Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ապրիլ 07,2004 00:00

Հայաստանում
տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ կան, որոնք զբաղվում են կանանց
իրավունքների պաշտպանությամբ։
Սակայն հաճախ այդ պաշտպանությունը գրանտներից եւ սեմինարներից այն կողմ չի գնում։

Արարատյան զանգվածի 1-ին փողոցի 16 շենքի 6-րդ բնակարանի տիրոջը՝ 78-ամյա Գեղեցիկ Ղազարյանին ոչ միայն չեն տեղեկացրել, որ խլել են իր բնակարանը՝ դատական ատյաններում վտարում ձեւակերպելով, այլեւ օտարել են գույքը։ Գ. Ղազարյանը հայտնվել է փողոցում։ Նրա հետ պատահածի մասին «Առավոտի» մի քանի հրապարակումները ժամանակավորապես կանխեցին վտարումը, սակայն երեկ Գ. Ղազարյանը մեզ տեղեկացրեց, որ տունը այդ ընթացքում վաճառվել է։ Գողացել են զգեստապահարանը, սպասքապահարանը, սառնարանը, հագուստները։ Իսկ այդ ողջ ընթացքում Հայաստանում 6 փաստաբան իբրեւ թե զբաղվել է Գեղեցիկ տատիկի իրավունքների պաշտպանությամբ։ Բայց փաստաբաններն իրականում հրաժարվել են անվճար օգնություն ցույց տալուց, իսկ հ/կ-ներն էլ այդ օգնությունը չեն ֆինանսավորել. «Մի ամբողջ տարի՝ ինչ դրսում եմ, տանջանքների մեջ։ Երբ տեսնում են ինձ, մտածում են, որ փող չունեմ եւ ոչ ոք ձեռք չի մեկնում ինձ»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին եւ առաջին տիկին Բելլա Քոչարյանին է դիմել գյումրեցի Տիրուհի Թամրազյանը։ 1988թ. փլուզվել է նրա 3 սենյականոց բնակարանը եւ նա՝ երեք զավակների մայրը, 15 տարի շարունակ ապրել է ամենածանր պայմաններում։ 2003-ին Գյումրիի քաղաքապետարանը հիմք ընդունելով բնակարանային հերթում նրա գտնվելու հանգամանքը, տրամադրել է «ամրացման կտրոն»՝ Գյումրիի Մանուշյան փողոցի 2 շենքի թիվ 10 բնակարանի համար։ Սակայն Շիրակի մարզպետարանը հանձնում է բնակարանը մեկ այլ ընտանիքի։ Տ. Թամրազյանը խնդրում է, որ իրեն տրամադրեն մերժումը հիմնավորող փաստաթուղթը, որպեսզի նա կարողանա դատական կարգով վերականգնել բնակարանի նկատմամբ իր իրավունքները։ Տ. Թամրազյանը հաշմանդամ է, սակայն դա էլ ոչ մի ձեւով չի ազդում մարզպետարանի վրա։ «Ոտնահարելով իմ արժանապատվությունը, ինձ պարտադրեցին ցուցադրել իմ ֆիզիկական վիճակը»,- ասում է Տ. Թամրազյանը։

Արմավիրի մարզի դատական ատյանում է գտնվում Մնացական Եղյանի գործը։ Ոսկեհատ գյուղի բնակիչը այս տարվա հունվարի 1-ին գնալով իր ծանոթի՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Այգեստան փողոցում գտնվող Աիդա Ադամյանի տուն, «փորձել» է շնորհավորել նրա Ամանորը։ Եվ «շնորհավորել» է՝ դանակահարելով կնոջը եւ նրա որդուն։

Խմբագրություն դիմած Արմենուհի Մնացականյանին նպաստ չեն տալիս, պատճառաբանելով, որ չունի անհատական համարանիշի քարտ։ Ա. Մնացականյանը ոչ մի տեղ չի աշխատում եւ իր գոյությունը քարշ է տալիս շնորհիվ 500 դոլարից ավելի աշխատավարձ ստացող պատգամավորների երկնած օրենքի, ըստ որի, քարտի առկայությունը պարտադիր է միմիայն հունիսի 1-ից։

Երկու օր առաջ Արտաշես Գեղամյանի եւ ժողովրդի հետ հանդիպման ժամանակ քաշքշուկի մեջ են հայտնվել տիկին Քնարիկը եւ մի քանի այլ կանայք։ Տիկին Քնարիկը խմբագրություն էր եկել ՀՀ քրեական օրենսգրքի 163 հոդվածը արտագրած։ Ըստ այդ հոդվածի, «ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր անցկացնելուն, կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը… պատժվում է տուգանքով կամ կալանքով, կամ ազատազրկմամբ առավելագույնը 2 տարի ժամկետով»։ Հիմա նա հարցնում է. «Սափրած գլուխներով արիների արարքը, իրենց հրմշտելը, քաշքշելը, վիրավորելը դատապարտվելո՞ւ է, թե՞ ոչ, նրանք պատասխանատվություն պիտի կրե՞ն, թե՞ ոչ եւ ո՞վ պիտի պաշտպանի մեր անվտանգությունը հասարակական վայրերում, խաղաղ միջոցառումների ժամանակ»։

Այսօր կանանց միամսյակը կավարտվի։ Նոր փորձությունները դեռ առջեւում են։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել