Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԳԵ՛Ք ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ»

Ապրիլ 07,2004 00:00

Հայաստանի
իշխանությանը ցույցերի եւ երթերի առնչությամբ հորդորում է ԵԱՀԿ Հայաստանի
գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը:
Մինչ ընտրողների հետ «Արդարության» եւ «Ազգային միաբանության» հանդիպումների առջեւ ծառացած խոչընդոտների եւ ընդդիմության ակտիվիստների հետապնդումների վերաբերյալ մեր հարցերին պատասխանելը՝ դեսպան Պրյախինը հարկ համարեց շեշտել. «ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը չի խառնվում Հայաստանում ներքին քաղաքական պայքարին, մենք դրա մասնակիցը չենք: Մեր խնդիրը համարում ենք առաջին հերթին այն, որ քաղաքական այս պայքարն ընթանա անհրաժեշտ իրավական հունի մեջ եւ համապատասխանի ժողովրդավարական չափանիշներին ու մարդու իրավունքները հարգելու այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է, անդամակցելով եվրոպական կառույցներին՝ ԵԱՀԿ-ին եւ Եվրախորհրդին»:

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարը նշեց, թե հետեւում են իրադարձությունների զարգացմանը. նրա ձեռքի տակ էր ապրիլի 5-ին «Նաիրի» կինոթատրոնի մոտ կատարվածի տեսագրությունը. «Եվ մենք միջոցներ ենք ձեռք առնում, իշխանությունների ուշադրությունը հրավիրում, որ թույլ չտրվեն խախտումներ»: Նաեւ նշեց. «Մեզ խիստ մտահոգում են կատարված բոլոր ձերբակալությունները, սակայն կուզենայի առանձնահատուկ նշել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի կալանավորումը, որին ուշի-ուշով ենք հետեւելու, քանի որ դա անթույլատրելի է»: Մեր զրույցից առաջ Վլադիմիր Պրյախինը հանդիպել էր «Հանրապետության» քաղխորհրդի անդամներ Վաղարշակ Հարությունյանի եւ Արտակ Զեյնալյանի հետ: Հետաքրքրվեցինք, թե նրանք հայտնեցի՞ն տվյալներ ընդդիմության ակտիվիստներից ձերբակալված 100-ից ավելի անձանց վերաբերյալ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարը պատասխանեց. «Ստույգ թվերի վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Մեր տրամադրության ներքո են 67 դեպքերի վերաբերյալ տվյալներ: Մենք առավոտից պահանջել ու այժմ սպասում ենք իշխանության պաշտոնական հաղորդագրությանը, որ մեզ ներկայացնեն կատարվածի իրենց մեկնաբանությունը եւ որոշակի փաստեր: Ես դա խնդրել եմ ե՛ւ ՀՀ ոստիկանությունից, ե՛ւ ԱԳՆ-ից: Մենք օրվա վերջում կունենանք ամբողջական տեղեկատվություն, բայց անկախ դրանից՝ արդեն համապատասխան հայտարարություններ ենք արել իրավապահ մարմինների ղեկավարներին, որ իշխանություններից ակնկալում ենք հարգել այն չափանիշները, որոնք գոյություն ունեն քաղաքակիրթ Եվրոպայում ցույցերի եւ երթերի վերաբերյալ»: Այսինքն՝ համարում է, թե այդ չափանիշներն այժմ չե՞ն հարգվում: «Մինչեւ երեկ ես դա դեռ չէի կարող ասել,- պատասխանեց դեսպանը:- Սակայն մի հանդիպման գնալով՝ ապրիլի 5-ին հսկիչ կետեր տեսա Երեւան տանող ճանապարհների վրա: Ինքս էլ անցա այդ կետով, եւ դա ինձ տհաճորեն զարմացրեց, քանի որ դժվարություններ էին ստեղծված ազատ տեղաշարժի եւ նրա համար, որ մարդիկ կարողանան մասնակցել հանրահավաքին»:

Ըստ պրն Պրյախինի վկայության՝ վերջին 1,5 օրվա ընթացքում նա զրուցել էր Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, արդարադատության նախարարի եւ ոստիկանապետի հետ: Մեր հարցին, թե ինչպես է մասնավորապես Սերժ Սարգսյանը մեկնաբանել ստեղծված իրավիճակը՝ արդյոք փորձել է համոզել, թե ամեն ինչ օրինականության շրջանակներում է եւ եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարը պատասխանեց. «Այդ հարցն արծարծվել է մեր կողմից: Ես հավաստիացումներ ստացա, որ Հայաստանը շարունակելու է պահպանել ստանձնած պարտավորությունները, եւ կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները, որ հարգվեն նաեւ այդ չափանիշները: Ինչ վերաբերում է իրադարձությունների քաղաքական մեկնաբանմանը՝ չէի ցանկանա վերարտադրել դրանք, քանի որ բավականաչափ հստակ շարադրված են նաեւ լրատվամիջոցներում»:

Վլադիմիր Պրյախինը խոստովանեց, թե ասած չէր լինի ամբողջ ճշմարտությունը, եթե չնշեր նաեւ հետեւյալը. «Ընդդիմության ներկայացուցիչների հետ զրույցների ընթացքում ես նրանց հորդորում եմ ձեռնպահ մնալ քաղաքական պայքարում բռնի միջոցների կիրառումից, կրքեր բորբոքելուց եւ անթույլատրելի մեթոդներ գործադրելուց: Ե՛վ մեկ, ե՛ւ մյուս կողմից այս տեսակետս արժանանում է լիակատար ըմբռնման: Միաժամանակ, երբ մարդիկ փողոց են դուրս գալիս՝ իրավիճակը հաճախ կարող է վերահսկողությունից դուրս գալ: Ասենք, Գյումրիում հավաքվել էին ընդամենը 600 հոգի, սակայն 4-ը՝ վիրավորվեցին, 9-ը՝ ձերբակալվեցին: Ահա եւ «Նաիրի» կինոթատրոնի մոտ էլ լրագրողների նկատմամբ կիրառվեց անթույլատրելի բռնություն, եւ այս ամենը շատ-շատ է մտահոգում»: Վերջին դեպքի առնչությամբ ոստիկանության ներկայացուցիչները հավաստիացրել էին դեսպանին, թե «բռնություն կիրառածները պատկերված են լուսանկարչական ժապավենների վրա, շատերն արդեն իդենտիֆիկացվել են ու միջոցներ ձեռք կառնվեն նրանց նկատմամբ»:

Այնուամենայնիվ՝ ինչպե՞ս է գնահատում այն իրողությունը, որ չնայած եվրոպական կառույցների համառ կոչերին՝ վարչական կալանք չկիրառել ցուցարարների նկատմամբ, Հայաստանի իշխանությունը դարձյալ սկսեց զանգվածայնորեն կիրառել այդ պատժատեսակը՝ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավարը պատասխանեց. «Կարծում եմ, թե այս վիճակից հարկավոր է ելք որոնել, քանի որ այժմ գոյություն ունեցող իրավական վակուումը բացասաբար է ազդում: Պետք է ընդունվի ցույցերի եւ երթերի մասին իսկապե՛ս լավ օրենք»: Իսկ օրենքի ներկա նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ փորձագետների եզրակացութան մասին՝ վաղվա համարում:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել