Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յոթ տարեկան երեխան ծննդական չունի

Ապրիլ 08,2004 00:00

Յոթ տարեկան երեխան ծննդական չունի Փաստաթուղթը «պատանդ» են վերցրել 5000 դրամի դիմաց Գագիկ Հակոբյանի ընտանիքն ապրում է Չորրորդ գյուղի հարեւանությամբ գտնվող լքված ավտոբազայում՝ նախկին մեքենաների վերանորոգման համար նախատեսված տարածքում: Այս տարածքում ապրում է հինգ ընտանիք: Հողե հատակով այս կացարանը 16 քմ է, ապրում են չորսով: Տան մի անկյունում դրված են մեքենայի մի քանի մարտկոցներ, որոնցից լարերը ձգվում են մինչեւ առաստաղ: Այնտեղից կախված է փոքրիկ մի լամպ: «Մարտկոցները ամուսինս բերել է աղբանոցից, այնտեղ է աշխատում, առավոտյան յոթից գնում է, իրիկունը վերադառնում: Աղբանոցով ենք ապրում, ինչ արած: Շշեր է բերում, ես լվանում եմ, հանձնում ենք հատը 10 դրամով»,- շշերը լվանալով պատմում է կինը՝ Սիմա Խաչատրյանը: Նա օրական մոտ 150 շիշ է լվանում: 7 տարեկան Արմինեն շշերը լվանալիս օգնում է մորը, դարսում դրանք: Տան մի անկյունում նրա տիկնիկներն են, որոնց հայրը բերել է աղբանոցից: Արմինեն դրանք խնամքով լվացել է եւ ընկերուհիների հետ խաղում է: Այս տարի նա դպրոց է գնալու: «Դեռ չգիտեմ՝ ինչպես եմ անելու, աղջիկս ծննդական չունի: 7 տարի առաջ ծննդաբերեցի Ապարան քաղաքում, ամուսինս այնտեղից է: Այդ ժամանակ սկեսուրս մահացել էր, մեզ մոտ էլ փող չկար: Ծննդատնից դուրս գալուց մեզնից 15 հազար դրամ ուզեցին: Ամուսինս ասաց՝ չունենք, կարող ենք 5 հազար տալ: Ասացին չէ՝ 10 տվեք, մենք էլ միայն 5 հազար ունեինք: Երեխայի ծննդականը վերցրին, հինգ հազար դրամն էլ հետը: Բժիշկ Միրաքյանն ասաց՝ երբ 5 հազար դրամը բերեք, երեխայի ծննդականը կտանք: Մի 15 օր առաջ ամուսինս գնացել էր Ապարան ծննդականը վերցնելու, Միրաքյանը նորից է ասել՝ չենք տա, մինչեւ 5 հազար դրամը չբերեք: Ամուսինս բողոքել է հիվանդանոցի գլխավորին: Նա էլ նույն բանն է ասել՝ մինչեւ փողը չբերեք, չենք տա ծննդականը»: Ծննդական չունենալու պատճառով Արմինեն հաշվառված չէ նաեւ պոլիկլինիկայում, ոչ մի պատվաստում չի ստացել եւ բժշկական քննության չի ենթարկվել: Մեզ մնում է ասել՝ ե՛տ տվեք Արմինեի ծննդականը, բժիշկ Միրաքյան, այդ հինգ հազար դրամը կարող եք գալ ստանալ խմբագրությունից: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել