Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 09,2004 00:00

Հայրենակիցներ,

Հայաստանի ներկա իշխանություններն իրենց անօրինական գործողություններով երկիրը կանգնեցրել են քաղաքական փակուղու առջեւ: Իրավապահ մարմինների` իբր սահմանադրական կարգը պահպանելուն միտված հակասահմանադրական գործողություններն ուղղակի ապտակ են մեր երկրի ժողովրդավարությանը, հեղինակությանն ու արժանապատվությանը:

Շինծու, անհիմն մեղադրանքներով ձերբակալվում են խաղաղ հանրահավաքների մասնակցող մեր քաղաքացիները: Ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների ներկայությամբ ծեծուջարդի են ենթարկվում լրագրողները: Քաղաքական հայացքների համար քրեական պատասխանատվության են ենթարկվում քաղաքական գործիչները: Բանը հասել է նրան, որ գլխավոր դատախազությունը բերման է ենթարկել ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին: Այս ամենը հատուկ են միմիայն բռնակալական երկրներին, բայց ոչ երբեք Եվրախորհրդի անդամ Հայաստանի Հանրապետությանը:

Իշխանություններն այլեւս սպառել են իրենց: Երկրում մեծ դժվարությամբ ձեռք բերված ժողովրդավարական արժեքները վերջին օրերի իրադարձությունների պատճառով վտանգվել են, եւ Հայաստանը սկսել է վերածվել ոստիկանական երկրի:

Փաստորեն, 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների բաց էջը իշխանությունները փորձում են փակել բռնություններով, վախի մթնոլորտի հաստատմամբ, մարդու իրավունքների բացարձակ ոտնահարումներով:

Իշխանությունները պարտավոր են գոնե այսօր սթափվել ու դադարեցնել սեփական ժողովրդի դեմ բռնությունները, վերադառնալ օրինականության եւ սահմանադրական դաշտ: Այլապես հետագա գործողությունների անկանխատեսելի հետեւանքների համար պատասխանատվություն կկրեն միմիայն իրենք:

Դիմելով ժողովրդին, հորդորում ենք լինել զգոն, երբեք չտրվել իշխանությունների սադրանքներին: Խաղաղ հանրահավաքներով իշխանափոխության հասնելը մեր ժողովրդի սահմանադրական իրավունքն է եւ ոչ ոք չի կարող նրան զրկել այդ իրավունքից:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել