ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի հաղորդման համաձայն, նրա ղեկավար՝ դեսպան Վլադիմիր Պրյախինը դատապարտել է ապրիլի 5-ին Երեւանում տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքի ընթացքում լրագրողների վրա կատարված հարձակումը:
«Ցանկացած բռնություն լրագրողների հանդեպ պետք է դատապարտվի, նման արարքի կազմակերպիչները պատժվեն եւ քրեական գործ հարուցվի իրականացնողների դեմ», նշել է դեսպան Պրյախինը «Ազատություն» ռադիոկայանին եւ «Առավոտ» օրաթերթին տված հարցազրույցներում: «Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն իրենց խոստումները՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել այս արարքի վերաբերյալ»: Դեսպան Վլադիմիր Պրյախինը նաեւ լուրջ մտահոգություն հայտնեց Սուրեն Սուրենյանցի՝ Հանրապետական կուսակցության ղեկավարներից մեկի եւ կուսակցության թերթի գլխավոր խմբագրի, ընդդիմության հանրահավաքին նախորդող գիշերը ձերբակալման կապակցությամբ: «ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը ուշադիր հետեւելու է այս դեպքի վերաբերյալ հետագա զարգացումներին»,- նշել է դեսպան Պրյախինը:
ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանը, հանդիպելով օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի հետ, ասաց. «Չպետք է մոռանալ, որ պետությունն ունի նաեւ հարկադրանքի գործառույթներ, որոնց կիրառումը սահմանված է օրենքով, եւ ուղղված են երկրում օրինականության հաստատմանը։ Մարդկանց մի խումբ, օգտվելով իրենց առանձին իրավունքներից, չպետք է խախտեն օրենքն ընդհանրապես եւ հանրահավաքներում հանդես գան իշխանությունը բռնությամբ տապալելու, երկրի սահմանադրական կարգը փոխելու հրապարակային կոչերով, իշխանության ներկայացուցիչներին վիրավորելով»։
Պրն Հովսեփյանը, ապրիլի 5-ին մայրաքաղաքում կայացած հանրահավաքի
ժամանակ լրագրողների դեմ կիրառվածը որակեց որպես ոտնձգություն եւ նշեց, որ
այդ արարքները կատարած անձինք կպարզվեն եւ կենթարկվեն պատասխանատվության՝
օրենքով սահմանված կարգով։