Ասում են ընդդիմադիրները՝ արձագանքելով իշխանությունների սկսած ռեպրեսիվ քայլերին
ՀԺԿ-ում, մասնավորապես օրերս ծեծի ենթարկված Արամայիս Բարսեղյանի կողմից, ընդդիմադիր կուսակցությունների անդամների եւ ակտիվ համակիրների նկատմամբ իշխանությունների սանձազերծած հետապնդումները որակվեց որպես՝ «պետական ահաբեկչություն»:
Երեկվա դրությամբ, մասնավորապես «Հանրապետություն» կուսակցությունից ոստիկանական բաժիններ անօրինական բերման էին ենթարկվել 17 հոգի, եւս 13-ին առեւանգելու փորձ է եղել, 3 հոգու բնակարան ենթարկվել է խուզարկության:
Միայն երեկ առավոտյան ոստիկանական բաժիններ բերման են ենթարկվել կուսակցության քաղխորհրդի անդամ, Արաբկիր տարածքային կառույցի ղեկավար Արմեն Մկրտչյանը, Քանաքեռ-Զեյթունի կառույցի ղեկավար Սերգեյ Գյոզալյանը, որոնք մի քանի ժամ անց ազատ են արձակվել, կուսակցության անդամներ Մուկուչ Մինասյանին, Վարդան Մինասյանին, կուսակցության քաղխորհրդի անդամ Սիմոն Գրիգորյանին, որին հետո բաց են թողել, Հակոբ Գրիգորյանին՝ կուսակցության Արարատի կառույցի ղեկավար, որին ճանապարհից են բռնել եւ տարել Վեդիի ոստիկանություն:
Երեկ առավոտյան ժ.7-ին 10 հոգի փորձել է ներխուժել կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի բնակարան, բայց տանտերերը դուռը չեն բացել: Աշտարակից Սարգիս Թադեւոսյանի մեքենան երեկ ժ. 13:30-ին տարել են տուգանային հրապարակ: Նոր Նորքի ոստիկանական բաժին է բերման ենթարկվել կուսակցության Ավանի կառույցի ղեկավար Լյովա Եղիազարյանը, մինչ այդ նրա բնակարանը խուզարկվել է: Ավելի ուշ L. Եղիազարյանին բաց են թողել, բայց «ԱՄ» կուսակցության կազմակերպած միջոցառումից հետո ոստիկանական բաժին բերման է ենթարկվել նրա որդին: Խուզարկության է ենթարկվել նաեւ կուսակցության Աջափնյակի կառույցի ղեկավար Ալբերտ Հովասափյանի բնակարանը, նրան բերման են ենթարկել ոստիկանական բաժին: Ձերբակալվել են նաեւ ՀԺԿ քաղխորհրդի անդամ, գյումրեցի Կարեն Մկրտչյանը, կուսակցության Աբովյանի տարածքային կառույցից Գագիկ Գեւորգյանը, Հակոբ Արաբաթյանը: Նույն տարածքային կառույցից ոստիկանական բաժին բերման են ենթարկվել նաեւ ՀԺԿ-ականներ Բորիս Մատինյանը, Կարեն Բաղդասարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վեներա Խաչատրյանը, Բորիս Յավուրյանը, որոնց ավելի ուշ ազատ են արձակել:
Երեկ առավոտյան ձերբակալվել է նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ,կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի մորաքրոջ տղան՝ Սամվել Խաչատրյանը՝ ֆիզմաթ. գիտությունների թեկնածու: Ոստիկանները ներխուժել են նրա բնակարան եւ բերման ենթարկել Արաբկիրի ոստիկանական բաժին: Ա. Կարապետյանն օլիմպիական հանգստությամբ էր վերաբերվում այդ փաստին եւ արձանագրեց, որ դա միանգամայն տրամաբանական էր եւ տեղավորվում է իշխանությունների քայլերի շրջանակներում:
Միաժամանակ, կուսակցության տարածած մամլո հաղորդագրության համաձայն, առկա են հետապնդման դեպքեր կուսակցության տարածքային կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ, ինչը հարուցել է կուսակցության վարչության վրդովմունքը:
Ի դեպ, երեկ «Ազգային միաբանության» պատգամավորների՝ ընտրողների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո, տուգանային հրապարակ է տարվել այն ավտոմեքենան, որը որպես հարթակ էր ծառայել Արտաշես Գեղամյանի համար: Ոստիկաններն առգրավել էին նաեւ հանդիպմանն օգտագործված տեխնիկան:
«Մենք առանձնակի լրջությամբ չենք վերաբերվում այս ձերբակալություններին: Եթե իշխանությունները դրանով փորձում են համաժողովրդական ընդվզման պրոցեսը կանգնեցնել՝ իրենց դա չի հաջողվի, որովհետեւ սա միայն ընդդիմադիր կուսակցությունների խնդիրը չի: Ոստիկանների միջոցով մարդկանց ապօրինի ձերբակալելով, ապօրինի խուզարկություններ անելով կամ սպառնալով, բաժին տանելով որեւէ բանի չեն հասնի: Դրանք ուշացած քայլեր են եւ, համոզված եմ, ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»,- «Առավոտին» ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Սմբատ Այվազյանը: Նրա ասելով, բոլոր ձերբակալվածների համար կուսակցությունը տրամադրել է փաստաբաններ. «Մենք անմիջական եւ մշտական կապ ունենք նրանց ընտանիքների հետ, միաժամանակ ակտիվորեն աշխատում ենք միջազգային եւ իրավապաշտպան կառույցների հետ»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ