Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՈԹԱՆՋՅԱՆՆ ԻՐԵՆ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ

Ապրիլ 09,2004 00:00

Ընդամենը 15 օր առաջ, Ուկրաինայում, տեղական արտադրության «Ռոքսալանա» ֆիլմի շնորհանդեսն էր, որին հրավիրված էր գլխավոր դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» շքանշանակիր Ռաֆայել Քոթանջյանը։

Դերասանի պարգեւները ավելացան եւս մեկով՝ Ուկրաինայի Հանրապետության «Հավատարմության եւ պատվո նշան» շքանշանով։

Ռ. Քոթանջյանի կարծիքով, թեեւ մեդալների ու շքանշանների, կոչումների անհրաժեշտությունը ինքը տեսնում է, այնուամենայնիվ, յուրաքանչյուր արվեստագետի համար ամենաբարձր կոչումը ժողովրդի սերն ու համակրանքն է։ Այդուհանդերձ, դերասանի խոսքերով, պարգեւների առատությունից ինքը երբեք գլխապտույտի մեջ չի ընկել։ Սակայն գլխապտույտ է ապրում չկամությունից, ու գտնում է, որ «կամեցողությունից, բարությունից, ի վերջո՝ «այո»-ից լավ բան է ծնվում»։ Նա հիշեց տարիներ առաջ, երբ ամսվա մեջ զբաղված էր 35-40 ներկայացումներում (հեռուստառադիոթատրոն, դրամատիկական թատրոն, կինո): Հեռուստառադիոպետկոմի ղեկավարությունը բազմաթիվ նամակներ էր ստանում մի խումբ դերասանների ստորագրությամբ, թե «ինչո՞ւ միայն Քոթանջյանը»։

«Դուք՝ հայերդ, ունեցածի վրա դողալ չգիտեք ու երբեք չեք էլ իմացել»,- մեջբերեց դերասանը իր մարմնավորած Օուզ Բեյի (եղեռնի կազմակերպիչներից մեկի) խոսքերից (Պ. Զեյթունցյան՝ «Մեծ լռություն»), որն ապացույցն է այսօր էլ արվեստագետի հանդեպ ոչ լիարժեք վերաբերմունքի։ Թեեւ Ռաֆայել Քոթանջյանը իր կոլեգաներից շատերի նման չտրտնջաց ֆինանսից, այդուհանդերձ հարկ համարեց պատմել մի անեկդոտ. «Մեկը մեկին հարցնում է՝ ինչո՞ւ է տրամադրությունդ վատ։ Դիմացինը պատասխանում է, թե հազար ու մի պատճառ կա դրա համար։ Հարց տվողն ասում է՝ հազարը մի ասա, մեկն ասա։ Պարզվում է՝ մեկի ու հազարի պատճառը նույնն է՝ ֆինանսը»։ Անեկդոտին հետեւեց «Ռոքսալանա» ֆիլմի հերոսուհի, դերասանուհի Օլգա Սումսկայայի մասին պատմող մի իրական դիպված։ Ըստ Ռ. Քոթանջյանի, դերասանուհին այս դերակատարումից հետո իր պետությունից՝ Ուկրաինայից ստացել է, «բառիս բուն իմաստով, ամեն ինչ՝ կահավորված բնակարան, ավտոմեքենա, գումարած եւայլն»։ «Առավոտի» հարցին՝ «Ստացվում է՝ այսօր մեզ չե՞ն փրկի վերանորոգված թատրոնները՝ իրենց շնորհալի դերասաններով, եթե չլինի պատշաճ ֆինանսավորում» Ռ. Քոթանջյանը պատասխանեց. «Չգիտեմ ով ինչպես, ես առաջին հերթին կարեւորում եմ դերասանի վարպետությունը։ Եթե կուզեք իմանալ, ո՛չ Վահրամ Փափազյանը, ո՛չ Հրաչյա Ներսիսյանը, ո՛չ Ֆրունզիկ Մկրտչյանը եւ մեր մյուս հանճարները, միլիոնատեր չէին։ Սակայն ես ինձ համարում եմ միլիոնատեր, որովհետեւ այն «միլիոնների» ժառանգորդն եմ, որ նրանք թողել են թատերարվեստում»։

Ռ. Քոթանջյանը մի ուրախալի լուր հայտնեց. «Կանդրադառնանք 1975թ. հեռուստաթատրոնում բեմադրված, ժամանակին աղմուկ (լավ իմաստով) հանած Իսիդոր Շտոկի «Սատանայի ջրաղացը» (երաժշտությունը՝ Ռ. Հախվերդյանի) պիեսին (գլխավոր դերում՝ Ռ. Քոթանջյան), հնարավորության դեպքում այն կէկրանավորվի»։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել