Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատությունը» ներողություն չի խնդրի

Ապրիլ 08,2004 00:00

«Ազատությունը» ներողություն չի խնդրի Հրայր Թամրազյանը չի ընդունում Թաթուլ Մանասերյանի մեղադրանքները Երեքշաբթի օրը տված ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը մեղադրեց «Ազատություն» ռադիոկայանին՝ ոչ պրոֆեսիոնալիզմի եւ իր անմեղության կանխավարկածը խախտելու մեջ, ու ժամանակ տվեց հրապարակավ ներողություն խնդրելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում դատի տալ: Այս առթիվ խնդրեցինք «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին պատասխանել՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ներողություն խնդրել, եւ ինչպես է մեկնաբանում այս մեղադրանքները: Հրայր Թամրազյանը պատասխանեց. «Բացարձակապես չեմ ընդունում այդ մեղադրանքները: Իհարկե, ներողություն չենք խնդրելու: Ինչո՞ւ խնդրենք՝ այդքան օպերատիվ եւ մանրամասն լուսաբանելու համա՞ր: Երեւի նրան ավելի դուր կգար, որ մենք ընդհանրապես չլուսաբանեինք: (Թերեւս, Թ. Մանասերյանն իսկապես չէր ուզում որեւէ լուսաբանում, քանի որ իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքն է հրահանգել իր փաստաբանին եւ համախոհներին՝ որեւէ մեկնաբանություն կամ տեղեկատվություն չհաղորդել ԶԼՄ-ներին, քանզի նա վախենում էր, որ «ցանկացած խոսք ԱՄՆ-ից մինչեւ Հայաստան հասնի՝ կդառնա ապատեղեկատվություն»- Մ.Բ.): Օրեր շարունակ որոնում էինք նրա փաստաբանին, որը հրաժարվում էր որեւէ տեղեկություն տալ: Բայց մեր ունկնդիրներին դա հետաքրքրում էր, եւ մենք ամեն ինչ անում էինք հասարակական տեղեկատվության այդ պահանջը բավարարելու համար: Նա ի՞նչ է, ուզում էր, որ մենք չասեինք, թե ի՞նչ մեղադրանքներ կան իր դեմ: Մենք եթեր ենք տվել այն, ինչ ասել է մեղադրող կողմը, նույն ձեւով մենք եթեր ենք տվել Թաթուլ Մանասերյանի, նրա քրոջ, եղբոր, փաստաբանի, ներկայիս կնոջ խոսքերը: Փաստաբանի հետ 6-7 րոպեանոց հարցազրույցից հետո նրա քույրը հատուկ շնորհակալություն հայտնեց մեր թղթակցին: Մենք ընդամենը միջնորդ ենք մեր ունկնդիրների եւ տեղեկատվության աղբյուրների միջեւ: Ամբողջովին սպառել ենք բոլոր կողմերից լրատվություն տալու մեր հնարավորությունը: Հետաքրքրիր է, որ մեզնից դժգոհ է մնացել եւ Մանասերյանը, եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը, որն իր հայտարարության մեջ նշել է, թե «Ազատությունը» ճիշտ տեղեկություն չի հաղորդել այն առումով, որ դեսպանատունը ամեն կերպ օգնել եւ աջակցել է, եւ ոչ թե մի կողմ է քաշվել, ինչպես ասում է Մանասերյանը: Բոլոր կողմերը դժգոհ են, դա նշանակում է, որ մենք շատ պրոֆեսիոնալ ձեւով ենք լուսաբանել, ինչպես որ աշխատել ենք միշտ: Զարմանում եմ, որ նա մեզ ինչ-որ բանում մեղադրում է: Նա մեր թղթակիցն է եղել Լոս- Անջելեսում, մենք լավ հարաբերությունների մեջ ենք, ու ես շատ զարմացած եմ այս ամենից: Կարծում եմ՝ չկա որեւէ մարդ ԱԺ-ում կամ որեւէ այլ տեղ, որ կկարծի, թե «Ազատությունն» աշխատում է ոչ պրոֆեսիոնալ: Այս մեղադրանքների համար նա այլ հասցեատեր պետք է փնտրեր: Շատ ուրախ եմ, որ Թ. Մանասերյանին առաջադրված բոլոր մեղադրանքները հանվեցին, դա նրա մեծ հաղթանակն էր: Նա հավանաբար դարձել էր սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ում առաջացած էքստրեմալ իրադրության զոհը, երբ ամենաչնչին կասկածի դեպքում անգամ կարող էին մարդկանց կալանավորել: Հասկանում եմ, դառնացած է մարդը, շատ դառը փորձություն ունեցավ, անմեղ տեղը դառն օրեր տեսավ: Էդ իմաստով խիստ կարեկցում եմ, որ թյուրիմացության պատճառով հայտնվեց բանտում, այդ ծանր օրերը տեսավ»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930