Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի Եվրախորհու՞րդ

Ապրիլ 08,2004 00:00

Դեպի Եվրախորհու՞րդ Եթե որեւէ ՀՀ քաղաքացու հարցնեին, թե ինչ խնդիր կարող էր քննարկվել երեկ Ռոբերտ Քոչարյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, ապա այդ քաղաքացին, անգամ պաթոլոգիկ «պետականամետությամբ» տառապելու պարագայում, համոզված կգոչեր, թե այդ խորհրդակցությունը նվիրված է եղել նախորդ օրը կայացած հանրահավաքի ժամանակ լրագրողների նկատմամբ գործադրված այլանդակ բռնությունների թեմային: Կատակ բան չէ. օրը ցերեկով օրենքի արթուն պահապանների ամենատես աչքի առաջ ջարդուփշուր են արել ազատ եւ ժողովրդավարական Հայաստանի լրագրողներին ու նրանց աշխատանքային գործիքները, պատճառելով հազարավոր դոլարների նյութական եւ միլիոնավոր դոլարների բարոյական վնաս: Պետականամետ քաղաքացին հաստատ հուզված կբացականչեր. «էդ հաստավիզները մեր գյոզալ նախագահին խայտառակ արին աշխարհի առաջ: Բա Եվրախորհրդի անդամ, Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա» ծրագրի թեկնածու երկրի նախագահը կհանդուրժի՞, որ իր երկրի ազատ խոսքի սպասավորներին էդ օրը գցեն»: Էթիկայի նկատառումներից ելնելով, մենք իհարկե չենք փորձի ենթադրել, թե նույն պարագայում ինչպես կարտահայտվեր ոչ այնքան պետականամետ ՀՀ քաղաքացին: Ճակատագրի հեգնանքով Ռոբերտ Քոչարյանի մոտ երեկ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվել է ոչ ավել ոչ պակաս՝ Եվրոպայի Խորհրդի առջեւ մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը: Լրագրողների հետ կատարված «հակաեվրոպական» դեպքերի մասին այդ խորհրդակցության ժամանակ որեւէ ակնարկ իսկ չի եղել: Քննարկվել են տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման օրենսդրական ակտերի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցության հիմնական հարցերը: Փաստորեն, դատելով այն ամենից, թե Հայաստանում ցայժմ ու, մասնավորապես, ապրիլի 5-ին ինչպես են կատարվել խոսքի եւ տեղեկատվության տարածման ազատության, քաղաքացիների ազատ կամաարտահայտության, հանրահավաքներ ու երթեր անելու իրավունքների մասով Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունները, արդեն այսօր կարելի է ողբալ մեր երկրում տեղական ինքնակառավարման օրենսդրական բազայի վաղվա վիճակը: Ստացվում է, որ ԵԽ անդամակցությունից Հայաստանն առ այսօր միայն տուժել է, քանի որ հարկատուների փողերն իզուր տեղը ծախսել է մի քանի հոգու՝ ստրասբուրգներում զվռնելու վրա: Սակայն խնդրի մեջ խորամուխ լինելու դեպքում, հեշտությամբ կարելի է համոզվել, որ մենք դեռ էլի ենք տուժելու: Միջազգային դոնոր կազմակերպություններն այսօր արդեն բոլոր հիմքերն ունեն կասկածելու, որ ՀՀ իշխանությունները կառուցվածքային բարեփոխումների անվան տակ ստացված վարկերով ձվի մեծածախ գնումներ են անում՝ մի մասով իրենց միտինգակործան ղասաբներին սնելու, մյուս մասով հանրահավաքները ձվակոծելու համար: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել