Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՎԵՐ ՉԻ ԵՂԵԼ

Ապրիլ 09,2004 00:00

ՀՐԱՎԵՐ ՉԻ ԵՂԵԼ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել էր ընդդիմության հետ կոնսուլտացիաներ սկսելու մասին։ Երեկ տեղեկացանք, որ պրն Բաղդասարյանի հետ հանդիպել են Վիկտոր Դալլաքյանը (ապրիլի 7-ին), նաեւ «ԱՄ»-ից՝ Ալեքսան Կարապետյանը եւ Արտաշես Գեղամյանը։ Վերջինս ասաց, որ այդ հանդիպման ընթացքում վերահաստատվել է, որ ընդդիմությունը պատրաստ է երկխոսության՝ «անցնցում իշխանափոխություն իրականացնելու հարցում, մասնավորապես՝ հանրաքվեի անցկացման ժամկետը նշանակելու հարցում, ինչը չի ընդունվում Արթուր Բաղդասարյանի կողմից»։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ երկխոսության հնարավորություն միշտ էլ եղել է, եւ թեման «Հանրաքվեի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելը պիտի լինի. «սակայն ի՞նչ է կատարվում այսօր, մի կողմից քաղաքական ուժերը կոչ են անում երկխոսության, մյուս կողմից վարչախումբը ուժային կառույցների միջոցով փորձում է ահաբեկել ընդդիմության ակտիվիստներին եւ ժողովրդին, որպեսզի կոտրի ժողովրդական շարժման ալիքը»։ Արամ Սարգսյանը ողջունեց ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի կողմից արված երկխոսության առաջարկները, ասելով, թե դա ցույց է տալիս, որ այդ կուսակցությունները մտահոգված են երկրի ապագայով, փորձում են ելքեր գտնել. «իսկ մնացածի մասին՝ կոնկրետ որեւէ առաջարկություն չի եղել։ Նախ՝ լավ կլինի իրենք ճշտեն Ռ. Քոչարյանի հետ՝ իրավունք ունե՞ն առաջարկություններ անել, թե՞ ոչ, հետո միայն խոսեն մեզ հետ»։ Ալբերտ Բազեյանն իր հերթին հաստատեց, որ կոալիցիոն երեք կուսակցությունները միասնական չեն իրենց մոտեցումներում. «պաշտոնական երկխոսության հրավեր չի եղել։ Երբ որ կլինի նման հրավեր, մենք կքննարկենք այդ հարցը»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել