Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ԴԵՄ ՀԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՒԺԱՆԻ»

Ապրիլ 07,2004 00:00

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ԴԵՄ ՀԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՒԺԱՆԻ» Ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը – Հանրահավաքների եւ հանդիպումների ժամանակ արդեն վատ սովորություն է դարձել բռնությունը եւ ուժի ցուցադրումը։ Ինչո՞ւ են իշխանությունները նման ձեւով իրենց պահում։ – Ես չեմ կարծում որեւէ իշխանություն կարող է արգելել այդ հանրահավաքները։ Հանրահավաքներում հնչող կոչերը եթե բռնության կոչեր լինեն, իսկապես մեղադրելի են։ Եթե ուղղակի ինչ-որ մեկը պահանջում է նախագահի հրաժարական կամ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, այդտեղ ես ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում եւ ինձ համար զարմանալի է, որ երեկվա (խոսքը ապրիլի 5-ի «ԱՄ»-ի հանդիպման մասին է.- Մ. Ե.) հանրահավաքը տեղի չունեցավ հենց Մատենադարանի մոտ։ Կարծում եմ, շատ լավ, նորմալ, ուրախ հանրահավաք կլիներ։ Իմաստ չուներ այդ լարվածությունը։ Եթե լինեն անկարգություններ եւ ոստիկանությունն իր իրավունքներն օգտագործի, նույնպես նորմալ է եւ դա գտնվում է օրենքի շրջանակներում։ Ամենավտանգավորը, որ Հայաստանում տեղի է ունենում, եւ ցավոք սրտի, դա միշտ կրկնվում է՝ քաղաքական ուժի դեմ հանում են խուժանի։ Սա ամենավտանգավորն է։ Որովհետեւ իշխանությունը, որը խուժանի վրա հենվելով պահում է կամ վերցնում է իշխանություն, դառնում է պատանդ։ Եվ արդեն իր պատանդը դառնում ենք մենք՝ ամբողջ ժողովուրդը։ – Իսկ լրագրողների հանդեպ իրականացված բռնություննե՞րը… – Այդ ամենի տրամաբանական շարունակությունն է, քանի որ պետք չէ, որ ինֆորմացիա դուրս գա եւ չիմացվի, թե ովքեր են իրենք, աշխատում են այդ խցիկները ջարդել։ Մեկ ուրիշ միտում էլ կա՝ թղթակիցներին վախեցնել, ինչպես վախեցնում են քաղաքական գործիչներին, ակտիվիստներին։ – Պրն Մանուկյան, դուք ասացիք զարմանում եք, թե ինչու հանդիպումը Մատենադարանի մոտ տեղի չունեցավ, սակայն ինքս հաշվել եմ, որ Մատենադարանի եւ ԱԺ-ի տարածքից Մաշտոցի պողոտայով հանդիպումից մի քանի րոպե անց դղրդյունով եւ ազդանշանով անցան 10 ավտոբուսներ՝ լեփ-լեցուն զինվորներով, 4՝ ջրցան մեքենա, 4՝ փշալարերի, եւ բազմաթիվ այլ մեքենաներ՝ զինվորներով լեցուն։ Տպավորությունն այնպիսին էր, թե պատերազմ է սկսվել։ – Ես ոչ թե ընդդիմությանն եմ մեղադրում, թե ինչո՞ւ Մատենադարանի մոտ չարվեց, այլ՝ իշխանություններն իրենք պետք է թույլ տային։ Ես կարծում եմ, մեր ժողովուրդը մի քիչ տարօրինակ ժողովուրդ է։ Երբ մենք հեռուստացույցով տեսնում ենք Լոնդոնում, Փարիզում կամ մեկ ուրիշ տեղ ֆուտբոլ է, կամ գյուղացիներն ու բանվորները բողոքով են գալիս, մոտոցիկլետներ են վառվում, ապակիներ են ջարդվում, զարմանում ենք։ Իսկ մեր ժողովուրդը շատ կարգապահ, շատ նորմալ ժողովուրդ է։ Իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի դրդեն, որ ժողովուրդը դառնա այնպիսին, ինչպիսին «քաղաքակիրթ» Եվրոպայում է։ Ես կարծում եմ՝ իշխանությունները այս պահին «գող՝ սիրտը դող» վիճակում են։ Բացի արհեստական լարվածություն ստեղծելուց, երեւի համարժեք չեն գնահատում նաեւ իրավիճակը։ – Այդ դեպքում՝ ի՞նչ կլինի ապրիլի 9-ին եւ դրանից հետո։ Օրինակ, Ա. Գեղամյանն այսօր ասուլիսում հայտարարեց, թե Ռ. Քոչարյանը, իր կարծիքով, 2-3 օրից հրաժարական կտա։ Ձեր կանխատեսումը ո՞րն է։ – Իմ ունեցած տեղեկությամբ, ապրիլի 9-ին տեղի է ունենալու մեծ, հզոր, պահանջներ ներկայացնող հանրահավաք։ Ես չգիտեմ ուրիշ զարգացումների մասին։ Ինչ վերաբերում է ժամկետներին։ Ես ինքս գտնում եմ, Հայաստանում գոյություն ունի ֆունդամենտալ պրոբլեմ։ Ոչ միայն այն, որ նախագահը ընտրված չէ, այլեւ այն, որ նախագահի կողմից իրականացվող ամբողջ քաղաքականությունը չի համապատասխանում մեր ժողովրդի մտածողությանը, մենթալիտետին, ապագայի նկատմամբ հույսերին ու հավատին։ Համոզված եմ, որ այս իշխանությունը չի կարողանալու իշխանությունը իր ձեռքում պահել եւ գնալու է։ Մի բան հասկանալի է՝ դա կլինի ժողովրդի պահանջով։ Ես ինձ վրա համարձակություն չէի վերցնի նշել գնալու ձեւերը եւ ժամկետները։ Եվ եթե ինձ հարցնեին, ես կուզեի, որ դա կատարվեր բոլորի հասկացությամբ, հնարավորինս՝ մեղմ։ Վերջիվերջո, իշխանությունը միայն Ռ. Քոչարյանը չի։ Իշխանության մեջ հազարավոր ու տասնյակ հազարավոր ծառայողներ են, աշխատողներ են, կառավարական շրջանակի մարդիկ, որոնց մեծ մասը շատ առողջ, նորմալ մտածող մարդիկ են։ Եվ հակադարձ թշնամությունը չի լուծելու հարցը։ Ես հարցն այսպես եմ դնում՝ կա պրոբլեմ, այդ պրոբլեմը պետք է լուծվի։ Ժողովուրդը իր հանրահավաքներով այդ սրում է եւ բարձրացնում գիտակցության աստիճանի։ – Դուք հնարավոր համարո՞ւմ եք հեղաշրջումը իշխանության ներսում։ – Եթե ընդդիմությունը, բացի վճռականությունից ցուցաբերի նաեւ խելք եւ դիմացինները ոչ թե թասիբի ընկնեն, այլ սկսեն հասկանալ, որ լուծվում է ոչ թե իրենց հարցը, այլ՝ լուծվում է երկրի հարցը, ինձ թվում է, այդ դեպքում դա շատ բնական սցենար կարող է լինել։ Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930