Ասում է Սոֆի Դեւոյանը
Ապրիլի 22-ին, Շարլ Ազնավուրի ծննդյան օրը, Սոֆի Դեւոյանի Հոգու եւ պարի թատրոնը կներկայանա «Ազնավուրյան ակնթարթներ» բեմադրությամբ: Արտիստուհին զուգահեռ պատրաստվում է իր բենեֆիսին: «Արդեն 37 տարի է, բեմում եմ: Ճիշտ է՝ թիվը հոբելյանական չէ, կարեւորը՝ 3-ն ու 7-ը հաջողակ են»,- կատակով ասաց տիկին Դեւոյանը: 12 տարի է, ինչ գործում է Սոֆի Դեւոյանի թատրոնը եւ 10 տարի՝ մշակույթի կենտրոնը: Բենեֆիսի սցենարը գրում է ռեժիսոր Զավեն Հարությունյանը: Տիկին Դեւոյանը չթաքցրեց, որ նրա հետ հետաքրքիր է աշխատել, թեեւ հաճախ են լինում ստեղծագործական վեճեր:
«Նույնիսկ մի քանի տեսարան մտածել ենք ուշ երեկոյան՝ ավտոտնակում նստած: Այդպես հետաքրքիր է: Ես միշտ անավարտ վիճակներն եմ սիրում, ամբողջական ամեն ինչի հետաքրքրությունը նվազում է »,- ասաց նա եւ խոստացավ հունիսին վերջապես «հանձնվել» հանդիսատեսի դատին: Երեխաների համար էլ պատրաստվում է «Կուկուռիկն ու իր ընկերները» ներկայացումը, որտեղ, օրիգինալ կերպարներից ու զգեստներից բացի, գեղեցիկ տեսարաններ կան: Եվ որ ամենակարեւորն է՝ բարություն է քարոզվում:
«Ինչո՞ւ ենք վերջին շրջանում ձեր թատրոնի աղջիկներին ավելի հաճախ տեսնում լոտոների կամ սուրճի հեռուստագովազդում, քան բեմում»,- հարցրեց «Առավոտը»: «Եթե դա նրանց արվեստին վատ չի անդրադառնում ու աշխատանքին չի խանգարում, թող նկարահանվեն, ի՞նչ է պատահել: Նրանք գեղեցիկ են, նրբակազմ, էլեգանտ, հետեւաբար՝ նաեւ պահանջարկ ունեն: Ո՞վ ասաց, որ Քրիստինա Օրբակայտեն կարող է որեւէ բան գովազդել, իսկ իմ աղջիկները՝ ոչ»,- պատասխանեց նա:
Սոֆի Դեւոյանի թատրոնը վերջերս պետք է մեկներ Իրան ու հանդես գար Լորիս Ճգնավորյանի՝ Հայաստանում երբեք համերգ չտված «Հայաստանի վիրտուոզներ» նվագախմբի հետ: Սակայն Իրանում տեղի ունեցած երկաշարժի պատճառով հյուրախաղերը հետաձգվեցին: Նույն նախագիծը կյանքի կկոչվի հունիսին: Ըստ տիկին Դեւոյանի, համերգները նախատեսված են ոչ թե հայերի, այլ պարսիկների համար: Թե ինչու, նա այդպես էլ չմանրամասնեց:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում Ս. Դեւոյանը պարային խմբերի մեծ թվին: «Ես կողմնակից եմ, որ խմբերը շատ լինեն: Բայց մյուս կողմից ճիշտ կլիներ, որ գործեր մեկ ազգագրական խումբ, որը իսկապես հայ պարը կպրոպագանդեր: Իսկ մյուսները անեին այն, ինչ իրենց հոգին է թելադրում: Ես, օրինակ, նոր ոճ եմ ստեղծել, որն արդեն պատենտավորել եմ: Որոշեցի փորձել, հնարավո՞ր է՝ մարդ փշաքաղվի՝ չտեսնելով գրիմ, զգեստ, մակիաժ: Հուզվի մթության մեջ՝ միայն պարող ձեռքեր ու ոտքեր տեսնելիս: Կարծես ստացվել է»,- ասաց Ս. Դեւոյանը: Ի դեպ, նա խոստացավ նաեւ, որ իր նոր մտահղացումը ավելի հետաքրքիր կլինի: Այս անգամ կներկայացվի յուրօրինակ համադրություն: Նախ կպարեն ձեռքերը, հետո մի զույգ, որը կանհետանա նույնքան անսպասելի, որքան անակնկալ հայտնվել էր, այնուհետեւ հատակին միայն պարող ձեռքեր կլինեն…
«Դեմ եմ, որ ազգային պարը տրեխներով ներկայացվի: Մենք այնպիսի՜ թագավորներ ենք ունեցել՝ շքեղ հագուստներով, ինչո՞ւ մեր պարը աշխարհին այդպես չներկայացնենք»,- ասում է արտիստուհին:
Նա գտնում է, որ բոլոր համույթները, ինչպես Հոգու եւ պարի թատրոնը, պետք է ապրեն՝ «առանց պետությանը նեղություն տալու՝ ինքնուրույն միջոցներ հայթայթելով»: Բայց դեմ չէ՝ գտնվի մեկը, որ թեկուզ իրենց «թատրոնի վրա փող աշխատի ու իմ ստեղծած պարաոճը տանի աշխարհի բեմեր»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ