Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ապրիլ 10,2004 00:00

Էդուարդ
Սիմոնյանցը մանրամասներ է ներկայացնում իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների
հանդիպումից:
Մտավորականների ֆորումի ավագանուն, որը հաշտարարի առաքելությամբ ինտենսիվ հանդիպումներ էր ունենում հայաստանյան քաղաքական ուժերի հետ, երեկ չէ առաջին օրը հաջողվեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախկին կենտրոնի շենքում երկխոսության սեղանի շուրջ հավաքել իշխանական եւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Ավագանու խորհրդի անդամ Էդուարդ Սիմոնյանցից ճշտեցինք, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենար դեռեւս մարտի 31-ին։ Սակայն մտավորականները վերջին վայրկյանին ստիպված են եղել հետաձգել նախատեսված միջոցառումը, քանզի տրամադրված տարածքները «պատահականորեն» զբաղված են եղել, հրատապ վերանորոգում են պահանջել եւ այլն։ Սակայն ապրիլի 8-ին հանդիպումը կայացավ իշխանամետ եւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների եւ Ր. Հովհաննիսյանի մասնակցությամբ։ Պրն Սիմոնյանցի խոստովանությամբ, դժվարությամբ է հաջողվել բոլորին հավաքել, քանզի իրավիճակն արդեն իսկ սրված է եւ բոլորը զբաղված էին ամսի 5-ի հանրահավաքի հետեւանքներով։ Այդուհանդերձ՝ «մարդիկ եկան բավականին շահագրգիռ, քաջ գիտակցելով, որ այդ հանդիպումն այլընտրանք չունի»,- ասում է Էդ. Սիմոնյանցը։ Նախնական պայմանավորվածություն կա իրար չմեղադրել եւ մեղավորներ չփնտրել։ Բոլոր ելույթ ունեցողները (իսկ խոսել են բոլորն անխտիր) դրական են գնահատել նախաձեռնությունը, միայն դժգոհել են, որ՝ «շատ ուշ սկսեցիք»։ Երկխոսությանը՝ կողմերի շահագրգիռ վերաբերմունքը որպես փաստ արձանագրելով, պրն Սիմոնյանցը տեղեկացրեց, որ հանդիպումները որոշվել է շարունակական դարձնել։ Պարբերականությունները պայմանավորված կլինեն ներքաղաքական զարգացումներով, քննարկվող հարցերի հերթականությունը՝ ըստ ակտուալության։

Ապրիլի 8-ի հավաքում քննարկվել են տարբերակներ՝ հնարավոր բախումը կանխելու համար։ Նկատելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավոր չէ անհապաղ եւ անվերապահորեն իրականացնել, պարոն Սիմոնյանցը գտնում է, որ «մթնոլորտ է ստեղծվում, կանխվում են անցանկալի շարունակությունները»։ Եվ արձանագրում է՝ «Հուրախություն հասարակության, առաջին հանդիպումը շոու չէր, այլ բավականին հաջողված։ Դեռ չենք հասել ցանկալի մակարդակին, բայց հիմքը դրված է, երկխոսությունը ոչ թե հնարավոր է, այլ փաստ է»։ Ջենթլմենական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ ոչ ոք իրավունք չունի ուժով փոխարինել բանակցային հնարավորությունը, զինված, ծեծող-ջարդող խմբեր օգտագործել, սահմանափակել մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, ձերբակալվածներին ազատ արձակել եւ կանխել հետագա ձերբակալությունները, իսկ ոստիկանները օրենքի շրջանակներից չպետք է դուրս գան։ «Առավոտի» հարցին՝ «արդյո՞ք ՀՀ նախագահը կկիսի կոալիցիոն ուժերի ստանձնած պարտավորությունը», պատասխանը եղավ. «Յուրաքանչյուրը պարտավորվել է այն, ինչն ինքը կարող է։ Եթե կան հարցեր, որոնք դուրս են կոալիցիայի իրավասության շրջանակներից՝ նրանք պետք է ջանք, ուժ, ժամանակ գործադրեն եւ հասնեն համապատասխան ատյանին, որտեղ այդ հարցը կարող է լուծվել։ Համենայնդեպս, այդպես ենք պայմանավորվել»։

Իսկ քանի որ ֆորումի առջեւ բազմաթիվ բարդություններ են դրվել, արդյո՞ք այս երկխոսությունն իմիտացիա չէր, նամանավանդ, որ այդ ձեւաչափից դուրս ՀՅԴ-ն նույն օրը փորձում էր քոչարյանամետ մտավորականների միջոցով իր խնդիրներն առաջ տանել։ Պարոն Սիմոնյանցն այս առիթով պարզաբանեց. «Մեր հանդիպումն իմիտացիա չէր, քանզի հավաքվել էին մարդիկ, ովքեր նույնչափ մտահոգված էին եւ մտածում էին միայն ժողովրդի, պետության եւ պետության շահի մասին՝ թողնելով կուսակցական ամբիցիաները»։ Իսկ մյուս մտավորականների մտահոգությունների եւ առաջարկների առիթով նկատեց. «Այս ֆորումը նպատակ ունի մտավորականներին հավաքել, այն բաց է, որին ցանկացած մարդ կամ խումբ կարող է միանալ։ Մենք նաեւ խնդիր չենք դրել՝ երկխոսություն իրականացնելու նախաձեռնությունը միայն մերը պետք է լինի։ Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, բացառությամբ իմիտացիայից, որը նույնպես տեղ է գտել մեր իրականության մեջ։ Բայց «իմիտացիոն» նախաձեռնությունները չեն կարող արդյունավետ լինել»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել