ԴՊՐՈՑԻ ԱՊԱԳԱ ՆԿԱՐԱԳԻՐՆ «ԱՎԵԼԻ ԶՈՒՍՊ Է ԴԱՐՁԵԼ» Մեր լուսավոր, «օպտիմալացված» դարում հանրակրթական դպրոցներում դեռեւս 12 հազար ուսուցիչ ունի միջնակարգ կրթություն: Այս մասին մեզ հայտնեց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը՝ շտապելով ճշտել, որ նրանք հեռավոր, լեռնային, սահմանամերձ շրջանների դպրոցների ուսուցիչներն են: Կրճատումներն ի սկզբանե այդ ուղղությամբ տանելն անիմաստ է համարում նախարարը, որովհետեւ «եթե կրճատումներն այդտեղից սկսեինք, առանց այդ էլ մեծ թվով թափուր տեղերը սահմանամերձ, հեռավոր շրջաններում կշատանային»: Սակայն հիշենք, որ օպտիմալացման գործընթացն սկսելիս իբրեւ հիմնական փաստարկ բերվում էր հենց այդքան թվով միջնակարգ կրթությամբ ուսուցիչների առկայությունը հանրապետությունում, որոնք մնացել էին վատ տարիներից, երբ ուսուցչի մեծ պակաս կար, ու դպրոցներ դասավանդելու գնացին առանց բարձրագույն կրթության շրջանավարտներ: Նախարարին հիշեցրինք վերջերս տարածված այն տեղեկատվությունը, թե դպրոցներում շարունակվում են ուսուցիչների կրճատումները: Ս. Երիցյանն ըստ էության չհերքեց լուրը. «Կրճատումներ չեն սպասվում, սակայն խնդիրն այն է, որ այն դպրոցները, որոնք այսպես թե այնպես ինչ-որ բան չեն հասցրել, իրենք կավարտեն դա, ես կարծում եմ՝ մինչեւ մայիս կվերջացնեն: Կան դպրոցներ, որ պայմանավորվել են ուսուցիչների հետ՝ պարապել մինչեւ տարեվերջ եւ հետո՝ գնալ»: Նախարարի հաջորդ միտքը լայն հնարավորություն է տալիս տնօրեններին՝ դարձյալ ընդարձակել իրենց կամայականությունների սահմանները. «Մենք գումարը տալիս ենք դպրոցներին, մենք չենք ասում՝ կրճատեք: Դպրոցներն այդ գումարների սահմաններում որոշում են՝ որքան ուսուցիչ պահել: Դպրոցին ձեռնտու չէ 2-3 ժամ ունեցող ուսուցչին պահել: Մենք որեւէ բան չենք ստիպում, ասում ենք՝ կարգի բերեք ձեր տնտեսությունը: Հիմա իրենք ինչքան կպահեն, ինչ կանեն… Շուտով կունենանք թվային տվյալներ, թե որ դպրոցում որ ուսուցիչը քանի ժամ ունի»: Բնական է, որ թերբեռնված ուսուցչին պահելն անիմաստ է, այլ հարց է, թե իսկապես արժանի ուսուցի՞չն է թերբեռնված, թե՞ տնօրենի քմահաճույքներին ու «պահանջներին» ենթարկվող մեկը: Կա եւս մի մտահոգիչ հանգամանք, որ տնօրենին «ազատ գործելու» հնարավորություն է տալիս: Այսպես՝ եթե նախարարությունը չի ասում կրճատեք կամ մի կրճատեք, ապա նվազագույն բեռնվածությունը պահպանելով, տնօրենը կարող է «իր տնտեսությունը կարգի բերել» իր փոքրաթիվ մերձավոր-ուսուցիչների հետ: Սերգո Երիցյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց նաեւ, որ հանրակրթության նոր կրթակարգի վերջնական քննարկումներում հաշվի են առնվելու նաեւ մամուլի հրապարակումները՝ թե թերթերը, թե ռադիո-հեռուստահաղորդումները: Կրթակարգի վրա աշխատող խումբը, որի կազմը մեծացվել է եւ ընդգրկվել է նաեւ հոգեբան, նորից քննարկումներ է անցկացնում, որը կավարտվի 1 շաբաթից: Կրթակարգը կուղարկվի նաեւ շահագրգիռ նախարարություններին՝ առողջապահության, մշակույթի եւ այլ, որոնք ասելիք ունեն: Իսկ մինչ այսօր ստացվել է մոտ 500 առաջարկ: Նախնական տարբերակի համեմատությամբ, փոփոխությունները հետեւյալներն են. «մենք ավելի զուսպ ենք դարձրել ապագա դպրոցի նկարագիրը, մենք հաշվի ենք առել մեր դպրոցի այսօրվա վիճակը եւ այն, ինչի կարող ենք հասնել 20 տարի հետո, եթե ավելիին կհասնենք, շատ ավելի լավ: Առավել հստակեցվել է, թե տարրական կամ ավագ դպրոցում աշակերտն ինչ որակների պիտի հասնի: Եվ հիմա քննարկումներ են գնում առարկայախմբերի հետ կապված՝ որ դասարանում ինչ առարկայախումբ տեղադրեն: Այս առնչությամբ կան սոցիոլոգիական հարցման արդյունքներ՝ կատարված մարզերում, որտեղ հիմնական մոտեցումները՝ կապված հատկապես 12-ամյա կրթության հետ, դրական են»: Փաստորեն, քննարկումների վերջին փուլում միայն աշխատող խումբը հարմար գտավ հոգեբանի ներգրավել ու հստակեցնել առարկայախմբերը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ