Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ

Ապրիլ 06,2004 00:00

Գլխավոր
դատախազ Աղվան Հովսեփյանի հետ լրագրողների հանդիպման ժամանակ «Առավոտը» հարցեր
էր ուղղել դատախազական համակարգում կադրային փոփոխությունների եւ ընդունված
գործելակերպի մասին:
Վերջերս դատախազական համակարգում պաշտոնեական առաջխաղացման արժանացան մարդիկ, որոնցից յուրաքանչյուրի անունը ծանոթ է «27»-ի, Տիգրան Նաղդալյանի, Մուշեղ Սաղաթելյանի կամ քաղաքական հնչեղություն ստացած այլ քրգործերից: Մեր հարցին՝ սա հատուցում էր նրանց ծառայությունների՞ դիմաց՝ Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Իհարկե, բոլորն էլ նշանակվել են իրենց ծառայությունների համար: Եվ բոլորն էլ շատ արհեստավարժ, բարձր մակարդակի ու բանիմաց քննիչներ են: Դուք նշեցիք ընդամենը 2-3 քրգործ, բայց նրանք տարեկան ավարտել են 25-30 բազմաբնույթ գործեր՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ բազում ծանր հանցագործությունների վերաբերյալ՝ այդ թվում, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությունների փաստերով: Իսկ ի՞նչ եք կարծում՝ այդ անձինք, որոնք գիշեր-ցերեկ աշխատել են դատախազության գործառույթների իրականացման, աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու, հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, ցուցաբերել մեծ պրոֆեսիոնալիզմ, մասնագիտական հմտություններ՝ նրա՞նք պիտի նշանակվեին դատախազ, թե՞ նրանք, ովքեր գտնվել են ստվերում»: Ի պատասխան մեջբերեցինք երկու փաստ, որոնք, մեր կարծիքով, չեն վկայում համայնքային դատախազներ նշանակվածների մասնագիտական հմտության եւ վերոթվարկյալ այլ հատկանիշների մասին: Ասենք, Ավանի եւ Նոր Նորք համայնքների դատախազ նշանակված Գեւորգ Թովմասյանն այն քննիչն է, որը տեղազննություն էր անցկացրել 1999-ի հոկտեմբերի 27-ին, եւ չէր արձանագրել, թե ո՛ր զենքը ո՛ր ահաբեկչին է պատկանում: Իսկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազ նշանակված Հակոբ Բաբայանը քննիչ եղած ժամանակ որոշում էր կայացրել շարունակել նախաքննությունը վախճանված Վազգեն Սարգսյանի եւ Մովսես Գեղագուլյանի նկատմամբ: Ի պատասխան գլխավոր դատախազն ասաց. «Ձեզ հետ համաձայն չեմ: Լավ գիտեք, թե ինչ էր տեղի ունենում հոկտեմբերի 27-ի գիշերը մինչեւ լուսաբաց, ինչ իրավիճակ էր: Եվ Գեւորգ Թովմասյանն այն քննիչն էր, որ խիզախություն ունեցավ մտնել ԱԺ նիստերի դահլիճ, երբ ահաբեկիչների ձեռքին զենք կար ու նրանց ներկայությամբ կատարեց տեղազննություն: Դա այդքան հասարակ բա՞ն է թվում, որ հիմա մեղադրում են, թե ինչ-որ զենքեր չի համարակալել հանձնելիս: Եվ ձեզ տարօրինակ չէ՞ր թվա, որ ես նման քննիչների պաշտոններ չտայի ու տայի ուրիշներին»:

Եվս մի հարց վերաբերում էր անմիջականորեն Աղվան Հովսեփյանին: Նրա գործունեության շնորհիվ Հայաստանի իրավական պրակտիկա ներմուծվեց «գործարք» հասկացությունը, երբ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տալու համար Վահան Հարությունյանն արժանացավ մեղմ պատժի: Եվ այդ նախադեպը հաշվի առնելով էր, որ բավական կասկածանքով ընկալվեց այն, որ դեռեւս գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում Աղվան Հովսեփյանը հանդիպեց մեկ Նաիրի Հունանյանի, մեկ Արմեն Տեր-Սահակյանի հետ: Մեր հարցին՝ գլխավոր դատախազի պաշտոնում շարունակելո՞ւ է էլի նման գործարքների մեջ մտնել՝ ընդդիմության գործիչների դեմ ցուցմունքներ տալու համար՝ պրն Հովսեփյանը հավաստիացրեց, թե միշտ պայքարել ու պայքարելու է հանցագործությունների դեմ. «Իսկ վկայի եւ մեղադրյալի հարցաքննությունները, նրանց ցուցմունքները որպես ապացույց օգտագործելու ընթացակարգն ամբողջությամբ նախատեսված է «Քրեական դատավարության» օրենսգրքում, ուր նաեւ նախատեսված է անկեղծորեն զղջալը, նպաստելը հանցագործության բացահայտմանը՝ որպես մեղմացնող հանգամանք: Ես կատարել եմ օրենքի պահանջը: Բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր նպաստում են հանցագործության բացահայտմանն ու հանցագործների մերկացման գործընթացին՝ օրենքով նախատեսված են ավելի մեղմ պատիժներ»: Գլխավոր դատախազը նաեւ նշեց, թե այդ դրույթը գործում է աշխարհի բոլոր քրեական օրենսգրքերում. «ԱՄՆ-ի, Եվրոպայի դատարաններում դատավորը նույնիսկ կասեցնելով դատական գործընացը՝ հնարավորություն է տալիս մեղադրող ու պաշտպանող կողմին առանձնանալ, եւ բանակցությունների մեջ մտնել իրար հետ: Սա կոչվում է գործարք: Մեր օրենքով նախատեսված չի նման գործընթաց, սակայն նախատեսված է, որ եթե ամբաստանյալը, մեղադրյալը կնպաստի հանցագործության բացահայտմանը, կզղջա իր կատարած արարքի համար՝ նախաքննության մարմինը, դատարանը սա պիտի դիտեն որպես պատիժը մեղմացնող հանգամանք»: Ըստ այդմ, գործարքները շարունակվելու են: «Իհարկե հնարավորինս պիտի նպաստեմ հանցագործությունների բացահայտմանը՝ որպես գլխավոր դատախազ,- ասաց Աղվան Հովսեփյանը:- Եվ դա իմ սրբազան պարտքն է»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել