ահաբեկչություն իրականացներ: Սա որքան հասկանալի, նույնքան ծիծաղաշարժ է»:
Ինչ վերաբերում է իր հնարավոր ձերբակալությանը, պարոն Այվազյանն ասաց, թե՝ ինքն այդ իմաստով որեւէ խնդիր չունի, թեեւ չի էլ պատրաստվում ձերբակալվել. «Այս օրերին տեղի ունեցող գործընթացները հնարավորություն չեն տալիս դա անել, բայց դրանից հետո ցանկացած ժամանակ, ցանկացած իշխանության դեպքում ես պատրաստ եմ պարզաբանումներ եւ պատասխան տալ ցանկացածին, թեեւ տվյալ դեպքում ինձ համար ամեն ինչ ակնհայտ է»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ