ԱՄՆ-ում՝
ԱԺ պատգամավորի ձերբակալության պատմությունն առայժմ մութ է մնում
ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի՝ ԱՄՆ-ում ձերբակալվելու, բռնությունների ենթարկվելու, դատավարության ընթացքի մասին տեղեկությունները կցկտուր եւ հակասական էին: Դժվար էր գտնել մեկին, ով մինչեւ վերջ հասկացած լիներ, թե ինչո՞ւ էին ձերբակալել պատգամավորին, ո՞վ էր նրա վրա «գործ տվել», ի՞նչ արեց ՀՀ-ն՝ իր քաղաքացուն օգնելու համար, եւ այլն: Այս հարցերի ճշգրիտ պատասխանները ոչ մի աղբյուրից հնարավոր չէր ստանալ: Երեկ այդ ամենը պետք է որ պարզաբանվեր՝ ԱՄՆ-ից բարեհաջող վերադարձած Թ. Մանասերյանի ասուլիսի ժամանակ: Սակայն ասել, թե տրվեցին բոլոր հարցերի պատասխանները՝ չափազանցություն կլինի: Նախ, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ո՞ւմ կամքով Վաշինգթոնի օդանավակայանում ձերբակալվեց Թ. Մանասերյանը: Եթե մինչեւ վերջերս հնչում էր տեսակետ, թե պատգամավորին ձերբակալել են նախկին կնոջ դիմումի հիման վրա, ապա երեկ նա հայտարարեց, թե «ձերբակալությանս առաջին իսկ օրվանից որդիս եւ իր մայրը դիմել են ամերիկյան իշխանություններին՝ ասելով, որ ոչ մի հիմք չկա, եւ ոչ ոք իրավունք չունի իրենց անունից մեղադրանք ներկայացնել, եւ խնդրել են ազատ արձակել: Խնամքի հարցը շահարկվել է ընդամենը»: Իսկ երեխան, որի խնամքի մասին խոսք է գնում, վաղուց խնամքի կարիք չունի, քանի որ չափահաս է. «97թ. ես վերադարձել եմ ՀՀ՝ որդուս հետ: Այն ժամանակ եղել է խնամքի հարց, որը լուծվել է երեք օրում»: Պարոն Մանասերյանը ասաց, որ իր փաստաբանները աշխատում են՝ պարզելու համար, թե ինչո՞ւ եղավ այն, ինչ եղավ: Ենթադրություն կա, որ պատճառը սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ում խստացված ռեժիմն է, եւ ամենափոքր կասկածի դեպքում անգամ մարդկանց կալանում են:
Ինչ վերաբերում է «Արդարություն» դաշինքի անդամին ազատելու գործում մեր պետության կատարած դերին, ապա, ըստ պատգամավորի, դա «բացարձակ սուտ է»: Նա նույնիսկ առաջարկեց. «Եթե պետությունը կարող է որեւէ մեկին ազատ արձակել, թող մի պայուսակ ազատի: Նույնիսկ պայուսակ չի կարող վերադարձնել երկիր: Պայուսակս դեռ այնտեղ է, խնդրեմ՝ թող վերադարձնի: Սարսափելի ընկած է ՀՀ հեղինակությունը, հուսամ՝ ժամանակավոր: Իմ գործով բոլոր ձգձգումները կապված էին երկրի վարկի հետ, եւ պետությանը չի կարելի վերագրել չարված քայլեր, ընդհակառակը՝ դեսպանի եւ գլխավոր հյուպատոսի ապաշնորհ կեցվածքը, որ այլ բան չգիտեն, քան խրախճանքներում եւ կազինոներում ժամանակ անցկացնել, եւ որեւէ լուրջ միջամտություն չունենալ իրենց քաղաքացիներին վերաբերող գործերին, շատ վատ անդրադարձավ: Դեսպանատունը մտածում էր երեւի, որ եթե ընդդիմության ներկայացուցիչն է բանտում նստած, կարելի է իշխանություններին հաճոյանալ սեփական անգործությամբ: Երբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին ասացին, որ հարձակում է տեղի ունեցել ինձ վրա, ասաց՝ հետո՞ ինչ, ի՞նչ անեմ: Իսկ վրացի խանութպանին, որը երեք անգամ գողություն էր արել եւ սպառնում էր 20 տարվա ազատազրկում, 24 ժամում բանտից ազատեցին»:
Այնուամենայնիվ, չնայած ձգձգումներին, դատավարությունը կայացավ, եւ պատգամավորի վրայից հանվեցին բոլոր մեղադրանքները: Ամբողջ գործը փակվեց, ավելին՝ նրան տվեցին նոր «գրին քարտ»: Թ. Մանասերյանի ոդիսականը սակայն չի ավարտվել դատավարության ավարտով: Նրա ձեռքը պատահմամբ ընկել են ՀՀ-ից ԱՄՆ ուղարկված փաստաթղթեր, որոնցից մի քանիսը կեղծ են եղել, եւ որոնք կարող էին պատճառ դառնալ պատգամավորի կրկնակի ձերբակալմանը: Օրինակ, փաստաթղթերից մեկում գրված է եղել, իբր նա ծնված է Իրանում: Նա հաստատեց բանտում իր՝ բռնության ենթարկվելու մասին տեղեկատվությունը, ասելով, որ գտնվում էր մի խցում, որտեղ 48 ազատազրկված կար, այդ թվում՝ մարդասպաններ, կրկնահանցագործներ, մոլագարներ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. Գ. Իր ասուլիսում Թ. Մանասերյանը մեղադրանքներ է հնչեցրել
նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հասցեին: Ռադիոկայանի հայկական ծառայության
տնօրեն Հրայր Թամրազյանից իմացանք, որ այդ լրատվամիջոցը չի պատրաստվում ներողություն
խնդրել, ինչպես պահանջում է պրն Մանասերյանը: Հ. Թամրազյանի պարզաբանումները՝
վաղվա համարում: