Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԿԻՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՏԱՆԵԼ ԱՆԱՐԽԻԱՅԻ»

Ապրիլ 06,2004 00:00

«ԵՐԿԻՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՏԱՆԵԼ ԱՆԱՐԽԻԱՅԻ» Ասում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: – Պարոն Աբրահամյան, երկրում ստեղծվել է բավականին լարված ներքաղաքական իրավիճակ, ի՞նչ ելքեր եք տեսնում այն լիցքաթափելու համար: – Ես չէի ասի՝ իրավիճակն իսկապես այդ աստիճան լուրջ է: Այո, երկրում կա լարվածություն, սակայն ես դա համարում եմ ընդդիմության կողմից արհեստականորեն հրահրված, որի նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է: Ինչ-որ մարդիկ հավաքվել եւ իրենց համար որոշում են կայացրել, որ նախագահը լեգիտիմ չէ, ու հեղաշրջման եւ քաղաքացիական անհնազանդության կոչեր են անում, արյան պատասխանատվությունից են խոսում, տարբեր վերջնագրեր են ներկայացնում: Կարծում եմ, ընդդիմադիր ուժերը սխալ եւ անօրինական ճանապարհ են ընտրել: Հայաստանում այսօր չկա հեղափոխական իրադրություն եւ չի կարող լինել: Ինչպես եւ՝ չկա իշխանափոխության հասարակական պահանջ: Իսկ արհեստականորեն հեղափոխական իրավիճակ հրահրելու ցանկացած փորձ դատապարտված է ի սկզբանե: – Այդուհանդերձ, այսօր բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում եւ իշխանամետ, խոսում են փոխզիջումային տարբերակներ գտնելու մասին: Չե՞ք կարծում, որ փոխզիջում կարող էր լինել խորհրդարանում «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություն կատարելն ու Վստահության հանրաքվեի անցկացումը: – Սահմանադրական դատարանի որոշումն ի սկզբանե իրավական որեւէ հիմք չուներ: Բայց, եթե անգամ անտեսենք այդ որոշման իրավական բացը, այդ հարցը եռօրյայի օրակարգում ներառելը խորհրդարանում դրվեց քվեարկության եւ մեծամասնության կողմից մերժվեց: Այսինքն, ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի գերակշիռ մասը, որոնք բավականին լուրջ էլեկտորատ են ներկայացնում, վստահ են, որ նախագահի վստահության հարց այսօր գոյություն չունի: – Սակայն ժողովրդի հետ մարզային հանդիպումները ցույց տվեցին, որ հասարակությունը փոփոխություններ է ակնկալում եւ ընդդիմության կողքին է: – Ես ինքս, պաշտոնի բերումով, մշտական շփման մեջ եմ ձեր ասած ժողովրդի հետ, որի հիմնական հարցադրումը վերաբերում է իր սոցիալական խնդիրներին: Ի դեպ, որոշ ուժեր վերջին ժամանակներս քաղաքական շահարկման խաղաքարտ են դարձրել ժողովրդին. տեղից վեր կացողը ժողովրդի անունից է խոսում եւ ժողովրդին է վկայակոչում: Եկեք ժողովրդին թողնենք հանգիստ եւ չփորձենք նրան ներքաշել քաղաքական խաղերի մեջ: Այսօր կոնֆլիկտը ոչ թե իշխանություն-ժողովուրդ հարթության մեջ է, ինչը փորձում է ներկայացնել ընդդիմությունը, այլ իշխանություն-ընդդիմություն դաշտում է: Մի խումբ մարդիկ, որոնք որոշում են կայացրել, որ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են՝ պատերազմ են հայտարարել իշխանություններին: Մինչդեռ, փորձը ցույց է տվել, որ իշխանությանը ձեռնոց նետողները միշտ էլ պարտվել են: Հակառակը լինել չէր էլ կարող, քանզի երկիրն առաջնորդվում է օրենքներով, այլ ոչ թե անարխիայի սկզբունքով: Խնդիրն այսօր քաղաքական դաշտից տեղափոխվել է բացառապես անձնական ոլորտ. ընդդիմության քայլերի ենթատեքստը մեկն է՝ մե՛նք պետք է կառավարենք: Մենք էլ ասում ենք՝ ոչ, մենք ընտրված ենք, մենք կառավարում ենք եւ մենք չենք պատրաստվում իշխանություն զիջել, քանզի հասկանում ենք, թե ինչ է նշանակում՝ մի ամբողջ ժողովրդի տանել արկածախնդրության: – Պարոն Աբրահամյան, վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ ընդդիմության հանրահավաքային ողջ շարժումը կոտրելու գործառույթները դրված են ձեր եւ պաշտպանության նախարարի վրա: Սահմանադրությունը ձեզ նման լիազորություն տալի՞ս է: – Ես չեմ կարծում, որ այն գերատեսչությունները, որոնք օրենքով կոչված են հասարակական կարգը պահպանելու, լրացուցիչ օժանդակության կարիք ունեն, որպեսզի մենք մեզ վրա նման լիազորություն վերցնենք: Բայց որ ընդդիմությունն անցել է քաղաքակիրթ պայքարի բոլոր սահմանները, ես, որպես համակարգող նախարար, ունեմ բազմաթիվ մարզպետների, համայնքապետերի ահազանգերը, որոնք փաստում են, որ մարզային հանդիպումների ժամանակ ընդդիմությունը բացահայտ քաղաքացիական անհնազանդության կոչեր է անում եւ հայտարարում, թե բախումներ են լինելու: Այսինքն, ընդդիմությունն անցել է ակնհայտ սադրանքների: – Ի դեպ, գլխավոր դատախազը ակնարկեց, որ ինքը կմտնի խորհրդարան՝ ընդդիմադիր որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանելու միջնորդությամբ: – Նախ եկեք փաստենք, որ պատգամավոր չի նշանակում անարխիստ, որն իրեն իրավունք է վերապահում գնալ ցանկացած անօրինության: Ժողովուրդը պատգամավորին չի ընտրել, որ վերջինս հեղափոխության եւ քաղաքացիական անհնազանդության կոչեր անի՝ օգտագործելով իր անձեռնմխելիությունը: Ժողովուրդը պատգամավորին ընտրել է բացառապես օրենսդրական գործունեությամբ իր խնդիրները լուծելու համար: Պատգամավորն իրեն չպետք է օրենքից վեր դասի: Եվ եթե կլինեն պատգամավորներ, որոնք իրենց անձը կդասեն օրենքից վեր, ապա ես չեմ բացառում նաեւ նման զարգացումը: Ի դեպ, մենք չենք բացառում նաեւ, որ ընդդիմությունն այս օրերին կարող է տարբեր սադրանքներ կազմակերպել եւ գցել իշխանության վրա: Իշխանությունն է պատասխանատու հասարակական կարգի համար եւ ամեն ինչ անելու է՝ արտոնված հանրահավաքներում հասարակական կարգը պահպանելու համար: Բայց եթե որեւէ հանրահավաք չի արտոնվի, բոլորը պարտավոր են ենթարկվել այդ որոշմանը: Այլապես՝ հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ընդդիմության վրա: Կրկնում եմ, ցանկացած անօրինական քայլ, օրենքի սահմաններում, պատժվելու է: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930