8 April 2004
ՀԱՊՃԵՊ ՕՐԵՆՔ ՊԵՏՔ ՉԷ
«Հիմնական խնդիրը համարում ենք այն, որ տվյալ իրավիճակում փաստացի
ակնհայտ է իրավական վակուումը,- «Առավոտին» ասաց ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի
ղեկավար Վլադիմիր Պրյախինը հանրահավաքների առջեւ հարուցված խոչընդոտների
առնչությամբ:- Երկրում չկա օրենք ցույցերի եւ երթերի մասին: Եվ արդեն մեկ
տարի է, ինչ մեր գրասենյակն արծարծում է այդ օրենքն ընդունելու խնդիրը: Փետրվարի
26-ին մենք ստացանք այդ օրենքի նախագիծը: Մեզ որոշ ժամանակ պահանջվեց դրա
փորձաքննությունն իրականացնելու համար: ԵԱՀԿ փորձագետները նախապատրաստել
են 30 էջանոց մի եզրակացություն, որում մատնանշված են այդ օրենքի որոշ անհարթությունները,
եւ մենք շատ կցանկանայինք, որ մեր խիստ որոշակի դիտողությունները հաշվի առնվեին
այդ օրինագծի մշակման ժամանակ»:
Հայաստանի ընդդիմադիրները հակաժողովրդավարական են համարում կառավարության ներկայացրած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» նախագիծը, որն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ: Մեր հարցին՝ իսկ ի՞նչ գնահատական ունեն ԵԱՀԿ փորձագետները, պրն Պրյախինը պատասխանեց. «Մեր փորձագետներն իրենց տեսակետը ձեւակերպել են այսպես, թե այդ նախագիծը բարյացակամ բնույթի չէ ցուցարարների նկատմամբ, այսինքն՝ առկա է որոշ «մեղավորության կանխավարկած» ցույցերի մասնակիցների նկատմամբ: Գուցե դա միտումնավոր չէր արված՝ ինձ համար դժվար է դատելը, սակայն փորձագետների տեսակետն այն է, թե հարկավոր է ընդհանուր առմամբ վերափոխել օրենքի ոգին՝ այն առավել շրջելով դեպի այն մարդիկ, ովքեր մասնակցում են ցույցերին՝ նրանց նախապես չդիտարկելով իբրեւ չարագործների: Եվ այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատել. օրենքի գրեթե բոլոր հոդվածներում առաջարկել ենք փոփոխություններ, որոնք օրերս փոխանցել ենք: Եվ մենք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ մեր շատ արդյունավետ զրույցի ընթացքում՝ ի դեմս նրա, Հայաստանի ղեկավարության ուշադրությունը հրավիրեցինք, թե պետք չէ այս առնչությամբ հապճեպ օրենք ընդունել, եթե հաշվի չեն առնվելու Հայաստանի հանրության բոլոր իրողությունները եւ միջազգային փորձագետների մեկնաբանությունները: Ավելի լավ է սպասել»:
Ա. Ի.