Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿՈՉԵՐՆ ԱՆԿԵՂԾ ՉԵՆ

Ապրիլ 08,2004 00:00

Ըստ
Կարապետ Ռուբինյանի, իշխանության ամբողջ պայքարը աթոռը պահելու համար է
-Պրն Ռուբինյան, ինչպե՞ս եք գնահատում միավորված ընդդիմության՝ իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունները։

-Ես դժվարանում եմ վերջնական գնահատականներ տալ, որովհետեւ նրանց նախորդ գործունեությունն այնքան էլ չի տրամադրում դեպի լավատեսություն։ Բայց այն, որ նրանք այս պահին փորձում են իրականացնել մեր ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունը՝ անվերապահ ճշմարտություն է։ Իմ անձնական շփումները ժողովրդի հետ նույնն են ապացուցում։ Դա ակնհայտ էր դեռ վերջին շինծու նախագահական ընտրություններից հետո։ Նույնը հիմա է։ Կարծում եմ, ընդդիմության համար դա մեծ խթան է, որպեսզի կարողանան հաջողության հասնել։

-Իշխանություններն իրենց ձեռնարկած համապատասխան քայլերով (ձերբակալություններ, ձվահարում եւ այլն) կկարողանա՞ն ժողովրդի պոռթկումը ճնշել։

-Չեմ կարծում, որ դրանք համապատասխան քայլեր են։ Համապատասխանն այն կլիներ, որ իշխանությունը պարզապես հեռանար։ Դա ցույց կտար նրանց սերը՝ հայրենիքի եւ հարգանքը՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ Կատարված քայլերը հանցագործ են։ Նաեւ նախորդ օրվա դեպքերն են հաստատում, որ իշխանությունը որոշել է պայքարել սեփական ժողովրդի դեմ՝ առանց միջոցների մեջ որեւէ խտրականություն դնելու։ Գործի են դրել «սեւ հարյուրակայիններին» եւ այդ ամբողջ պայքարը ոչ թե, այսպես կոչված, կայունության կամ երկրի բարգավաճման համար է, այլ սեփական աթոռը թեկուզ մեկ օր, թեկուզ մեկ ժամ ավելի պահելու։

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք տարբեր բեւեռներից, եւ հատկապես ՀՅԴ-ի կողմից, հնչեցվող երկխոսության կոչերը։

-Եթե նկատում եք, այդ երկխոսության կոչի պայմանը հետեւյալն է՝ իրենց «պապան», իրենց աթոռներ տված Քոչարյանը պիտի մնա անձեռնմխելի, մնացածի շուրջ կարող ենք բանակցություններ վարել։ Մեկ-երկու աթոռ, մեկ-երկու դերակատարություն… Բայց ամբողջ հարցը հենց նրանում է, որ Հայաստանում իշխանությունը զավթված է հենց Ռ. Քոչարյանի կողմից։ Հիմա խոսքը գնում է խաղաղ ճանապարհով սահմանադրական կարգը վերականգնելու մասին, չնայած իշխանությունը դա անվանում է սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու գործընթաց։ Ի դեպ, սահմանադրական կարգը վերականգնելը էնպիսի լավ եւ ժողովրդահաճո գործ է, որ նույնիսկ կարելի է այն վերականգնել։ Դրա համար խրախուսել կարելի է։ Այսինքն՝ երկխոսության այդ կոչերը ո՛չ անկեղծ են, ո՛չ էլ բխում են երկրի շահերից։ Դրանք պատեհապաշտ կոչեր են, որոնցով փորձ է արվում ֆոն ստեղծել՝ իբր իշխանությունը կամ նրա մաս կազմող ուժերը ամեն ինչ անում են՝ երկիրն անկանխատեսելի զարգացումներից ետ պահելու համար։ Մինչդեռ իրենք կանխատեսել են այդ զարգացումը եւ արդեն ցույց են տալիս, որ ցանկացած բռնության ու սահմանադրական խախտման պատրաստ են գնալ։

-Այս իրավիճակում հնարավոր կլինի՞ քաղաքացիական պատերազմից խուսափել։

-Քաղաքացիական պատերազմը ենթադրում է ժողովրդի պառակտվածություն։ Մեր վիճակում ժողովուրդն ամենեւին էլ պառակտված չէ, ավելին, միակամ է՝ ի՛ր իշխանությունը վերականգնելու, չհանդուրժելու քոչարյանական խունտայի գոյությունը։ Ուստի, մենք ռեալ վտանգի առջեւ ենք կանգնած, որ Քոչարյանը պիտի փորձի պահպանել իր բռնապետությունն ուժի գործադրմամբ։ Սա բռնություն է սեփական ժողովրդի նկատմամբ։

-Տեսակետ կա, որ ՌԴ-ն էլ դեմ չէր լինի Քոչարյանից ազատվելուն։ Այդ կոնտեքստում ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ազդեցությունն այս զարգացումների վրա։

-Ռուսաստանին ձեռնտու չէ, որ Հայաստանում տեղի ունենան ժողովրդավարական բարեփոխումներ եւ իշխանության գան ուժեր, որոնք ղեկավարվում են սեփական ժողովրդի շահերով։ Որովհետեւ այդ դեպքում, ի դեմս Հայաստանի, նա կկորցնի հենարան, քանի որ իր սեփական զարգացումները, որպես պետության, ամենեւին էլ ժողովրդավարական չեն։ Հայաստանում ժողովրդի շահով առաջնորդվող ոչ մի իշխանություն չի ստանձնի ՌԴ-ի ձեռքին խամաճիկ լինելու դերը։ Ավելին, ձգտելու են Եվրոպային ինտեգրվելուն։ Ներկայիս լիդերները (ընդդիմությունը.- Ն. Գ.), հաշվի առնելով նրանց հաճախակի այցերը Մոսկվա, ինձ այնքան էլ վստահություն չեն ներշնչում։ Միգուցե դա իներցիա է, որը կհաղթահարվի, եթե նրանք իշխանության անցնեն։

-Եթե փորձենք կանխատեսումներ անել՝ ինչո՞վ կավարտվի այս ամենը։

-Ես տեսնում եմ սպասումը՝ շատ արագ հանգուցալուծման։ Բայց նաեւ պիտի զգուշացնեմ, որ պայքարը կարող է երկարատեւ լինել եւ ամենեւին պետք չէ հիասթափվել, եթե, ասենք, մոտակա 10 օրվա ընթացքում իշխանափոխություն չիրականանա։ Ակնհայտ է, որ այս իշխանությունը տապալվել է բոլոր ոլորտներում եւ չունեն որեւէ լծակ՝ երկար ժամանակ ժողովրդին իշխելու։ Եթե 10 օրից չլինի՝ 15 օրից կլինի, մեկ ամսից կլինի։ Քոչարյանի ժամանակն ավարտվել է։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել