Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԱԶ ԻՄ ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ»

Ապրիլ 08,2004 00:00

Հանրահայտ այս երգը հոգում՝ Պորտուգալիայում է ապրում հայկական ազգագրական-ժողովրդական երգարվեստի երախտավոր Հայրիկ Մուրադյանի թոռը՝ թավջութակահար, միջազգային մրցույթների (այդ թվում՝ Չայկովսկու եւ Պ. Կասալսի անվան) դափնեկիր Լեւոն Մուրադյանը։

Մինչ հարցազրույցը սկսելը (նաեւ ընթացքում), թավջութակահարը դնդնում էր «Երազ իմ երկիր հայրենի»-ի երաժշտությունը։ «Առավոտի» հետաքրքրությանը՝ թե ինչո՞ւ է նրան այդքան հարազատ հատկապես այս երգը եւ գիտե՞, արդյոք, որ դա նաեւ ՀՀ բանակի օրհներգն է, Լ. Մուրադյանն ասաց. «Ընդհանրապես, հայկական ժողովրդական ու ազգագրական արվեստը ինձ շատ հոգեհարազատ է՝ հասկանալի պատճառով։ Պետք է տեսնել միայն, թե ինչպես են արտերկրում ընդունվում, օրինակ, Կոմիտասի հայկական ժողովրդական երաժշտության ասլամազյանական մշակումները»։

1989թ. ի վեր սա երաժշտի չորրորդ այցելությունն է հայրենիք։ «Առավոտի»՝ «Ի՞նչն է պատճառը, որ ձեզ հաճախ չենք տեսնում երեւանյան բեմերում» հարցին Լ. Մուրադյանը պատասխանեց. «Վերջերս, երբ ծնվեց իմ երկրորդ աղջնակը, որի համար, Պորտուգալիայում 15-օրյա վճարովի արձակուրդ է հասնում նորածնի հորը, «Գյուլբենկյան» նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Լորենց Ֆոսթերը կեսկատակ-կեսլուրջ ինձ ասաց, որ խնդրում է հաջորդ տարի էլ չկրկնվի նույնը»։

Մեր հաջորդ՝ «Հայաստանցի ձեր գործընկերներից շատերի նման, դուք էլ բնակվում ու ստեղծագործում եք արտերկրում։ Ձեր դեպքում ի՞նչը առիթ կամ պատճառ հանդիսացավ» հարցին Լ. Մուրադյանը պատասխանեց. «Ես մեկնել եմ Լիսաբոնի «Գյուլբենկյան» նվագախմբի տնօրինության հրավերով ու աշխատում եմ մինչ օրս։ Իհարկե, զուգահեռ հանդես եմ գալիս մենահամերգներով, ինչպես նաեւ լարային տարբեր կազմերով։ Ղեկավարում եմ Լիսաբոնի պետական համալսարանի թավջութակի դասարանը, հրավիրվում եմ նաեւ երիտասարդ կատարողների միջազգային մրցույթների՝ որպես ժյուրիի անդամ։ Պորտուգալիայում երեք տարին մեկ անցկացվող Ջուլիո Կարդոնայի անվան երիտասարդ երաժիշտների մրցույթի ժյուրիի մշտական անդամ եմ։ Անցկացնում եմ նաեւ վարպետության դասընթացներ մասնավորապես Իսպանիայում ու Գերմանիայում»։

Լ. Մուրադյանը հատկապես նշեց, որ Լիսաբոնում բնակվող երաժիշտներ Նարինե եւ Մարինե Դելալյանների, Խաչատուր Ամիրխանյանի, Վարուժան Բարդիկյանի, Հրանտ Երանոսյանի եւ մյուսների մասնակցությամբ պրոպագանդում են Կոմիտասից մինչեւ Էդ. Միրզոյան, Ղ. Սարյան, Հ. Դելալյան ու հայ ժամանակակից մյուս կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ըստ նրա, ոչ այնքան բազմազգ պետության մեջ, ինչպիսին Պորտուգալիան է, «մեզ խորթ չենք զգում»։ Երաժիշտն նշեց նաեւ, որ պորտուգալացիների ջերմ վերաբերմունքը դեպի հայ ազգը գալիս է Պորտուգալիայում երկար տարիներ ապրած մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանից։ «Պորտուգալիայում խորին երախտագիտությամբ են հիշում նրա բարեգործական գործունեությունը հատկապես մշակույթի ոլորտում»,- տեղեկացրեց թավջութակահարը։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ. «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 9-ին թավջութակահար
Լ. Մուրադյանը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել