Շուկայի ամենաթարմ շարժը «Աստղացոլքն» այլեւս չկա. գործարար Սամվել Ալեքսանյանի հնարքը Գործարար Սամվել Ալեքսանյանը բիզնեսի տեսակետից հնարամիտ քայլ է արել: Մեր տվյալներով, մեկ-երկու ամիս է, նա փոխել է իրեն պատկանող «Աստղացոլք» ընկերության անունը: Հարկային ծառայության մեր աղբյուրը հաստատեց դա: Այսինքն 1-2 ամիս է, ինչ այդ ընկերությունն այլեւս գոյություն չունի: Չնայած Հայաստանի տնտեսությունում «Աստղացոլքի» բուռն մասնակցությանը, այդ փոփոխությունն աննկատ է մնացել: Եվ այդտեղ ռեբուս չկա. մեր աղբյուրի տվյալներով, դա պարտադրաբար չի տեղի ունեցել, սեփականության ձեւի, չափի, ունեցվածքի, սեփականատիրոջ փոփոխություն չի եղել: Պարզապես պարոն Ալեքսանյանը «Աստղացոլքը» լուծարել է, պետության (հարկային, մաքսային մարմինների) հետ «փակելով իր հաշիվները»: Սա նրա կողմից նման երրորդ դեպքն է։ Ընդ որում, մեր աղբյուրի տվյալներով, սրանով գործարարը չի խախտել որեւէ օրենք, անգամ բիզնես էթիկայի որեւէ նորմ, չի վնասել իր գործընկերներին: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ապահովված, իշխանությունների համակրանքը վայելող խոշոր գործարարը ինչու է գնացել այդ քայլին: Ընդ որում, լավատեղյակները նշում են, որ սա առաջին դեպքը չէ, որ Սամվել Ալեքսանյանը նման փոփոխություն է արել: Վերլուծաբանները Հայաստանում չեն հիշում այդ մասշտաբի որեւէ այլ գործարարի, որը նման հնարք կիրառած լինի: Մյուս խոշոր գործարարները, ըստ էության, չէին էլ կարող այդպես վարվել, որովհետեւ իմաստ չկա նրանց դեպքում: Պարոն Ալեքսանյանի բիզնեսը, ասենք, Գագիկ Ծառուկյանի բիզնեսից տարբերվում է նրանով, որ վերջինս (Գ. Ծառուկյանը) իր բիզնեսը կազմակերպում եւ կառավարում է ոչ մեկ ընկերության կողմից, ինչպես Սամվել Ալեքսանյանը, այլ գործունեության յուրաքանչյուր տեսակով առանձին սուբյեկտ (ընկերություն) է զբաղվում: Այսինքն, Սամվել Ալեքսանյանի դեպքում իր բիզնեսի որեւէ օղակ վատթարանալու, սնանկանալու դեպքում, նայած ծավալների եւ մասշտաբի, իր ետեւից կարող է տանել մնացած օղակները եւս: Եվ մասնագետների վերլուծությամբ, հնարավոր է Ս. Ալեքսանյանն այս քայլին գնացել է նման տհաճ հեռանկարից խուսափելու համար, ինչը չափազանց խելամիտ եւ պատճառաբանված քայլ է բիզնեսի կառավարման տեսանկյունից: Սակայն վերլուծաբանները հակված են սա դիտարկել նաեւ լարված քաղաքական իրավիճակի համատեքստում: Այսինքն, իշխանությունը փոխվելու պարագայում գործարարն այս հնարքի շնորհիվ գոնե իրավական առումով կարող է խուսափել հաշվեհարդարից: Ամեն դեպքում, վերլուծաբանների գնահատմամբ, սա լուրջ եւ սոլիդ գործարարի պահվածք չէ եւ այս քայլը դեռեւս ուսումնասիրության կարիք ունի. հավանական է, որ սույնով գործարարը ինչ172որ «պոչեր» է մաքրում։ ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ