Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊՃԵՊ ՕՐԵՆՔ ՊԵՏՔ ՉԷ

Ապրիլ 08,2004 00:00

ՀԱՊՃԵՊ ՕՐԵՆՔ ՊԵՏՔ ՉԷ «Հիմնական խնդիրը համարում ենք այն, որ տվյալ իրավիճակում փաստացի ակնհայտ է իրավական վակուումը,- «Առավոտին» ասաց ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը հանրահավաքների առջեւ հարուցված խոչընդոտների առնչությամբ:- Երկրում չկա օրենք ցույցերի եւ երթերի մասին: Եվ արդեն մեկ տարի է, ինչ մեր գրասենյակն արծարծում է այդ օրենքն ընդունելու խնդիրը: Փետրվարի 26-ին մենք ստացանք այդ օրենքի նախագիծը: Մեզ որոշ ժամանակ պահանջվեց դրա փորձաքննությունն իրականացնելու համար: ԵԱՀԿ փորձագետները նախապատրաստել են 30 էջանոց մի եզրակացություն, որում մատնանշված են այդ օրենքի որոշ անհարթությունները, եւ մենք շատ կցանկանայինք, որ մեր խիստ որոշակի դիտողությունները հաշվի առնվեին այդ օրինագծի մշակման ժամանակ»: Հայաստանի ընդդիմադիրները հակաժողովրդավարական են համարում կառավարության ներկայացրած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» նախագիծը, որն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ: Մեր հարցին՝ իսկ ի՞նչ գնահատական ունեն ԵԱՀԿ փորձագետները, պրն Պրյախինը պատասխանեց. «Մեր փորձագետներն իրենց տեսակետը ձեւակերպել են այսպես, թե այդ նախագիծը բարյացակամ բնույթի չէ ցուցարարների նկատմամբ, այսինքն՝ առկա է որոշ «մեղավորության կանխավարկած» ցույցերի մասնակիցների նկատմամբ: Գուցե դա միտումնավոր չէր արված՝ ինձ համար դժվար է դատելը, սակայն փորձագետների տեսակետն այն է, թե հարկավոր է ընդհանուր առմամբ վերափոխել օրենքի ոգին՝ այն առավել շրջելով դեպի այն մարդիկ, ովքեր մասնակցում են ցույցերին՝ նրանց նախապես չդիտարկելով իբրեւ չարագործների: Եվ այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատել. օրենքի գրեթե բոլոր հոդվածներում առաջարկել ենք փոփոխություններ, որոնք օրերս փոխանցել ենք: Եվ մենք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ մեր շատ արդյունավետ զրույցի ընթացքում՝ ի դեմս նրա, Հայաստանի ղեկավարության ուշադրությունը հրավիրեցինք, թե պետք չէ այս առնչությամբ հապճեպ օրենք ընդունել, եթե հաշվի չեն առնվելու Հայաստանի հանրության բոլոր իրողությունները եւ միջազգային փորձագետների մեկնաբանությունները: Ավելի լավ է սպասել»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930