Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպման վայրը՝ Ազատության հրապարակ

Ապրիլ 06,2004 00:00

Հանդիպման վայրը՝ Ազատության հրապարակ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» առաջնորդները՝ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը, երեկ հրապարակեցին համատեղ հայտարարություն։ Ընդդիմության լիդերները հաստատեցին իրենց վճռականությունը՝ «գլխավորել համաժողովրդական պահանջների կատարմանն ուղղված գործընթացները, այն է՝ ապօրինի վարչախմբի հեռացում, ՀՀ-ում սահմանադրական կարգի հաստատում եւ օրինական իշխանության ձեւավորում։ Այդ նպատակով ապրիլի 9-ին, ժամը 16-ին, Ազատության հրապարակում մենք սկսում ենք ՀՀ սահմանադրության հոդված 26-ով նախատեսված քաղաքացիական զանգվածային բողոքի ակցիան»։ Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը նախ խոսեցին արդեն մի քանի օր հանրապետությունում իրականացվող բռնությունների, մարդկանց վախեցնելու, ձերբակալելու եւ այլնի մասին։ «Արդարություն» դաշինքի եւ «ԱՄ»-ի ղեկավարները ներկայացրին իրենց ձերբակալված եւ «բացատրական» զրույցի հրավիրված ակտիվիստների անունները։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նշեց, թե բացարձակապես անհեթեթ է այն հիստերիան, թե իբր ընդդիմությունը ձգտում է իշխանության բռնազավթման, «որովհետեւ ամբողջ աշխարհն է տեսել, որ նախագահական ընտրություններից հետո մեր ցույցերը խաղաղ ցույցեր էին, հարյուր-հազարավոր մարդիկ էին փողոց դուրս եկել եւ որեւէ միջադեպ չգրանցվեց։ Այն, ինչ այսօր կատարվում է, «ընտրությունների» կրկնությունն է, ոստիկանները տեղամասերից հանում էին վստահված անձանց, ձերբակալվեցին ընդդիմության 200 ակտիվիստներ։ Նույնը կատարվում է այսօր։ Այսպիսի մեթոդներով անհնար է երկիր ղեկավարել։ Եվ եթե մինչեւ հիմա ցնցումներ տեղի չեն ունեցել, դա բացառապես ընդդիմության ջանքերի շնորհիվ է։ Եվ հիմա էլ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործընթացը իրականացվի խաղաղ ճանապարհով։ Անընդհատ խոսում են երկխոսության մասին։ Երկխոսության շանս էր վստահության հանրաքվեի մասին ՍԴ-ի որոշման կատարումը։ Այսօր էլ այդ շանսը դեռեւս կորած չէ»։ Դաշնակցությունը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ առաջարկել էր իր մոդուսը, ըստ որի, Ազգային անվտանգության խորհրդում եւ հակակոռուպցիոն մարմնում պատրաստ է տեղեր տրամադրել ընդդիմությանը։ Լրագրողներն ուզեցին իմանալ ընդդիմության կարծիքն այս մասին։ «Մենք հասկանում ենք դաշնակցության մտահոգությունը։ Իսկապես իրավիճակը երկրում լարված է, բայց ընդդիմության պայքարը երբեւիցե չի եղել մի քանի պորտֆելների համար։ Մեր հարցադրումը շատ հստակ է՝ երկրում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը։ Այս կարծիքը կիսեց նաեւ Արտաշես Գեղամյանը. «Բնականաբար, սա նաեւ ԱՄ-ի կարծիքն է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել