«ԱԲԼԱՎ-ԱԲԼԱՎ»՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Հետապնդվում են տուժողները Երեկ ՀԺԿ գրասենյակից տեղեկացանք, որ Արտաշատի ոստիկանության 7 աշխատակիցներ նույն օրն առավոտյան ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր, ՀԺԿ Արտաշատի կառույցի ղեկավար Արամայիս Բարսեղյանին: Վերջինս ընդամենը մի քանի օր առաջ դաժանաբար ծեծի էր ենթարկվել 4 անհայտ անձանց կողմից: Երեկ ՀԺԿ Վանաձորի կառույցի քարտուղար Ֆրունզիկ Թադեւոսյանն է դուրս եկել գրասենյակից եւ մինչեւ ուշ երեկո նրա գնտվելու վայրը չգիտեին ոչ նրա հարազատները, ոչ ՀԺԿ գրասենյակում: Միաժամանակ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, ըստ էության, «Արդարություն» դաշինքի եւ նրա համակիրների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում դատախազությունը որպես վկաների ծանուցագիր է ուղարկել ԱԺ «Արդարություն» դաշինքի պատգամավորներ Արամ Զ. Սարգսյանին, Ստեփան Դեմիրճյանին, Ալբերտ Բազեյանին, Գրիգոր Հարությունյանին եւ խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանին: Վերջինս երեկ ժ.8:50-ին հրավիրվել էր ՀՀ ոստիկանության Երեւանի քննչական վարչություն, որպես տուժող, իր վրա կատարված հարձակման դատաբժշկական փորձաքննության արձանագրությանը ծանոթանալու համար: Բայց արդեն հետո, հենց վարչությունում պարզվել էր, որ նրա հետ էլի մարդիկ կան, որ ցանկանում են զրուցել. նախ՝ քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը, հետո Երեւան քաղաքի դատախազը: «Մինչ այդ, արդեն ժ. 10-ին ՀՀ Գլխավոր դատախազությունից ես ստացել էի վկայի ծանուցում, որով ինձ հրավիրում էին դատախազություն՝ «Արդարություն» դաշինքի եւ նրա համակիրների նկատմամբ հարուցված հայտնի քրգործի շրջանակներում հարցաքննության, թեեւ ծանուցման մեջ դա գրված էլ չէր: Ես ասացի, որ այդ ժամին հանդիպման պայմանավորվածություն ունեմ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ եւ չեմ կարող ներկայանալ»,- «Առավոտին» պատմեց պրն Դալլաքյանը: Նրա ասելով, ՀԿԳ քննիչ Բագրատ Պետրոսյանը չէր առարկել եւ կողմերը համաձայնության էին եկել, լրացուցիչ պայմանավորվածություն ձեռք բերել շաբաթ կամ երկուշաբթի օրը հանդիպելու համար: Ու մինչ Վ.Դալլաքյանը վարչության քննիչի մոտ սպասել է քաղաքի դատախազի ժամանմանը, աշխատասենյակ են մտել 3 հոգի եւ քննիչին են ներկայացրել Վ.Դալլաքյանին ՀՀ Գլխավոր դատախազության կողմից բերման ենթարկելու համապատասխան փաստաթուղթ: «Ինձ տարան ՀՀ գլխավոր դատախազություն եւ ժ. 11-ից մինչեւ 18:30-ը հարցաքննում էին»,- պատմեց ԱԺ պատգամավորը: Իսկ հարցերը վերաբերել են դաշինքի ծրագրերին, սահմանադրական կարգը բռնի տապալելուն եւ այլնին: «Ուզում էին պարզաբանել, թե իմ արած արտահայտությունը՝ «Հայաստանում իշխանությունը բռնազավթված է», ի՞նչ հիմքով եմ ասում, «սահմանադրական կարգը մենք պետք է վերականգնենք»՝ ի՞նչ ձեւով եւ այլն: Մի խոսքով տեսական բնույթի հարցեր: Ժ.18-ի սահմաններում դատախազություն եկավ ՀՀ-ում ԵԱՀԿ դեսպան Վլ.Պրյախինը, ՀՀ գլխավոր դատախազն ու վարչության պետը՝ Անդրանիկ Միրզոյանը: Պրյախինը նախ հետաքրքրվեց, թե ինձ հետ ինչպես են վարվել, հետո դիմելով ՀՀ Գլխավոր դատախազին ասաց, թե հույս ունի, որ այսօր երեկոյան պարոն Դալլաքյանը տանը կլինի»,- տեղեկացրեց «Արդարություն» դաշինքի քարտուղարը: Նրան ազատ են արձակել երեկ ժ.18:30-ի կողմերը, բայց այսօր կրկին հրավիրել են դատախազություն՝ խոստում տալով, որ հարցաքննության շարունակությունը կտեւի ընդամենը 1 ժամ: Մինչ այդ ՀՀ Գլխավոր դատախազության դիմաց մի քանի տասնյակ մարդ պիկետ էր կազմակերպել՝ պահանջելով ազատ արձակել պատգամավորին: Երեկ տեղեկություններ ստացվեցին նաեւ, թե ԱԺ «Արդարություն» եւ «ԱՄ» պատգամավորների հրավիրած ասուլիսի ընթացքում ԱԺ-ն շրջապատել են մի քանի տասնյակ ավտոմատավոր ոստիկաններ՝ ըստ ամենայնի, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանին ձերբակալելու նպատակով: Բայց քանի որ Ա.Բազեյանին, այդուհանդերձ, հաջողվել էր անարգել դուրս գալ ԱԺ վարչական շենքից, ոստիկանության օպերատիվ մի քանի խմբեր հսկողություն էին սահմանել կուսակցության գրասենյակի վրա՝ «դարանակալելով» գրասենյակ տանող բոլոր հնարավոր ճանապարհները: Ոստիկաններով լցված մի քանի ավտոմեքենաներ ժամեր շարունակ, իրար փոխարինելով հսկում էին այդ տարածքը: Ի դեպ, երբ լրագրողների լուսանկարչական ապարատներն էին սկսում աշխատել, այդ մեքենաների մեջ նստածները կամ ձեռքով փակում էին իրենց դեմքերը, կամ՝ պարզապես հենց մեքենայով «փախուստի» դիմում: Իսկ ոստիկանության օպերատիվ աշխատողները, որոնց դեմքերն արդեն ծանոթ էին մինչ այդ անցկացված ձերբակալություններից եւ խուզարկություններից, լավ տեղավորվել էին կուսակցության գրասենյակին դեմ-դիմաց գտնվող «Կազիրոկ» բացօթյա սրճարանում: Նրանք առանձնապես չէին էլ հերքում, թե եկել են Ա. Բազեյանի ետեւից. «Բա որ գիտեք, ինչի՞ եք հարցնում»,- ի պատասխան «Առավոտի» հարցադրման՝ ասաց քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկը: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ պատգամավորների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգություններին ԱԺ-ում տեղյակ չէին, թեեւ գործող օրենսդրությամբ, ԱԺ պատգամավորին, ինչպես նաեւ ՀՀ նախագահին կարող են 72 ժամով ձերբակալել, բայց անպայմանորեն նախ՝ ձերբակալության համար լուրջ հիմքերի առկայության դեպքում, երկրորդ՝ պատգամավորին ձերբակալելիս, ԱԺ նախագահին անհապաղ պետք է տեղյակ պահելուց հետո: Իսկ այն ժամանակ, երբ ոստիկանությունը հանիրավի բերման էր ենթարկել Վ. Դալլաքյանին կամ՝ «օպերատիվնիկներն» էին փորձում ձերբակալել Ա. Բազեյանին՝ ԱԺ նախագահը տեղյակ չէր: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ