ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայրենակիցներ, Հայաստանի ներկա իշխանություններն իրենց անօրինական գործողություններով երկիրը կանգնեցրել են քաղաքական փակուղու առջեւ: Իրավապահ մարմինների` իբր սահմանադրական կարգը պահպանելուն միտված հակասահմանադրական գործողություններն ուղղակի ապտակ են մեր երկրի ժողովրդավարությանը, հեղինակությանն ու արժանապատվությանը: Շինծու, անհիմն մեղադրանքներով ձերբակալվում են խաղաղ հանրահավաքների մասնակցող մեր քաղաքացիները: Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների ներկայությամբ ծեծուջարդի են ենթարկվում լրագրողները: Քաղաքական հայացքների համար քրեական պատասխանատվության են ենթարկվում քաղաքական գործիչները: Բանը հասել է նրան, որ գլխավոր դատախազությունը բերման է ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին: Այս ամենը հատուկ են միմիայն բռնակալական երկրներին, բայց ոչ երբեք Եվրախորհրդի անդամ Հայաստանի Հանրապետությանը: Իշխանություններն այլեւս սպառել են իրենց: Երկրում մեծ դժվարությամբ ձեռք բերված ժողովրդավարական արժեքները վերջին օրերի իրադարձությունների պատճառով վտանգվել են, եւ Հայաստանը սկսել է վերածվել ոստիկանական երկրի: Փաստորեն, 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների բաց էջը իշխանությունները փորձում են փակել բռնություններով, վախի մթնոլորտի հաստատմամբ, մարդու իրավունքների բացարձակ ոտնահարումներով: Իշխանությունները պարտավոր են գոնե այսօր սթափվել ու դադարեցնել սեփական ժողովրդի դեմ բռնությունները, վերադառնալ օրինականության եւ սահմանադրական դաշտ: Այլապես հետագա գործողությունների անկանխատեսելի հետեւանքների համար պատասխանատվություն կկրեն միմիայն իրենք: Դիմելով ժողովրդին, հորդորում ենք լինել զգոն, երբեք չտրվել իշխանությունների սադրանքներին: Խաղաղ հանրահավաքներով իշխանափոխության հասնելը մեր ժողովրդի սահմանադրական իրավունքն է եւ ոչ ոք չի կարող նրան զրկել այդ իրավունքից: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ