Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»

Ապրիլ 09,2004 00:00

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ» Այսօրվանից սկսվում են ընդդիմության «դինամիկ գործընթացները» «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները երեկ ԱԺ-ում հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ հրապարակեցին իրենց համատեղ հայտարարությունը։ Նրանում մասնավորապես նշվում է, որ 2003-ի նախագահական ընտրություններից հետո ՍԴ-ի ընդունած որոշումը՝ «Հանրաքվեի մասին» օրենքը երկրի Սահմանադրությանը համապատասխանեցնելու եւ վստահության հանրաքվե անցկացնելու մասին, հնարավորություն էր Ռ. Քոչարյանի համար՝ հեռանալ առանց երկիրը ներքաղաքական ճգնաժամի մեջ ներքաշելու. «Իր ապօրինի իշխանությունը երկարաձգելու նպատակով Ռ. Քոչարյանը կրկին դիմում է սադրանքների, ապօրինությունների եւ բռնությունների՝ բացահայտորեն հակադրվելով Հայաստանի քաղաքացիների եւ եվրոպական կառույցների արժեքային համակարգին։ Ազատ խոսքը եւ իրեն չընտրած ժողովուրդը Ռ. Քոչարյանի համար դարձել են թիվ մեկ թշնամի։ Զանգվածային միջոցառումներն արգելելով, լրագրողների հանդեպ բռնություններ կիրառելով՝ տեսախցիկներ ջարդելով եւ մարդկանց ապօրինաբար ազատությունից զրկելով, վարչախումբն ընդամենն ապացուցում է իր ոչ լեգիտիմ եւ սնանկ լինելը»։ Հայտարարությունն ընթերցող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Ալբերտ Բազեյանը եզրափակեց, ասելով, որ այլեւս որեւէ բռնություն «չի կարող կանխել Հայաստանում օրինական իշխանության ձեւավորմանն ուղղված համաժողովրդական պայքարի ալիքը, որը թափ է առնելու ապրիլի 9-ին Երեւանում կայանալիք հանրահավաքի ժամանակ»։ Հայտարարության հրապարակումից հետո ընդդիմության առաջնորդները՝ Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը, Ալբերտ Բազեյանը եւ Արտաշես Գեղամյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշեց. «Այսօր շատ է խոսվում պատասխանատվության մասին, ընդդիմությունը հստակ գիտակցում է իր պատասխանատվությունը եւ հենց այդ գիտակցումն է մինչեւ օրս երկիրը զերծ պահել ցնցումներից»։ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը նշեց, որ երկրում անիշխանության եւ անկառավարելիության մթնոլորտ է եւ տագնապահարույց է, որ «իրական իշխող ուժը ՀՀ մայրաքաղաք Երեւանում՝ քրեածին տարրերն են։ Ավելին, ոստիկաններին կարծես թե պատանդ էին կանգնեցրել այնտեղ (խոսքը երկուշաբթի «Նաիրիի» մոտ տեղի ունեցած հանդիպման մասին է- Մ. Ե.)»։ «Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը պատգամավոր դառնալուց հետո առաջին անգամն էր խորհրդարանում (նա խոստացել էր ԱԺ մտնել այն օրը, երբ կսկսվի իշխանափոխության գործընթացը), դիմելով հեռուստաընկերություններին, ասաց. «Հասկանում եմ, իշխանությունները վախեցնում են ձեզ՝ հեռուստաընկերությունների ղեկավարներին։ Բայց հավատացեք, որ իշխանափոխությունն այլընտրանք չունի։ Գործընթացն սկսված է, ժողովուրդն իր որոշումը կայացրել է։ Ժողովրդի որոշումը իրականություն է դառնալու։ Այսօր բարեբախտաբար ընդդիմությունը միասնական է, կուռ է եւ ամուր»։ Արամ Սարգսյանն ասաց, թե ժողովրդի մասնակցությունից է կախված Ռ. Քոչարյանի եւ իր շրջապատի հանգիստ, հրաժարական տալով հեռացումը։ Իշխանությունների կողմից իրականացվող քայլերը՝ բռնություններ, ճանապարհների փակում, ձերբակալություններ եւ այլն, մեկ նպատակով են՝ վախի մթնոլորտ տարածել. «Իրենք իրականում քեզնից են վախենում, ժողովուրդ, որովհետեւ իշխանության իրական տերը դու ես, որովհետեւ դու պիտի որոշես երկրի ապագան»,- դիմելով ժողովրդին, ասաց Արամ Սարգսյանը։ Նա նաեւ հայտարարեց, թե Ռ. Քոչարյանը ճիշտ կանի, եթե ժողովրդին ու ընդդիմությանը շատ երկար նստեցնել ու սպասեցնել չտա, որովհետեւ «մենք հակված չենք նստելու, մենք դինամիկ գործընթացներ ենք սկսելու։ Եվ շատ ճիշտ կլինի հանրահավաքները սկսվելուց մեկ-երկու օր հետո տա իր հրաժարականը ժողովրդի ու Աստծո առաջ»։ Ալբերտ Բազեյանը պարզաբանեց, թե իրենք, ըստ գործող կարգի, այսօրվա հանրահավաքի մասին տեղյակ են պահել քաղաքապետարանին։ Քաղաքապետարանը պատասխանել է, թե նպատակահարմար չեն գտնում, իսկ ընդդիմությունը նպատակահարմար է տեսնում։ Իսկ եթե այսօր փակվի Ազատության հրապարակը, ասենք՝ փշալարերով (ի դեպ, ըստ միջազգային կոնվենցիայի, որը Հայաստանը վաղուց է ընդունել, խստիվ արգելվում է հանրահավաքներն ու երթերը խափանել փշալարերի օգնությամբ- Մ. Ե.), որտե՞ղ է լինելու հանրահավաքը։ Այս հարցին պատասխանելով, Արամ Սարգսյանն ասաց, որ նաեւ նման սցենար են կանխատեսել, սակայն իրենք Երեւանի փողոցները շատ ավելի լավ են ճանաչում, քան այսօրվա իշխանությունները։ Թեպետ Ստեփան Դեմիրճյանը խորհուրդ տվեց իրադարձություններից առաջ չընկնել եւ խոստացավ, թե իրենք ամեն ինչ անելու են, որ գործընթացը լինի խաղաղ, այնուամենայնիվ, «Առավոտին» հետաքրքրում էր՝ եթե երեկվա դրությամբ եւ այսօր մինչեւ օրվա կես ձերբակալվեն ընդդիմության առաջնորդները, ո՞վ է ղեկավարելու համաժողովրդական շարժումը եւ այս պարագայում չի՞ առաջանա քաոս։ Ալբերտ Բազեյանը լավատես էր եւ ասաց, թե իրենց ռեզերվներն անսպառ են։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել