Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին ասելիքը՝ Հայաստանում

Ապրիլ 06,2004 00:00

Առաջին ասելիքը՝ Հայաստանում Այսօր շվեդաբնակ կոմպոզիտոր, ռեժիսոր Աշոտ Շիրոյանը Կինոյի տանը կհանդիպի լրագրողների հետ: Առիթը նրա նոր CD-ն է՝ «Tales of Highland»-ը: Վերնագիրը թարգմանաբար նշանակում է՝ «Հայկական լեռնաշխարհի պատմվածքներ»: CD-ում հայկական ժողովրդական երգերի՝ նրա մշակումներն են՝ տարբեր ոճերի երաժշտությունների խառնուրդ-համադրություն: Կատարում են Արմեն Պետրոսյանը (կիթառ), Մանան Գարուկյանը (ջութակ), Արսեն Ներսիսյանը (սաքսոֆոն), Հովհաննես Դարբինյանը (թառ) եւ ուրիշներ: Կոմպոզիտորի ստեղծագործություններն ու մշակումները հնչում են ոչ միայն Շվեդիայում, այլեւ Իտալիայում, Ուկրաինայում, Շոտլանդիայում, նաեւ՝ ֆիլմերում ու բեմադրություններում: Աշոտը 1992-ից հաստատվել է Ստոկհոլմում: Ներկայումս տեղի 3K (Kultur Kreativ Kraft) ստուդիայի ղեկավարն է եւ իր խոսքերով իրականացնում է «այնպիսի գործունեություն, ինչպես ՆՓԱԿ-ը Հայաստանում»: Մշակութային այդ կազմակերպությունը ոչ միայն CD-ներ ու ֆիլմեր է արտադրում, այլեւ կազմակերպում է լուսանկարչական ու նկարչական ցուցահանդեսներ, համերգներ եւ այլն: Բոլորն էլ հիմնականում էքսպերիմենտալ, ավանգարդիստական ժանրի: Աշոտ Շիրոյանը իր հետ Հայաստան է բերել 3 ֆիլմ, որոնք կներկայացնի հայ հանրությանը: «Արդեն 25 ֆիլմ է արտադրվել Շվեդիայում, Հայաստան բերել եմ լավագույնները»,- ասաց ռեժիսորը: Դրանցից «Նկարչագեղ Ստոկհոլմը» մասնակցել է մի շարք կինոփառատոների, մասնավորապես՝ Հունգարիայում, որպես փորձարարական կատեգորիայի ֆիլմ՝ նվաճել է առաջին տեղը: Սույն տեսաֆիլմը, որ նկարահանվել է 2002-ին, Շվեդիայի մայրաքաղաքի 250- ամյակի առթիվ, հայաստանցիներին կծանոթացնի Ստոկհոլմի հրաշալիքներին: Մյուս ֆիլմը կոչվում է «Մի անգամ Պանոնիայում» (Պանոնիան Հունգարիայի հին անվանումն է- Գ. Հ.): Այս ֆիլմը նկարահանված է սեւ-սպիտակ, կադրերն արագացված են, ծիծաղաշարժ տեսարանները հիշեցնում են չապլինյան կինոն: Ֆիլմը դրական արձագանքի է արժանացել գերմանական կինոփառատոներից մեկում: «Ապրիլի 23-ին «Մի անգամ Պանոնիայում»-ը կմասնակցի Պուրտուգալիայում կազմակերպվող կինոփառատոնին, այն ներկայացրել եմ նաեւ համահայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնին»,- տեղեկացրեց ռեժիսորը: Աշոտի Հայաստան բերած երրորդ ֆիլմը հայկական թեմատիկայով նկարահանված «Tales of Highland»-ն է, որը, հեղինակի բառերով, «պրեզենտացիոն նշանակություն ունի» ու դեռ ոչ մի տեղ չի ցուցադրվել: Այլ խոսքով՝ Ա. Շիրոյանը նախ եւ առաջ ուզում է 45 րոպեանոց այդ ֆիլմով հավուր պատշաճի ներկայանալ հայրենակիցներին: Նա վստահ է, որ վերոնշյալ տեսաֆիլմը թե ասելիքով, թե ժանրային առումով յուրօրինակ է: «Tales of Highland»-ի երաժշտության հեղինակը դարձյալ ինքն է: Ֆիլմի վրա աշխատել են նաեւ Ելենա Սլավինսկայան, Վերոնիկա Լազարենկոն, Սամվել Սահակյանը, Վահե Ավետյանը եւ ուրիշներ: «Փորձել եմ դիսկով ասել եւ ֆիլմով ցույց տալ, թե ինչ է կատարվել եղեռնի ժամանակ: Ֆիլմում օգտագործված են ստոկհոլմաբնակ նկարիչ Սամվել Սահակյանի նկարները»,- տեղեկացրեց Ա. Շիրոյանը: Առաջիկայում նախատեսվում են հայ եւ շվեդ արվեստագետների փոխայցելություններ: 3K (Kultur Kreativ Kraft)-ը նախ կհամագործակցի ՆՓԱԿ-ի, հետագայում նաեւ հայաստանյան մշակութային մյուս կազմակերպությունների հետ: Նախատեսված է Հայաստանում բացել շվեդական այդ կազմակերպության մասնաճյուղ: Իսկ Ստոկհոլմի կինոյի տանը կազմակերպել Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցահանդես: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել