Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՓՐԱԾ ԳԼՈՒԽՆԵՐԸ՝ ԵՐԿՈՒ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ»

Ապրիլ 08,2004 00:00

«ՍԱՓՐԱԾ ԳԼՈՒԽՆԵՐԸ՝ ԵՐԿՈՒ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ» Կարծիք է հայտնում Վահան Հովհաննիսյանը «Որեւէ մեկը առանց փաստարկելու, առանց հիմնավորելու իր տեսակետը այսօր չպետք է գնահատականներ տա, թե ովքեր էին այդ ամենը կազմակերպել,- երկուշաբթի օրը հանրահավաքի ժամանակ անկարգությունների մասին այդպես արտահայտվեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։- Եթե ինչ-որ մեկը փաստ ունի, ճիշտ կլինի այդ փաստը ներկայացնի (արդեն չորրորդ օրը մենք եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունը ներկայացրել ենք կոնկրետ փաստեր- Մ. Ե.), նաեւ ներկայացնի իրավապահ մարմիններին, նրանց օգնելու, որ պարզվեն, թե իրականում ովքեր են եւ պատժեն»։ Նկատենք, որ փաստերը, տեսաժապավեններն ու լուսանկարները լիովին բավարար են մեղավորներին պատժելու համար։ Բայց այդ ուղղությամբ որեւէ տեսանելի քայլ չի արվում։ Մենք խնդրեցինք պատասխանել՝ իրո՞ք ինքը հավատում է, որ «ԱՄ»-ի հայտնի հանդիպման ժամանակ անկարգությունները ընդդիմությունն է հրահրել։ Տիգրան Թորոսյանը չուզեց գնահատականներ տալ եւ մեղադրել որեւէ մեկին այդ անկարգությունները կազմակերպելու մեջ. «Ընդհանրապես, քաղաքական գործիչները իրենց խոսքերն ու գնահատականները պետք է յոթ անգամ չափեն, հետո կտրեն։ Որովհետեւ անլուրջ են հայաստանյան մամուլում ներկայացվող շատ ու շատ գնահատականներ»։ Իսկ ինչպե՞ս է գնահատում Տիգրան Թորոսյանը այն իրողությունը, որ մարդկանց սահմանադրական իրավունքը՝ հանդիպումներ, հանրահավաքներ եւ այլն, արդեն վատ ավանդույթի համաձայն, ուղեկցվում է մայրաքաղաք բերող ճանապարհները փակելով, զինվորներով լեցուն ավտոբուսներով, ջրցան մեքենաներով ու փշալարերի տեխնիկայով։ Ինչո՞վ է բացատրվում նման ձեւով պաշտպանվելու իշխանության որոշումը՝ սա գոնե ընդդիմությունը չէր կարող կազմակերպել։ Տիգրան Թորոսյանը այսպես պատասխանեց. «Իրավապահները կարող են եւ իրավունք ունեն պատրաստվել այս կամ այն միջոցառմանը, այդ թվում նաեւ հանրահավաքների, երթերի, ցույցերի անցկացմանը, առավել եւս, որ իրենք ավելի շատ տեղեկություններ են ստանում հավանական զարգացումների մասին։ Բայց միանշանակ է, որ բոլորը, առավել եւս իրավապահ մարմինները, պետք է գործեն միայն Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում»։ Մենք նկատեցինք, որ հասարակական կարգի պահպանությանը կոչված իրավապահ մարմինները նույն հանրահավաքի ժամանակ բացարձակ որեւէ կերպ չմիջամտեցին, երբ սափրած գլուխներով հաստավիզ մարդիկ անկարգություններ հրահրեցին, բռնարարքներ կատարեցին հանդիպման մասնակիցների եւ լրագրողների հանդեպ, երբ պայթուցիկներ պայթեցվեցին ու ձվեր նետվեցին։ Ոստիկաններն այդ ժամանակ որեւէ մասնակցություն չունեցան, այսինքն՝ չփորձեցին պահպանել հասարակական կարգը։ ԱԺ փոխնախագահը մեր այս դիտարկմանն ի պատասխան երեւի հումոր արեց, երբ ասաց. «Երեւի շատ ուղղակի է ընկալվել չմիջամտելու հրահանգը։ Երեւի, դժվար է ենթադրություն անել։ Բայց ես կարծում եմ, որ եթե որեւէ մեկի նկատմամբ բռնություն է կատարվում եւ իրավապահները ներկա են, պիտի արձագանքեն»։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանից եւս հետաքրքրվեցինք՝ ինքը կիսո՞ւմ է այն կարծիքը, թե հայտնի սափրած գլուխներով եւ թիկնեղ տղաները ընդդիմությունից են։ Վահան Հովհաննիսյանը այն կարծիքին է, որ մարդկանց այդ տեսակետը առկա է երկու ճամբարներում էլ. «Թե կոնկրետ ովքեր են իրենց ավելի լկտի պահում, կարելի է տարբեր ենթադրություններ անել, բայց որ նմանօրինակ կերպարներ կան երկու ճամբարում էլ, դա ակնհայտ է, բայց անթույլատրելի է, որպեսզի այս հարցի մեջ հանգուցալուծման ուղիները դրանք թելադրեն։ Սա քաղաքական ուժերի լուծման խնդիր է եւ ոչ ոք քաղաքական ուժերի իրավասությունը իրեն չպետք է վերագրի»։ Մենք նկատեցինք, որ քաղաքական ուժերը առանձնապես չեն փայլում ակտիվությամբ։ Պրն Հովհաննիսյանը համաձայն չէր Դաշնակցության մասով. «Դաշնակցությունը պասիվ չի եւ ձեռքերը չի լվացել։ Անընդհատ կոնսուլտացիաների մեջ է եւ իր հայտարարության մեջ ներկայացված դիրքորոշումները փորձում է դարձնել հանրային սեփականություն»։ Վահան Հովհաննիսյանին եւս տեղեկացրինք, որ իրավապահ մարմինները իրենց հերթին էին պասիվ, երբ մի խումբ սափրած գլուխներ անկարգություններ էին իրականացնում հանդիպման ժամանակ։ Վահան Հովհաննիսյանը ասաց, որ ինքը մեր այդ տեղեկության հետ կապված բացատրությունների համար կդիմի համապատասխան ատյաններին։ Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ իշխանության քայլերը կախված կլինեն նրանից, թե իրենց ինչպես կպահի ընդդիմությունը, հանրահավաքների կազմակերպիչները. «Եվ եթե որեւէ ագրեսիվ դրսեւորում չլինի, ես վստահ եմ, որ ագրեսիվ դրսեւորում չի լինի նաեւ իշխանության կողմից»։ «Առավոտը» այնուամենայնիվ փորձեց հստակեցնել՝ Վահան Հովհանիսյանը, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, իրեն վիրավորված չի՞ զգում, որ քաղաքական գործընթացներին խառնվում է «խուժանը», ինչպես անկարգություններ հրահրող «բուղաներին» օրերս մեր թերթում որակեց Վազգեն Մանուկյանը։ ՀՅԴ բյուրոյի անդամը նկատեց. «Դա առաջին անգամը չի Հայաստանում, մեր դեմ էլ են ժամանակին նման կերպարներ դուրս եկել։ Ես գտնում եմ, որ ամեն ինչ կախված է քո վարքից։ Եթե դու իսկապես մտնում ես Սահմանադրության եւ օրենքների սահմանի մեջ, ապա իշխանությունը չի կարող գերազանցել իրեն տրված իրավասությունները։ Գերազանցելու դեպքում ինքը կդառնա Սահմանադրությունը խախտող»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել