Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական արձագանքներ

Ապրիլ 10,2004 00:00

Ադրբեջանական արձագանքներ

«Ղարաբաղյան կլանի գլխին կանգնած Քոչարյանը կորցնում է իշխանությունը,
Հայաստանի ընդդիմությունը մեծացնում է ճնշումը»,- գրում է Բաքվի «Զերկալո»
թերթը, եւ սա Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ադրբեջանական
ԶԼՄ-ների միակ անդրադարձը չէ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, «525» թերթի մեկնաբանությամբ
հնարավոր իրադարձությունները հազիվ թե կարելի է որակել որպես «թավշյա», հաշվի
առնելով իշխանությունների կոպիտ վարքագիծը: «Սակայն Քոչարյանն առայժմ վերահսկում
է իրավիճակը եւ ավելի լավ՝ քան այդ բանն անում էր Շեւարդնաձեն»,- գրում է
թերթը: «525»-ը համոզված է, որ Հայաստանի իշխանություններին այս պարագայում
աջակցում է Ռուսաստանը, եւ, մասնավորաբար, դրա վկայությունն է ՀԱՊԿ ղեկավար
Բորդյուժայի Երեւան կատարած այցը:
Ադրբեջանցի վերլուծաբան Մուբարիս Ահմեդօղլուն «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանն ասել է, թե Հայաստանում իշխանափոխություն ակնկալելու որոշակի հիմքեր կան, եւ այդ գործընթացը սկսվել է դեռեւս ընտրություններից հետո: Փորձագետը նաեւ նշել է, թե Հայաստանի ընդդիմությունը լավ դասեր է քաղել Վրաստանի ընդդիմությունից եւ փորձում է նույն սցենարը կիրառել նաեւ Հայաստանում: Ահմեդօղլուն եզրակացրել է, թե ավանդաբար ռուսամետ Հայաստանում իշխանափոխության՝ հաջողությամբ պսակվելու դեպքում, տարածաշրջանում անպայման կուժեղանա արեւմտյան ազդեցությունը: Եվ քանի որ Արեւմուտքը շահագրգռված է Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, ապա դրա համար լավ հեռանկարներ կբացվեն:

Ադրբեջանցի մեկ այլ հայտնի վերլուծաբանի՝ Խալեդին Իբրահիմլիի կարծիքով նույնպես, հայկական ընդդիմության հետագա կոնսոլիդացման պարագայում, իշխանափոխությունը միանգամայն հնարավոր է: Այս փորձագետը եւս կարծում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ընդգծված ռուսամետ է, ինչը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանային ընդհանուր զարգացման համար:

Վերջապես՝ մի գրեթե անհավատալի փաստ, որի վերաբերյալ երեկ լրատվություն է տարածվել Ադրբեջանի բոլոր լրատվամիջոցներով: Ադրբեջանական ANS հեռուստաընկերության եթերում երեկ երկու նախկինում ադրբեջանաբնակ հայեր՝ Արթուր Ապրեսյանն ու Ռոման Տերյանը հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք նշել են, թե Ադրբեջան մուտք գործելու ծայրահեղ քայլին են գնացել անելանելիությունից դրդված: Հայաստանում փախստականի կարգավիճակով ապրած վերջին տարիներին նրանք քանիցս փորձել են մեկնել երրորդ երկրներ, բայց չեն հաջողել: Փախստական հայերը ANS-ի եթերից միջազգային հանրությանն ու Հայաստանի իշխանություններին կոչ են արել լուծել Ղարաբաղի հարցը եւ զբաղվել սոցիալական խնդիրներով: Վերջիններս նաեւ նշել են, թե մտահոգված են Հայաստանում մնացած իրենց երեխաների եւ հարազատների ճակատագրով:

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի,պատրաստեց
Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել