Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ

Ապրիլ 07,2004 00:00

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ Երեկ լրացավ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցին նախնական կալանքի տակ պահելու 72 ժամը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Հրաչ Հովհաննիսյանի նախագահությամբ, շուրջ 30 րոպե տեւած նիստում որոշում է կայացրել Սուրեն Սուրենյանցին 2 ամիս նախնական կալանքի ենթարկել: Հետաքրքիրն այն է, որ դատավորն իր այս որոշումը փաստարկելու համար այնպիսի ձեւակերպումներ է ներկայացրել, որոնք իրեն թույլ չի տվել անգամ քրգործի նախաքննությունը վարող ՀԿԳ քննիչ Բագրատ Պետրոսյանը: Հ.Հովհաննիսյանի որոշման համաձայն, Ս.Սուրենյանցը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ: Ըստ նրա, բավարար հիմքեր կան «ենթադրելու», որ մեղադրյալը կարող է թաքնվել նախաքննական մարմնից, վերջինիս կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալ, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնել կամ՝ կեղծել, կամ՝ կատարել Քր.օր.-ով արգելված արարք, խուսափել քրեական պատասխանատվությունից, խոչընդոտել դատավճռի կատարմանը: Ս.Սուրենյանցի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը երեկ անհիմն համարեց այդ ենթադրությունները եւ հայտարարեց, թե՝ «ինչ եղել, եղել է փետրվարի 28-ին, եւ իր պաշտպանյալն ազատության մեջ լինելով չի կարող ոչնչացնել իրեղեն ապացույցները՝ տվյալ դեպքում փետրվարի 28-ի հանդիպման տեսագրությունը»: Երեկ Ս.Սուրենյանցին արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել իբր «հրապարակայնորեն իշխանության ներկայացուցիչներին վիրավորելու, սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար»: Ի դեպ, նրան մեղադրում են այն բանի համար, որ նա հայտարարել է, թե ապօրինի հրահանգներ կատարող ոստիկանները ստորաքարշներ են: ՀՀ գլխավոր դատախազությունը միայն իրեն հայտնի տրամաբանությամբ այս ձեւակերպումը վիրավորանք համարելուց զատ, դա վերագրել է կոնկրետ երեք պաշտոնյայի, ընդ որում՝ անվանական՝ ոստիկանապետ Հայկ Հարությունյան, փոխոստիկանապետ Հովհաննես Վարյան եւ Աշոտ Գիզիրյան: Վերջիններս Ս.Սուրենյանցի հայտարարություններից վիրավորված լինելու կապակցությամբ հայտարարություն չեն արել: Բոլոր դեպքերում Ս.Սուրենյանցի պաշտպան Ռ.Գրիգորյանն ասաց, որ պատրաստվում է առաջին ատյանի դատարանի կայացրած «անհիմն որոշումը» բողոքարկել: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930