Ասում
էին երեկ ՀՅԴ նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ժամանակ, որին մասնակցում
էին գերազանցապես Ռոբերտ Քոչարյանի կողմնակից մտավորականները: Հնչեցին բնավ
ոչ իշխանամետ մտքեր:
Հավաքի ընդհանուր ուղղվածությունը թերեւս նման հուն փոխադրեց Նորա Հակոբյանը, որը նախ ցավ հայտնեց, թե հնարավոր առճակատումից խուսափելուն ուղղված նման քննարկումներն արվում են միայն ծայրահեղ իրավիճակներում, երբ «վաղը պատերազմ է»: Նա իր պատասխանն առաջարկեց այն հարցին, թե ով էր մեղավոր, որ ընդդիմությունը դուրս եկավ փողոց: «Մեր ընտրությունների արդյունքները խեղված էին, եւ ընտրություններից դուրս չեկանք համոզված, թե տեղի ունեցավ մեծամասնության արդար, զուլալ ձեւավորում,- ասաց Նորա Հակոբյանը:- Այսուհանդերձ, ընդդիմությունն այդ վիճակում, երբ կարծում էր, թե կարող էր ավելին ունենալ, քան դա արձանագրվեց՝ եկավ ԱԺ, ու հանդիպեց կոշտ, ծաղրական մի մթնոլորտի՝ ինչ ուզում եք արեք, մենք մեր կոճակները կսեղմենք»: Նա վրդովմունքով խոսեց այն երեւույթի մասին, որ այժմ ընդդիմադիրներին հանրահավաքների համար տանում են բանտ կամ «զրույցների» կանչում. «Կանխարգելիչ նման միջոցներն ավելի վատ հետեւանքների են հանգեցնում»: Նորա Հակոբյանը նաեւ հարցրեց, որ եթե իշխանությունը համոզված է, թե ինքն ունի մեծամասնություն՝ ի՞նչն է խանգարում իրոք կազմակերպել վստահության հանրաքվե:
Բրյուսովի անվան ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանն իր խոսքում «կանխարգելիչ զրույցները» պահանջեց դադարեցնել. «Գիտենք նաեւ մեր ոստիկանության գործելաոճը՝ որպեսզի այդ զրույցը տեղ հասնի, առնվազն մի երկու ապտակ են հասցնում»: Անդրադարձավ այն երեւույթին, որ ապրիլի 5-ի հանրահավաքի օրը հազարավոր մարդիկ զրկվեցին տեղաշարժի իրավունքից. «Այդ ո՞ր հանցագործն է արգելել Հայաստանի քաղաքացիներին ազատ երթեւեկել: Մեր բուհում երկուշաբթի ուսանողները մարզերից ի վիճակի չեղան գալ… Ո՞վ պիտի պատասխան տա, որ զանգվածաբար խախտվել է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքը»: Սուրեն Զոլյանը նաեւ հարց ուղղեց, թե ինչո՞ւ է այսօր բանտարկված Սուրեն Սուրենյանցը. «Մինչեւ հիմա հպարտանում էինք, թե Հայաստանում չկա քաղաքական բանտարկյալ: Այսօր այս դեպքը դա հնարավորություն չի տալիս պնդելու»: Ամփոփիչ գնահատականներից մեկն էր, թե իշխանությունների գործողությունների մեջ միտում է տեսնում սրել իրավիճակը, որը չի հանգեցնի ոչ մի լավ բանի:
Հենրիկ Իգիթյանը ընդդիմության եւ իշխանության հարաբերությունների առնչությամբ հետեւյալ համեմատությունն արեց, թե անգամ պատերազմող պետությունների դիվանագետներն են իրար հետ սուրճ խմում. «Այ մարդ, ինչի՞ հիմա չեք ուզում իրար հետ նստել, խոսել»: Հիշեցնելով Արկադի Վարդանյանի ձերբակալությունը, հայտնեց, որ Քոչարյանին է ասել. «Չեն ձերբակալում մարդկանց հայացքների համար: Բա էլ ի՞նչ ազատ երկիր»:
Սոս Սարգսյանը նշեց, թե «ընդդիմությունն էլ ախր հայեր են»: Նա կարգախոս հռչակեց՝ «միայն եւ միայն երկխոսություն», առաջարկելով ճանապարհ գտնել, որ չվնասվի որեւէ հայի մազն անգամ:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գնահատականով՝ հասել ենք մի սահմանագծի, անդունդի եզրի, եւ իշխանությունը չկանխեց սա. «Այն առումով, որ երբեք չկասկածեց իր արարքների, գործողությունների մեջ»:
«Պաշտպանում եմ նախագահին, բայց դա չի նշանակում, թե նա պիտի ամեն ինչ մի կողմ դնի»,- ասաց պատմաբան Բաբկեն Հարությունյանը, որը մտահոգող երեւույթ անվանեց այն, որ ընտրություններում ձայների 1/3-ը ստացած թեկնածուի հետ երկխոսություն տեղի չունեցավ, եւ նշեց, թե իշխանությունն առաջինը պիտի գնար այդ քայլին: Նաեւ ասաց, որ եթե անգամ ընդդիմությունը փոքրամասնություն է՝ չի նշանակում, որ այն չպիտի մասնակցի կառավարմանը:
«Միանում եմ պրն Զոլյանի զայրույթին՝ ճանապարհները փակելու կապակցությամբ»,- ասաց Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը:- Մի՞թե այն մարդիկ, ովքեր որոշումներ են ընդունում, չեն հասկանում, որ սա ավելի է սրում իրավիճակը»: Ըստ նրա՝ Հ1-ը թշնամանք է սերմանում ընդդիմության հանդեպ. «Մի՞թե դա որեւէ չափով օգնում է վիճակի բարելավմանը: Մի՞թե Հանրային հեռուստաընկերությունն այդպես էլ չսովորեց, որ մի քիչ հավասարակշռված վերաբերմունք ունենա իրադարձությունների նկատմամբ»:
Կարող էինք շարունակել մեջբերումները եւ նշել, թե Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի գնահատականով՝ Ռոբերտ Քոչարյանի չարած քայլերի պատճառով է փողոցներում այս վիճակը: ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանի կարծիքով՝ ե՛ւ արյունը «կարմիր հեղուկ» անվանող, ե՛ւ «հեսա պատժելու ենք» կարգի արտահայտությունները երկուստեք են երկիրը տանում դեպի անդունդ եւ համընդհանուր բարոյական պարտություն: Սակայն նշենք, թե ընդդիմությանը միանշանակ դատապարտող ելույթ ունեցավ միայն Պարիս Հերունին, որն «իրանք ժողովուրդը չեն, դեմոկրատիան միայն իրենց համար չի» կարգի արտահայտություններից հետո խոսքն ավարտեց այն եզրահանգմամբ, թե ժողովուրդը նրանց չի ներելու:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ, Չանդրադարձանք ՀՅԴ գործիչների ելույթներին, որոնց հորդորը
մտավորականներին այն էր, որ օգտագործեն իրենց ազդեցությունը՝ ընդդիմացող
կողմերին կլոր սեղանի շուրջ նստեցնելու համար: