Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը ստացել է 185 դիմում

Ապրիլ 10,2004 00:00

Մարդու
իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում
ամփոփեց իր մեկամսյա գործունեությունը։
Ապրիլի 5-ի «Ազգային միաբանության» հանրահավաքի ժամանակ բռնարարքի են ենթարկվել ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչներ, եւ երեկ հանդիպման ժամանակ Լ. Ալավերդյանին տրվեց հարց, թե արդյոք հանդիպե՞լ է տուժած լրագրողներին։ Լ. Ալավերդյանը խոստովանեց, որ անվստահության մթնոլորտ կա իրավապաշտպանի նկատմամբ։ «Այդ նույն լրագրողները պիտի գային եւ միասին որոշեինք, թե ինչ ենք անում։ Երեկ ես հանդիպել եմ գլխավոր դատախազի հետ եւ ասել, որ նրանք պետք է հատուցեն այն կորուստները, որոնք լրագրողները ունեցել են։ Դուք պետք է դաշնակից տեսնեք իմ մեջ»,- շարունակեց Լ. Ալավերդյանը։ Նա հանդիպեց նաեւ Գյումրիի մարտի 28-ի հանրահավաքի ժամանակ վարչական կալանքի ենթարկվածներից 6-ին. «Մենք պատասխանատվությամբ ենք մոտենում այդ հարցին եւ արագ կտանք մեր գնահատականը»։

Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի ձերբակալելուն, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Հստակորեն երեւում է՝ ինչ մեղադրանքով է ձերբակալվել Ս. Սուրենյանցը. հակասահմանադրական գործողությունների համար»։

Իրավապաշտպանն անդրադարձավ նաեւ քաղաքացիների դիմում-բողոքներին, տեղեկացրեց, որ մեկ ամսում ստացվել է 185 դիմում եւ որ դիմումատուներից շատերը խնդրում են միջամտել դատավարություններին։ Լ. Ալավերդյանը այդ կապակցությամբ նշեց նաեւ, որ այլ պետությունների օմբուդսմենների կողմից ամենաշատ զգուշացումները վերաբերում էին դատարաններում եղած գործերի մեջ «չխճճվելուն», որովհետեւ, ըստ նրա, դա արդյունավետ չէ։ Օմբուդսմենի մասին օրենքում կա այսպիսի ձեւակերպում. «Պաշտպանը իրավասու չէ միջամտել դատական վարույթին»։ Տիկին Ալավերդյանը երկու հետաքրքիր օրինակ բերեց։ Վարչական կալանքի են ենթարկել հանրահավաքի ժամանակ դրոշ պարզած մեկ քաղաքացու, որը, պարզվել էր, հոգեկան հիվանդ է, իսկ դատարանը հաշվի չէր առել նրա հայտարարությունը։ Երկրորդ օրինակը կրթության եւ գիտության նախարարությունից մեկ բողոք էր։ Բողոքողը ուսանող է, որը Չինաստանում սովորելու համար մրցույթի պետք է մասնակցեր, սակայն ընտրվել են այլ թեկնածուներ եւ, ըստ էության, մրցույթը կասկածելի է։

Եվ, վերջապես, երեկվա կապակցությամբ, այն բողոքներին ի պատասխան, թե մարզերից մայրաքաղաք գալը հանրահավաքի կապակցությամբ արգելվում է, Լ. Ալավերդյանը գտնում էր, որ «միայն միտինգավորը չէ, որ պիտի ունենա մարդու իրավունք, շարժվելու իրավունք, այլ շարքային քաղաքացիներն էլ»։ Նա իր տարակուսանքը հայտնեց, որ հանրահավաքը նշանակվել է Քրիստոսի խաչելության օրը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել