Լրահոս
Օրվա լրահոսը

127-ԻՑ ԱՎԵԼԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ

Ապրիլ 08,2004 00:00

127-ԻՑ ԱՎԵԼԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ Ոստիկանությունը հերքել էր «Ազգային միաբանության» պնդումը, թե ապրիլի 5-ի հանրահավաքից հետո ձերբակալվել է 127 հոգի, եւ հայտնել, թե իրականում բերման է ենթարկվել 48 հոգի: Իրավապահ մարմիններն ասում են, թե միայն 38-ն են «ԱՄ» հանրահավաքից հետո ենթարկվել վարչական պատասխանատվության՝ հասարակական կարգը խախտելու եւ օրինապահներին չենթարկվելու համար: «Մեր 127 թիվը հաստատ է, եւ նրանց մեջ են այն մարդիկ, ովքեր ձերբակալվել ու բերման են ենթարկվել տարածքային ոստիկանության բաժանմունքներ՝ դեռ մեր հանդիպմանը նախորդող օրվա գիշերվանից,- պնդեց «Ազգային միաբանության» փոխնախագահ ու Երեւանի քաղաքային կազմակերպության ղեկավար Սարգիս Մուրադխանյանը:- Անմիջապես հանդիպումից հետո «Նաիրի» կինոթատրոնի մերձակայքում ձերբակալվել ու ոստիկանություն է տարվել 35 հոգի: Վարչական կալանքի են ենթարկվել 11 հոգի Երեւանից եւ 14-ը մարզերից. նրանք մեր կուսակցության անդամներն ու համակիրներն են»: Սարգիս Մուրադխանյանը պատրաստակամություն հայտնեց նշել բոլոր անունները, եթե դարձյալ վիճարկվի իրենց հրապարակած թվերի իսկությունը: Մի դեպք արդեն իսկ մատնանշեց. «Մեր կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության ղեկավարներից Գայանե Կարապետյանին ձերբակալել են ապրիլի 5-ին՝ առավոտյան ժամը 7:30-ին իրենց տանը՝ ինֆարկտ տարած, սրտային հիվանդ մոր ներկայությամբ (ոստիկանությունը հավատարիմ է կա՛մ գիշերային, կա՛մ վաղ առավոտյան ձերբակալություններ իրականացնելու իր գործելակերպին.- Ա. Ի.), տարել Շենգավիթի ոստիկանատուն, որտեղ պահել են մինչեւ երեկո: Ազատ են արձակել մեր հանդիպման ավարտից հետո, չեն ներկայացրել ոչ մի մեղադրանք, զրուցել են ու ապարդյուն աշխատել համոզել, որ ետ կանգնի իր գաղափարներից»: Այս օրինակով «ԱՄ» փոխնախագահը փորձեց ապացուցել, որ ոստիկանները որոշ դեպքերում բերման են ենթարկել առանց ամփոփագրում գրանցելու, որպեսզի մեզ ու միջազգային հանրությանը հայտնի չդառնա ձերբակալվածների իրական քանակը. «Արտաշես Գեղամյանի նշած 127 թիվն աճում է: Մենք էլի տեղեկություններ ունենք, որ այլ մարդկանց էլ են տարել: «Ազգային միաբանության» գրեթե բոլոր խոշոր տարածքային կազմակերպությունների ղեկավարների դռները ծեծել են, անհանգստացրել ընտանիքի անդամներին»: Հետապնդումներ են իրականացվել նաեւ իր՝ Սարգիս Մուրադխանյանի նկատմամբ. «Թերեւս նրանց վրա ազդեցություն էր գործել այն, որ Արտաշես Գեղամյանի ասուլիսի ընթացքում հայտնեցի, թե ոստիկանները փնտրել են իմ որդուն՝ Հմայակին: Ու երեկոյան ինձ հեռախոսով հայտնեցին, թե տուն գալու կարիք չկա, որովհետեւ բավական բարձրաստիճան ոստիկաններ հարազատներիցս փորձել են պարզել գտնվելուս վայրը: Բնականաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավական լուրջ անելիքներ ունենք՝ հարկ համարեցի առայժմ չերեւալ այն վայրերում, ուր ինձ կարող են ձերբակալել: Իսկ «ԱՄ» գրասենյակ նրանք չեն գալիս, սարսափում են. ես այստեղ եմ, թող գա՛ն»: Եւս մի բնութագրական հանգամանք՝ իրավապահները թիրախ են դարձնում հատկապես նրանց, ովքեր չունեն պատգամավորական անձեռնմխելիություն, եւ դյուրին կլինի նրանց կալանավորելը: Սակայն այս հանրահավաքի համար աննախադեպ փաստն այն էր, որ վարչական տույժերի ենթարկվեցին դպրոցականներ: Մեր հարցին՝ նրանք նույնպե՞ս «ԱՄ» համակիրներ էին, պրն Մուրադխանյանը պատասխանեց. «Մեր կուսակցությունը տարբեր տարիքի համակիրներ ունի, սակայն հանդիպմանը չէինք հրավիրել դպրոցականների»: Ի դեպ, արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանն այս առնչությամբ հիշեցրեց, թե «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց 16 տարին լրացել է. «Այսինքն, մինչեւ 16 տարեկան անչափահասները վարչական պատասխանատվության չեն ենթարկվում»։ Ըստ այդմ՝ ոստիկաններն ուղղակի ռեկետի էին ենթարկել երեխաներին, եւ ապօրինի տուգանելու համար այժմ կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության: Սակայն արդյոք հայտնի՞ են փաստեր, որ պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնք բռնություն էին գործադրել ապրիլի 5-ի հանդիպման ընթացքում եւ, ասենք, սուր-կտրող գործիքով ծակել էին 17-ամյա Արմեն Թամրազյանի գլուխը: Ի պատասխան, «ԱՄ» փոխնախագահն ասաց. «Մեր օպերատորը՝ Արսեն Քեհյանը եւս ենթարկվել է բռնության. ամենաբռի եւ կոպիտ ձեւով կոտրել են մեր տեսախցիկը, որ ճիշտ է՝ 14 հազար դոլար չարժեր, ինչպես «Հայլուրինը», բայց էլի էժան չէր: Սակայն իրավապահները ոչ մի հետաքրքրություն չեն դրսեւորել այս ամենի նկատմամբ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը երեկ թարմ տվյալներ հաղորդեց «Առավոտին», որ այժմ Երեւանում վարչական պատասխանատվության են ենթարկված 45 հոգի, որոնցից 26-ը ենթարկվել է վարչական կալանքի, իսկ 19-ը՝ տուգանվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել