Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա Ադրբեջան չի, սա Հայաստան է»

Ապրիլ 07,2004 00:00

Երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը
սենսացիոն հայտարարություն արեց՝ «Պրն Քոչարյանը այս երկու օրը, կարծում
եմ, հրաժարական կտա»։
«Ազգային միաբանության» առաջնորդի տվյալներով ապրիլի 5-ին «Նաիրի»-ի մոտ հրավիրված հանրահավաքի օրը ձերբակալվել է 127 «ԱՄ» անդամ։ Իսկ հանրահավաքի ժամանակ բռնություններ եւ անկարգություններ հրահրած սափրած գլուխներով եւ ամրակազմ մարդիկ, ըստ Արտաշես Գեղամյանի, մի քանի օլիգարխների թիկնապահներն են։

«ԱՄ» նախագահը հայտնեց, որ իրենք ԵԽ անդամ բոլոր երկրների եւ ԱՄՆ-ի դեսպաններին երեկ ուղարկել են մանրամասն գրություն՝ «Նաիրիի» մոտ տեղի ունեցած ապօրինությունների մասին։ Նամակում, ըստ Ա. Գեղամյանի, մասնավորապես նշված է, որ Հայաստանի իշխանությունները սերտաճել են հանցագործ տարրերի հետ։ Արտաշես Գեղամյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք վերջ կտան կատարվող ապօրինություններին. «Մի իշխանություն, որի հենարանը քրեական տարրն է՝ դատապարտված է։ Մի իշխանություն, որ ոստիկանությանը պարտադրում է իր աչքի առաջ կատարված հանցագործությունը չկանխել, բնականաբար՝ դատապարտված է»։ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ երկրում կատարվածի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի վրա։ Ըստ Արտաշես Գեղամյանի՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը պատերազմական գործիչներ լինելով, «միայն արյուն են տեսնում, նրանք չկարողացան հարմարվել խաղաղ պայմաններում գործելուն։ Ես զարմանում եմ, մի՞թե նրանց շրջապատի մարդկանցից չկա մեկը, որ բացատրի՝ այ ընկեր ջան, սա Ադրբեջանը չի, սա Հայաստանն է»,- հարցնում է Արտաշես Գեղամյանը ու. «Չեմ հասկանում, էդքան կպա՞ծ են իրենց աթոռներից»։

Ասուլիսի ժամանակ այլ գնահատականներ եւս հնչեցին։ Կրկին ասվեց, որ ընդդիմությունը գնալու է սահմանադրական ճանապարհով։ Ի դեպ, հենց այդ մասին էլ «Առավոտը» հարց ուներ։ Նախորդ օրը մի շարք հեռուստաընկերություններ լուսաբանելով «ԱՄ» խմբակցության եւ ժողովրդի հանդիպումը եւ դրա ժամանակ կոտրված տեսախցիկներն ու լուսանկարչական տեխնիկան, կարծիք էին հայտնել, թե այդ բռնություններն իրականացրել է ընդդիմությունը, եզրակացնելով՝ եթե դա է սահմանադրական ճանապարհը, ուրեմն՝ հասկանալի է։ «Առավոտը» հարցրեց՝ իրո՞ք ընդդիմադիրներն են այդ բռնությունները կատարողները, եթե՝ այո, ինչո՞ւ են կատարել։ Արտաշես Գեղամյանը հարցին պատասխանելով ասաց. «Հայլուրը» հեռարձակեց այդ ստոր սուտը (այլ հեռուստաընկերություններ եւս նման բան են ասել- Մ. Ե.)։ Եթե անգամ «Հայլուրի» տեսախցիկի ուղղությամբ որեւէ մեկը փռշտար, քրեական գործ կհարուցեին։ Նրանք այդպիսի առիթ բաց չէին թողնի»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել