ՀՅԴ
ՀՀ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի առաջարկը իշխանությունների եւ ընդդիմության
միջեւ համաձայնության մոդուսի վերաբերյալ՝ առաջինը քննադատեց հենց իշխանամետ
մամուլը:
Սա գնահատվեց իբրեւ ե՛ւ նալին, ե՛ւ մեխին խփելու գործելակերպ, նաեւ՝ իբրեւ պարզապես սին խոսքեր, որոնց արտաբերումը հնարավորություն է տալիս խուսափել քաղաքական պատասխանատվությունից եւ «դիմակայությանը մասնակից ցանկացած կողմի խորտակվելու պարագայում մնալ «ջրի երեսին»: Համաձայնության մոդուսը նաեւ համեմատվեց հեծանիվ հայտնագործելու փորձերի հետ եւ անխուսափելի ու օրինաչափ անվանվեց իշխանություն-ընդդիմություն պայքարը: Յուրայինների դաշտից այս քննադատությանը Արմեն Ռուստամյանն այսպես արձագանքեց. «Այդ բոլոր հարցերի պատասխանը շատ հստակ տվել է Դաշնակցության հայտարարությունը: Մենք էլի գտնում ենք, որ այսօր թիվ 1 խնդիրը երկրում առճակատումից խուսափելն է եւ դրա համար առաջարկել ենք շատ կոնկրետ ճանապարհ»: ՀՅԴ առաջարկած լուծմանը, թե ընդդիմությունը կարող է մաս կազմել Անվտանգության խորհրդին՝ իր խոսնակի միջոցով արդեն իսկ բացասաբար արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը: Իսկ նրան աջակցող լրատվամիջոցներից մեկը եւս մեկ անգամ անհնար գնահատեց երկխոսությունն ու համաձայնությունը հետեւյալ հարցադրմամբ. «Երբ բանը բանից անցել է, եւ ջուրը քշել-տարել է ջրաղացը, ինչո՞ւ են ոմանք փորձում վազել չախչախի հետեւից»: Արմեն Ռուստամյանն առարկեց. «Ոչ մի բան էլ ուշացած չի: Եվ ովքեր այդպես են մտածում՝ իրենք էլ հենց նպաստում են, որ ջուրը քշի-տանի ամեն ինչ: Եվ մենք հենց դրա դեմն ենք ուզում առնել: Կա դեռ հնարավորություն, որ քաղաքակիրթ ճանապարհով դուրս կգանք քաղաքական այս հակամարտությունից եւ առաջացած լարվածությունից: Առաջարկները լրիվ տրամաբանական են՝ համապատասխան միջազգային եւ քաղաքագիտական նորմերին: Եվ եթե չբռնենք այդ ճանապարհը՝ այ, իսկապես թող պատասխան տան նրանք, ովքեր չգնացին երկխոսության»:
Մինչդեռ իշխանամետ մամուլը նախորդ տարիների «դառը փորձը» վերհիշելով առաջարկում է չմոռանալ, որ նման «կոմպրոմիսը» քաղաքական պայքարը կտեղափոխի իշխանությունից ներս՝ «առաջ բերելով երկբեւեռ իշխանության 1999-2000 թթ. մոդելի մի տարատեսակ»: «Ով որ նման հայտարարություններ է արել՝ բացարձակապե՛ս չի հասկացել մեր առաջարկության իմաստը»,- ասաց պրն Ռուստամյանը: Եվ հակադարձելով մեկ այլ նկատառման, թե իշխանություն-ընդդիմություն պայքարում սկզբունքային հարցերում չկա ու չի կարող լինել քաղաքական կոմպրոմիս, ասաց. «Եթե հնարավոր չէ կոմպրոմիս՝ ուրեմն մեզանում չի կարող տեղի ունենալ ազգային համաձայնություն: Այդ ասողն ուրեմն չի հավատում այդ գաղափարին: Եթե չկան ազգային նշանակության մի քանի կարեւոր հարցեր, որ կարող են միավորել մեզ, ուրեմն՝ չկանք որպես ազգ»:
Հիշեցրինք նաեւ, որ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն էլ էր նշել, թե Դաշնակցությունը չի կարող հանդես գալ որպես միջնորդ, քանի որ չեզոք չէ՝ պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը սակայն նշեց, թե իրենք չեն էլ հավակնում միջնորդական առաքելությամբ հանդես գալու. «Կուսակցությունն ուղղակի իրավիճակից այլընտրանքային ելք է առաջարկում, թե ինչի շուրջ պետք է լինի երկխոսությունը, ինչ նպատակ պետք է հետապնդի եւ այլն»:
Սեփ. լր.