Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկե մեդալ՝ նաեւ ուսուցիչներին

Ապրիլ 06,2004 00:00

Ոսկե մեդալ՝ նաեւ ուսուցիչներին Սերգո Երիցյանի հույսն ու հավատը մնում են ուսուցիչները Շաբաթ օրը, ԿԳՆ պատմության մեջ առաջին անգամ, ոսկե մեդալներ շնորհվեցին հանրապետության 24 ուսուցիչների: Մինչ այդ ընդունված էր ուսուցչի տոնի օրը՝ հոկտեմբերին, նախագահի եւ կառավարության մակարդակով շնորհակալագրերի ու Մովսես Խորենացու մեդալների տարբերակը: Իսկ այս անգամ ԿԳՆ-ն դիմել էր մարզպետարաններին ու Երեւանի քաղաքապետարանին, եւ վերջիններիս ներկայացրած՝ իրենց ոլորտում մեծագույն ավանդ ունեցող ուսուցիչների ցանկով էլ առաջնորդվել էր ուսուցիչներին մեծարելու համար: Եվս 70 ուսուցիչ մարզերից՝ կարժանանա նախարարի պատվոգրին: Նախարարությունը որոշել է «փոխել վերա բերմունքը ուսուցչի նկատմամբ», աջակցել նրան ե՛ւ նյութապես, ե՛ւ բարոյապես, որովհետեւ «իմ հույսն ու հավատը դուք եք,- նշեց նախարար Սերգո Երիցյանը,- մարդը, առավելապես ուսուցիչը, կարիք ունի բարոյական աջակցության»: Նախարարը՝ լավ տեղերը մի քանի անգամ սկզբունքով կրկնեց բազմաթիվ անգամ ասվածը, թե եկող հունվարից ուսուցչի միջին աշխատավարձը կդառնա 55 հազար, իսկ մեկ տարի հետո՝ 75-80 հազար: Եվ այդպիսով՝ ուսուցչի աշխատավարձը կլինի ամենաբարձրը՝ մտավորական խավում: «Դպրոց կվերադառնան տղամարդ ուսուցիչները»,- լավատեսորեն նկատեց ԿԳ փոխնախարար Աիդա Թոփուզյանը: Ուսուցիչների հետ ԿԳ նախարարության պաշտոնյաների հանդիպումն ընթանում էր շատ ջերմ մթնոլորտում, շամպայնի սեղանի շուրջ, 80-ամյա վաստակավոր ուսուցչուհի Մայրանուշ Վարժապետյանի երգի ու թիվ 131 դպրոցի շրջանավարտ-ուսուցչուհու մենախոսության հնչյունների ներքո: Եվ այս ֆոնը նախարարին դրդեց առավել մեծ խոստումների ու «գաղտնիքների» բացահայտման: Առաջիկայում նախարարը պլանավորում է սահմանել մրցանակներ՝ Հայ ժողովրդի պատմության, Հայոց եկեղեցու պատմության, բնագիտական եւ մի քանի այլ առարկաների «Լավագույն ուսուցիչ», ինչպես նաեւ «Լավագույն տնօրեն» կարգերի համար: Շուտով կհրապարակվի այդ մրցույթի կարգը, կանցկացվի որոշակի տեստավորում, ինչի շուրջ նախարարությունը կխորհրդակցի նաեւ դպրոցների հետ, կընդունի նրանց առաջարկները: Ի դեպ, առաջին 3 մրցանակների գումարը կտրամադրի Ամենայն հայոց կաթողիկոսը՝ մոտ 3000 դոլար, մյուս հատվածի ֆինանսավորման հարցը դեռ լուծված չէ: Իսկ ամբողջ գումարը կկազմի 5 հազար դոլար: «Ես պատրաստ եմ Օպերային թատրոնում, Արամ Խաչատրյան համերգասրահում կամ մարզահամերգային համալիրում ամեն տարի կազմակերպել տոնակատարություն՝ մասնակցությամբ ուսուցչական երգչախմբի»,- պատրաստակամություն հայտնեց Սերգո Երիցյանը: Իսկ նշյալ ուսուցչական երգչախմբի ղեկավարն է Երեւանի Պեյո Յավորովի անվան թիվ 131 դպրոցի երաժշտության ուսուցչուհի Սուսաննա Խաչատրյանը, որը եւս արժանացավ նախարարության ոսկե մեդալին: Ի դեպ, երգչախմբի մենակատարն է նույն դպրոցի տնօրեն Գրիգոր Սաֆարյանը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել