Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ՝ ՀԱՏՈՒԿ ԿԵՂԾԻՔՆԵՐ

Ապրիլ 10,2004 00:00

ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ՝ ՀԱՏՈՒԿ ԿԵՂԾԻՔՆԵՐ Երեւանի թվով 10 հատուկ դպրոցներում 2004-ի հունվարին անցկացվել են ուսումնասիրություններ: Մեր աղբյուրի ներկայացրած փաստաթղթերից մեջբերենք այս դպրոցներից մի քանիսում՝ ԿԳ նախարարության աշխատակիցների կողմից գրանցված կանոնադրական խախտումների մասին տվյալները: Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի կանոնադրության 24 կետի համաձայն, դպրոց կարող են ընդունվել հենաշարժական համակարգի խախտումներ եւ մտավոր թերզարգացում ունեցող երեխաները: Կանոնադրության համաձայն, դասարանի միջին խտությունը պետք է լինի 15 աշակերտ, առավելագույնը՝ 18: Սակայն փաստացի խտությունն այստեղ կազմում է 7.62՝ ուղիղ կեսը: Ընդ որում՝ դպրոցի երեխաների շուրջ 65 տոկոսը Նոր Նորքի 2-րդ զանգվածից են, 19-ը՝ տնային ուսուցմամբ, եւ կարելի է ենթադրել, որ դպրոցում գիշերելու կարիք չի զգացվում, սակայն գումարները ծախսվում են նաեւ գիշերելու վրա: «2003-ի երկրորդ կիսամյակում երեխաների հաճախումը 30 տոկոս է, դպրոցը թույլ է ջեռուցվում, դասասենյակներում ցուրտ է: Ուսպլանով հաստատված ժամերը (1-4-րդ դասարաններում 6-ական եւ 5-8-րդ դասարաններում՝ 4-ական) հատկացվում են շտկողական պարապմունքներին՝ լոգոպեդիա եւ բուժական ֆիզկուլտուրա. շտկողական պարապմունքները ընդգրկված են ուսպլանում եւ ձեւական բնույթ են կրում»,- ասվում է փաստաթղթում: Լուրջ բացթողումներ են գրանցվել մատենավարության գործընթացում, ուր առանձին դասարաններում գնահատականները նշանակված են 10-14 օր ընդմիջումներով: Օրինակ՝ 3բ դասարանում ամբողջ կիսամյակում գնահատված չէ ֆիզկուլտուրա առարկան: Դպրոցի 80 երեխաների հետ աշխատում են 34 մանկավարժներ, դաստիարակներ եւ 32 սպասարկող անձնակազմի աշխատողներ, 4 մանկավարժ կենսաթոշակի տարիքի են, 6 հոգի ունեն ոչ մանկավարժական մասնագիտական կրթություն, որոնցից 3-ը՝ միջնակարգ կրթությամբ ոչ մասնագետներ են: «Օլիմպոս» հատուկ կրթահամալիրն, ըստ իր կանոնադրության, կարող է ընդունել հենաշարժական համակարգի խախտումներով, որբ, ծնողական խնամքից զրկված, արտակարգ ընդունակություններ դրսեւորած երեխաներ: Սակայն դպրոցում գործում են միայն հանրակրթական դասարաններ, որտեղ էլ բոլորի հետ սովորում են նաեւ հենաշարժական խանգարումներով երեխաներ: Ըստ բժշկական փաստաթղթերի, 412 երեխաներից 92-ը ողնաշարի խանգարում ունի, 160-ը (ըստ թաղապետարանների տեղեկանքների) որբ, ծնողական խնամքից զրկված երեխաներ են, իսկ մնացած 170-ը երեխաներ են, որոնք ուսման հատուկ պայմանների կարիք չեն զգում: Այստեղ եւս մատենավարման գործում կան լուրջ թերություններ. շատ ուսուցիչներ ամիսներով ու շաբաթներով չեն գնահատում աշակերտներին: 5ա եւ 6ա, բ դասարաններում մաթեմատիկայից 1.5 ամիս ոչ մի գնահատական չի նշանակվել, իսկ կիսամյակի ընթացքում տրվել է ընդամենը մեկ ստուգողական աշխատանք: Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրում, որտեղ ապրում, կրթություն եւ դաստիարակություն են ստանում մուրացիկ, թափառաշրջիկ, հսկողությունից եւ դպրոցից դուրս մնացած երեխաներ, աշխատող 2 հոգեբաններն ու 2 սոցիալական աշխատողները չունեն հաճախող երեխաների հաշվառման մատյան, աշխատանքային պլան-ծրագիր: Չկա նաեւ նրանց աշխատանքները կանոնակարգող մշակված փաստաթուղթ: Թիվ 18 դպրոցը, որը կոչված է կրթելու եւ դաստիարակելու սոցիալապես վտանգավոր վարք դրսեւորած, որբ, ծնողական խնամքից զրկված երեխաներ, չունի հատուկ հոգեբան, որի դերը նման երեխաների համար շատ կարեւոր է: Մնացած դպրոցներին կանդրադառնանք առաջիկայում՝ առանձին վերլուծությամբ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930