Իրավապահները տվյալներ չեն տալիս Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը «Նոր ժամանակներ» կուսակցությունը երեկ իր տարածած հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին, դատապարտել եւ անթույլատրելի է համարել իրավապահ մարմինների թողտվության պարագայում հասարակական կարգի խաթարման, քաղաքացիների եւ հատկապես ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ կիրառված բռնարարքների փաստերը. «Գտնում ենք, որ օրեցօր խորացող հասարակական լարված իրավիճակի համար նախեւառաջ պատասխանատու են պատկան մարմինները եւ ցանկացած քայլ, որը կբերի իրավիճակի հետագա սրացման, անթույլատրելի է»: Ընդսմին, երեկ շարունակվել են ընդդիմադիր գործիչներին ոստիկանական բաժիններ բերման ենթարկելու դեպքերը: Կանանց տոնի կապակցությամբ երեկ, ժամը 10-ին Եղվարդի ոստիկանություն բերման է ենթարկվել ՀԺԿ Նաիրիի շրջանի Արգել գյուղի բնակիչ, կուսակցության տեղական կառույցի քարտուղար Գոհար Ալեքսանյանը: Նույն օրն առավոտյան մոտավորապես ժ. 11-ին Արաբկիրի ոստիկանության աշխատակիցները ՀՀ գլխավոր դատախազի մի քննիչի հետ միասին այցելել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի տուն: Այդ պահին տանը եղել է միայն նրա կինը ու դուռը չի բացել: Ավելի ուշ նրանք նորից են այցելել ընդդիմադիր գործչի տուն եւ համապատասխան թույլտվությունը ներկայացնելուց հետո մոտ 10 ոստիկան ընթերականների ներկայությամբ խուզարկել է Ա. Զաքարյանի բնակարանը՝ զենք ու զինամթերք գտնելու ակնկալիքով: 4 ժամ տեւած մանրակրկիտ խուզարկության արդյունքում իրավապահներն առգրավել են տարբեր տարիների Արամազդ Զաքարյանի հեռուստատեսային ելույթների 8 տեսաերիզ, նաեւ փաստաթղթեր, դիվանագիտական անձնագիրը, որի ժամկետը վաղուց լրացած է եղել: Զենք-զինամթերք, իհարկե, չի հայտնաբերվել: Խուզարկության վերաբերյալ կազմվել է արձանագրություն: Երեկ վարչական կալանքի է ենթարկվել նաեւ այս կուսակցության ներկայացուցիչ, գյումրեցի Մարտին Պետրոսյանը: Ինչպես «Հանրապետություն» կուսակցությունից տեղեկացրին, երեկվա դրությամբ ընդդիմադիր կուսակցությունների համակիրների նկատմամբ իրավապահների կողմից բռնությունների եւ ապօրինությունների են ենթարկվել ավելի քան 4 տասնյակ մարդ, այդ թվում՝ վարչական կալանքի՝ 12 հոգի, ապօրինի բերման՝ 20 հոգի, բնակարանային խուզարկությունների եւ բերման՝ 9 հոգի: Ոստիկանների կողմից սպառնալիքի եւ ահաբեկման են ենթարկվել 23 հոգի: «Արդարություն» դաշինքի եւ նրա համակիրների նկատմամբ» հարուցված քրգործով դատախազություն են կանչվել պատգամավորներ՝ Ալբերտ Բազեյանը, Վիկտոր Դալլաքյանը, «Հանրապետություն» կուսակցության Քաղաքական խորհրդի անդամ Արամազդ Զաքարյանը եւ նրա կինը, «Հանրապետություն» կուսակցության տարածքային կառույցի նախագահներ՝ Հունան Մազմանյանը, Ժորա Սափեյանը, Սայաթ Թումանյանը եւ այլք: «Մեր կողմից բազմիցս փորձեր են արվել ոստիկանության միջոցով ճշտելու բռնության ենթարկված անկուսակցական քաղաքացիների տվյալները, սակայն այդ փորձերն անօգուտ եւ անարդյունավետ են եղել, որի պատճառով չենք տիրապետում այդ տվյալներին»,- երեկ «Առավոտին» ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ