Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՄԽՐՃՎԵՑ

Ապրիլ 10,2004 00:00

ԻՆՉՊԵՍ ՄԽՐՃՎԵՑ

Ընդդիմության հաշվին կարիերիայի միավորներ հավաքող Առաջադիմական
կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը երեկ հայտնվել էր «Արդարության»
եւ «Ազգային միաբանության» կազմակերպած հանդիպման վայրում, ու փորձում էր,
իր իսկ ասուլիսային խոստման համաձայն՝ «բացատրական աշխատանք» տանել, ակնկալելով,
թե մարդիկ կլքեն Ազատության հրապարակը: Թե ինչպես էր նա իրականացնում այդ
առաքելությունը՝ պարզ էր անզեն աչքով էլ. մարդիկ իրենք էին այդ երիտասարդի
հետ բացատրական աշխատանք տանում, ասում, թե ինչ է կատարվում երկրում, ինչ
վիճակում են մանկավարժները եւ այլն:
«Բացատրական աշխատանքս այսպես է ընթանում՝ կանգնած են երկու կին, մեկը բողոքում է, թե ոչինչ չի փոխվի, մյուսն ասում է, թե դուք եկել եք մեզ սովորեցնելո՞ւ»,- «Առավոտին» պատմեց Տիգրան Ուրիխանյանը: Հետաքրքրվեցինք, թե հաջողե՞լ է որեւէ մեկին համոզել, որ հեռանան հրապարակից: «Ո՛չ, ո՜չ, հեռանալու մասին չի խոսքը,- պատասխանեց նա:- Խոսքն այն մասին է, որ պետք է ելք գտնել, խոսել ըստ էության: Կողմ ենք փոփոխության, սակայն եթե մեկին փոխենք մյուսով ի՞նչ կստացվի արդյունքում: Մեկը թող իմ այս հարցին պատասխանի՝ ես բոլորի առջեւ ներողություն կխնդրեմ ու կկանգնեմ իրենց կողքին»: Ուրիշի հանդիպման ժամանակ «հակադիր կարծիքներ արտահայտելու» փոխարեն՝ առաջարկեցինք, որ ինքը հանրահավաք հրավիրի, եւ քարոզի այդ գաղափարները: «Կաշխատենք»,- խոստացավ պրն Ուրիխանյանը:

Ի դեպ, որքան հասցրեցինք նկատել՝ նա գրեթե մենակ էր, կողքին երեւաց միայն ՀԺԿ-ից հեռացված պարոն Սարգիսը: Մինչդեռ նախօրոք առաջադեմ երիտասարդները հույս էին հայտնել, թե հանրահավաքը կանոնակարգելու համար իրենց շուրջը կհավաքվի 5-6 հազար մարդ, տեղիք տալով եզրակացությունների, որ ՀԱԿ-ի քողածածկույթի ներքո էլի գրոհայինների խումբ է «մխրճվելու» հանդիպման եկածների շարքերը եւ սադրանքներ ձեռնարկելու: «Դուք տեսնո՞ւմ եք այստեղ սադրանք»,- ասաց պրն Ուրիխանյանը: Իսկ «ո՞ւր են 5-6 հազարը» հարցին էլ պատասխանեց. «Ես թիվ չեմ նշել»: Ավարտվեց այս ամենը նրանով, որ կանանցից մեկը սկսեց աղաղակել. «Հեռացիր այստեղից՝ ժամանակակից կոմսոմոլ»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել