Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ 10,2004 00:00

ՆՈՐ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ Իզուր չէր Փաստաբանների միջազգային միությունը երեկ հանրահավաքի ընթացքում տեղեկատվական թերթիկներ բաժանում վարչական պատասխանատվության ենթարկվածի իրավունքների վերաբերյալ: «Ազգային միաբանության» փոխնախագահ Սարգիս Մուրադխանյանն «Առավոտին» հայտնեց, որ նախնական տվյալներով իրենց հայտնի է 7 ձերբակալվածի մասին, որոնց բերման էին ենթարկել Ազատության հրապարակից հեռանալիս: Նա հայտնեց նաեւ, որ երեկ առավոտյան Նորքի զանգվածի ոստիկանության եւ գլխավոր դատախազության ներկայացուցիչներն են մտել իրենց Նոր Նորքի տարածքային կազմակերպության գրասենյակ եւ կատարել խուզարկություն. «Ոչինչ չեն հայտնաբերել՝ բացի ընտրողների հետ հանդիպման հայտարարությունից, որը ձեւակերպել են իբրեւ թռուցիկ»: Դրանից հետո գրասենյակի ղեկավար Զորիկ Սողոմոնյանից պահանջել են, որ իրենց հետ գնա դատախազություն. նա հրաժարվել է՝ պահանջելով օրդեր: Սակայն նրան բերման են ենթարկել, պահել մինչեւ հանրահավաքի ավարտը եւ հետո նոր ազատ արձակել: Ի դեպ, երեկ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ ընդդիմության դեմ հարուցված քրգործով ապրիլի 8-ին ձերբակալվել է նաեւ Արտակ Գաբրիելյանը, որն ապրիլի 9-ի հանդիպմանը մասնակցելու հորդոր պարունակող թռուցիկներ է բաժանել քաղաքացիներին. «Միաժամանակ կոչ է արել բռնությամբ զավթել պետական իշխանությունը եւ փոխել երկրի սահմանադրական կարգը»: «Հանրապետություն» կուսակցությունից մեզ հայտնեցին, որ հանրահավաքից հետո ձերբակալվել են Քարաբերդից 5 հոգի, որոնց տարել են Կենտրոնի ոստիկանություն, եւ Արտաշատից 2 ԱԺԴ-ականներ՝ Բադալյան Գառնիկը եւ Ստեփանյան Նարեկը՝ պաստառ բռնելու համար: Վարորդի հետ միասին կալանվել է նաեւ այն մեքենան, որի վրա դրված էին բարձրախոսները: Ընդ որում՝ ըստ փաստաբան Հովիկ Արսենյանի, Կենտրոնի ոստիկանությունից ժխտում են, թե որեւէ մեկին բերման են ենթարկել: Նա հայտնեց մեկ այլ տվյալ եւս՝ Արմավիր քաղաքից վիրավոր ազատամարտիկ Հարություն Թումանյանին քաղաքացիական համազգեստով 2 ոստիկան բռնությամբ փորձել են ավտոմեքենա նստեցնել, չեն կարողացել՝ քաշքշել են, ու գրպանից վերցրել, իրենց հետ են տարել վիրավոր ազատամարտիկի վկայականը եւ այլ փաստաթղթեր: ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանը եւս հայտնեց, որ հանդիպման տարածքից դուրս եկած մարդկանց ուղղակի բռնել ու խցկել են մերձակա փողոցներում առանց համարանիշների «Գազել» մեքենաները: Տվյալներ կան շուրջ 20 հոգու վերաբերյալ: Այդ յուրօրինակ առեւանգումների զոհ էր դարձել (հերթական անգամ) ՀԺԿ Արտաշատի քարտուղար Արամայիս Բարսեղյանը, որին ազատ արձակեցին կեսգիշերին մոտ: Ըստ Ռուզան Խաչատրյանի՝ մինչ այդ եւս եղել են ձերբակալումներ, այսպես ասած՝ կանխարգելիչ բնույթի, որ արգելեն հանդիպմանը մասնակցելը: Այդպես ձերբակալել են Արքեջ գյուղի ՀԺԿ քարտուղար Գոհար Ալեքսանյանին, Էջմիածնի ՀԺԿ քարտուղար Գագիկ Հարությունյանին, ՀԺԿ անդամ Մարտին Ղազարյանին, Ազատավանից Ռաֆիկ Պողոսյանին, Դիտակ գյուղից Արշակ Աբրահամյանին, ջրաշենցիներ Գուրգեն Ղազարյանին եւ Ժորա Աբրահամյանին: Հակադրենք սա Գառնիի ոստիկանապետ Անդրեասյանի պահվածքին, որը երեկ առավոտյան տեսնելով, որ շուրջ 200 գառնեցիներ Ողջաբերդի մատույցներից ոտքով են իջնում Երեւան՝ մասնակցելու հանդիպմանը, ՀԺԿ-ից մի պատգամավորի ներկայությամբ նախատել է ժողովրդին. «Ինչո՞ւ եք գլխիս սարքում, ավտոբուսով գնացեք, ոտքով ո՞ւր եք ընկել ու գնում»: Փոխարենը Արտաշատ քաղաքում եւ հարակից գյուղերում են իրավապահները «փառավոր» ծառայել իշխանությանը. կանգնեցրել են ավտոբուսները, ետ ուղարկել մարդկանց, ու վերցրել պաստառները: Իսկ քրեական բաժնի պետն անձամբ է Մխչյան գյուղի մոտ հարձակվել մարդկանց վրա, հայհոյելով՝ «Ձեր մերը, ուր եք գնում»: Երբ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը գնացել էր Արտաշատ այդ ապօրինությունները տեսնելու եւ ընդդիմության աջակիցներին ուղեկցելու՝ ոստիկանները նրան նույնպես ցանկացել էին բերման ենթարկել եւ առգրավել ավտոմեքենան: Այս ամենից հետո մեջբերենք մի կանխատեսում, որը վաղօրոք արել էր հանդիպմանը մասնակցած Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը. «Այսօր բախումներ չեն լինի, քանի որ առավոտվանից էապես փոխվել է իշխանությունների դիրքորոշումը: Ճանապարհները բաց են, հրապարակում չկան առանձնապես մեծ քանակի ոստիկանական ուժեր, եթե համեմատենք ապրիլի 5-ին Գեղամյանի հանրահավաքի հետ: Կարծում եմ, որ չեն լինի նաեւ ձերբակալություններ, քանի որ կա նաեւ միջազգային կազմակերպությունների ու հանրության միջամտությունը: Պիտի բոլորը հասկանան, որ տարիների ընթացքում ձեռք բերածն իրավունք չունենք կորցնելու 1-2 օրում. դա բոլորի պարտքն է՝ մանավանդ իշխանությունների»: Թե ինչպես իշխանությունը հերթական անգամ վերաբերվեց միջազգային հանրության հորդորներին՝ ավելորդ է անգամ մեկնաբանելը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել