«Չեզոք» քաղաքական ուժերը գնահատում են իրավիճակը
Երեկ ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանից փորձեցինք ճշտել, թե առճակատման այս փուլում, երբ երկխոսության հնարավորությունները կարծես թե սպառվել են, ՔԴՄ-ն ինչպիսի կեցվածք է որդեգրելու։
Պարոն Հարությունյանը նկատեց, որ ժամանակին ինքը կանխատեսել էր առճակատումը, քանզի երկու կողմերն էլ ռուբիկոնն անցել են. «Լսելով հայտարարությունները, տեսնելով քայլերը, ի վերջո ճանաչելով՝ առճակատումն անխուսափելի է»։ Երկխոսության կորսված հնարավորությունների մեր դիտարկմանը պարոն Հարությունյանը չհամաձայնեց։ Սակայն, ըստ նրա, «նման իրավիճակներում կոմպրոմիսի գինն օրեցօր աճում է», հետեւաբար «մեծ ջանքեր են պահանջվում կոմպրոմիսի գնալու համար»։
Մեր զրուցակիցը կողմնակից է առանց նախապայմանների բանակցություններին, բայց որպեսզի հստակ հայտարարվի, թե ինչ է դրվում սեղանին։ Այլապես, «երկխոսությունն անիմաստ կդառնա»։ Իսկ ավելի հստակ՝ երկխոսության առարկան «քաղաքական հավակնությունները պետք է լինեն,- ասում է Խ. Հարությունյանը,- ընդդիմությունը պահանջում է ավելի մեծ ազդեցությունների հնարավորություն։ Դա՛ կարող է լինել կոմպրոմիսի առարկա։ Կողմերն իրար մոտենալու այլ ճանապարհ չունեն»։ Այդ կոնտեքստում նա մնում է իր տեսակետին, որ ընդդիմությունը պետք է ճանաչի նախագահի ընտրված լինելը, պահանջի, որ նա լուծարի ԱԺ-ն եւ երաշխավոր դառնա արդար ընտրությունների։ Որոնցում, ենթադրաբար, ընդդիմությունը կստանա ձայների մեծամասնությունը:
«Ոչ ոք իրավունք չունի երկիրը վտանգի ենթարկել։ Երկու կողմերն էլ սեփական ամբիցիաները չեն կարողանում հաղթահարել եւ լուրջ սխալներ են թույլ տալիս»,- երեկ մեզ հետ զրույցում այսպես արտահայտվեց «Արժանապատվություն» կուսակցությունը ներկայացնող Աշոտ Նիկողոսյանը։ Այս ամենով հանդերձ, «Արժանապատվությունը» երկխոսություն վարելու թեմա էլ չի տեսնում։ «Իսկ ի՞նչ պետք է անել» մեր հարցի պատասխանը եղավ. «Անհրաժեշտ են Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխություններ, որոնք երկրում համակարգային փոփոխությունների կհանգեցնեն»։
«Այս իրավիճակի պատասխանատուն ԱԺ-ն է՝ իր մեծամասնությամբ, եւ կոալիցիոն կառավարությունը»։ Երեկ մեզ հետ զրույցում նման կարծիք արտահայտեց «Հզոր Հայրենիք» կուսակցության կազմբաժնի վարիչ Շիրակ Թովմասյանը։ Ըստ նրա, ԱԺ-ն եւ կառավարությունն իրենց դերում չեն եղել՝ «նրանք պետք է սոցիալական լարվածության հարվածն իրենց վրա վերցնեին եւ աշխատեին մեղմել, բայց չարեցին»։ Այս զարգացումների շղթան, մեր զրուցակցի կարծիքով, չի շրջանցում նաեւ նախագահին, որովհետեւ, վերջինս «իր լծակներով պետք է հասներ նրան, որպեսզի ԱԺ-ն եւ կառավարությունը մատների արանքով չվերաբերվեին»։ Շ. Թովմասյանն անմասն չի թողնում նաեւ ընդդիմությանը, որի՝ «ծայրահեղականությունը» լրջագույնս վտանգում է Հայաստանի միջազգային վարկը։ Ստեղծված իրավիճակը, ըստ Շ. Թովմասյանի, ոչնչով չի տարբերվում 1920թ. մայիսյան դեպքերից, երբ բոլշեւիկները փորձում էին հեղաշրջում կատարել դաշնակցական Հայաստանում։ Հեղաշրջումը տապալվեց, իսկ ԱՄՆ-ն ու Անգլիան հրաժարվեցին մեր երկրին օգնության ձեռք մեկնել։
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե ընդդիմադիր դարձած ՀՌԱԿ-ն առճակատման այս փուլում որտե՞ղ է իրեն տեսնում. «Մենք էվոլյուցիոն զարգացման կողմնակից ենք, բացի այդ, ժողովրդին փողոց հանելու փորձ չունենք»,- ասաց նա։ Հարցին՝ «եթե ժողովուրդը դուրս գա փողոց, ո՞ւմ կողքին կկանգնեք», Հ. Առաքելյանը պատասխանեց. «Մենք չենք կարող մեզ ժողովրդից առանձնացնել։ Հենց մեր կարգախոսն է՝ «Ժողովրդից, ժողովրդով, ժողովրդի համար»։ Բայց ՀՌԱԿ ատենապետը նաեւ կարծում է, որ «իշխանությունը դեռ կարող է մաքրվել»։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ