Այս
տարի Գյումրիի քաղաքապետարանը կրճատել է փողոցների բարեկարգման համար հատկացվող
գումարի չափը՝ նախատեսելով 110 մլն դրամ:
Մինչդեռ գյումրեցիները վստահ են, որ սեփական քաղաքի քարուքանդ, «անհրապույր» փողոցները վաղ թե ուշ իրենց գլխին լուրջ փորձանք են բերելու: «Առավոտն» արդեն անդրադարձել է այս թեմային, չնայած որ մեր հրապարակումից հետո դրանք աննշան փոփոխության անգամ չեն ենթարկվել: Ավելին, գյումրեցիների ասելով, կտրուկ ավելացել է քանդված փողոցների պատճառած վնասների չափը: Հիշեցնենք, որ դրանք նույնիսկ թեթեւ անձրեւներից հետո դառնում են ցեխոտ ու անանցանելի՝ տհաճ պատմությունների մեջ գցելով բնակիչներին: Եթե մեկ-երկու տարի առաջ գյումրեցիները հարցին «մեծահոգաբար» էին մոտենում, օրինակ, ասենք, երկրի կառավարությանն առաջարկում էին փոխել տրանսպորտի միջոցը՝ երթուղային տաքսիների փոխարեն կիրառելով նավեր, այժմ «ի սրտե նեղվում են»: Վերջերս մի խումբ գյումրեցիներ դիմել էին «Առավոտին»՝ տեղեկացնելով, որ քաղաքում ծնելիության թվի նվազման պատճառը հենց ավերված փողոցներն են: Նրանք հատկապես մտահոգված են հղի կանանց վիճակով, որոնք անկարող են երթեւեկել, օրինակ, քաղաքի կենտրոնը ծայրամասերից մեկին միացնող Վազգեն Սարգսյանի անվան գլխավոր փողոցով: Երթուղային տաքսիների մեծ մասը հակառակի պես աշխատում է այս ուղղությամբ, եւ գյումրեցիներից շատերը օրվա մեջ առնվազն երկու անգամ պետք է անցնեն հիշյալ ճանապարհով: Վարորդներն էլ իրենց հերթին ստիպված են փողոցը շրջանցել ու մայթերով երթեւեկել, չնայած սա էլ ուղեւորներին չի փրկում «ուղեղի ցնցում» ստանալու վտանգից:
Հարցն ամեն վայրկյան քննարկվում է երթուղային տաքսիներում, փոխարենը պատասխանատուները «ձայն-ծպտուն» չեն հանում: Իսկ նման վիճակը թույլ է տալիս ենթադրելու, որ այն առանձնապես ոչ մեկին էլ չի հետաքրքրում. գլխավոր փողոցն ամեն տարի դուրս է մնում քաղաքապետարանի կողմից իրականացվող հեշտ ու ձեռնտու «փողոցների կարկատման» ծրագրից:
«Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված փողոցների բարեկարգմանը հատկացվող գումարների կրճատումը: Քաղաքապետարանի բնակկոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ Եղիշ Աբգարյանը խուսափեց կոնկրետ պատասխան տալուց՝ փոխարենը վստահեցնելով, որ Վազգեն Սարգսյանի անվան փողոցն այս տարի անպայման կենթարկվի հիմնական վերանորոգման:
Իմիջիայլոց, Գյումրիի փողոցներն այստեղ հյուընկալվող կառավարության անդամներից եւ ոչ մեկի աչքից չեն վրիպում: Նրանցից ոմանք արդեն հասցրել են այս մասին թեթեւակի ակնարկել: Եվ Գյումրիի քաղաքապետը վերջերս տեղական հեռուստաալիքներից մեկով հայտնեց, որ հարցի լուծումը նաեւ կառավարության հետ է կապում:
Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ