Այն
լուրը, թե ձեւավորվել են հանրահավաքների դեմ օգտագործելու համար հատուկ խմբեր,
որոնք կիրառելու են պայթուցիկ նյութեր եւ այլն՝ հաստատվեց երեկ «Ազգային
միաբանության» հավաքի ժամանակ:
Երեկ այդ պայթուցիկները գործադրվեցին «Նաիրի» կինոթատրոնի մոտ հավաքված սափրած գլուխներով, հաստավիզ ու ամրակազմ տղամարդկանց կողմից:
Սակայն նախ հարկ է նշել, թե ինչու «Ազգային միաբանության» հանդիպումը ծրագրվածի պես Մատենադարանի փոխարեն անցավ «Նաիրի» կինոթատրոնի մոտ: Իշխանությունները չէին բավարարվել արգելելով մարզերի բնակիչների մուտքը Երեւան (առավոտվանից փակել էին բոլոր ճանապարհները), եւ սաղավարտներով ու մահակներով զինված հատուկ ջոկատի մարտիկները երկու կողմից շրջափակել էին նաեւ Մատենադարանը՝ գործադրելով երկաթե պատնեշներ: Անգամ հոսանքազրկել էին այդ տարածքը: Թեեւ, այնուամենայնիվ, հնարավորություն կար Մատենադարանի աստիճանների վրա հանդիպում կազմակերպելու՝ Արտաշես Գեղամյանը հնարավոր ընդհարումներից խուսափելու համար նախընտրեց հանդիպումը տեղափոխել ավելի ներքեւ՝ «Նաիրի» կինոթատրոնի մոտ: Այստեղ էլ նա ստիպված էր միկրոավտոբուսի վրա կանգնած՝ մեգաֆոնով վարել հավաքը: Անմիջապես կատակ-համեմատություններ ծնվեցին, թե նման է Լենինին՝ ապրիլյան թեզիսներն ընթերցելիս, պակասում է միայն զրահամեքենան: Սակայն կատակելու տրամադրությունը չքացավ, երբ նրա ելույթի ժամանակ նորից սկսեցին ձվեր նետել՝ «Նաիրիի» կողմից: Հենց կինոթատրոնի վերեւի պատուհանից ինչ-որ մարդիկ սկսեցին նշաններով ցույց տալ ներքեւ, որ այնտեղից են նետում: Այնտեղ էլ կանգնած էին վերոհիշյալ՝ թիկնապահների արտաքինով տղամարդիկ, որոնք միտք էլ չունեին հեռանալ, դրանից հետո նույնիսկ մի քանի անգամ պայթուցիկ տրաքացրին: Արտաշես Գեղամյանը փորձում էր հանդարտեցնել բորբոքված մարդկանց, հորդորում, որ ուշադրություն չդարձնեն այդ սադրիչներին. «Ոչ մեկին ձեռք չտա՛ք: Հաշվարկը պարզ է՝ ուզում են անպայմանորեն, որ ապակիներ կոտրվի, ու ասեն, թե զանգվածային անկարգություն է եղել»: Նա նաեւ դիմեց ոստիկաններին՝ խնդրելով աջակցություն, որ չհրահրեն խաղաղ հանդիպման դուրս եկած մարդկանց: Սակայն, թեեւ նրանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կանգնած էր ոստիկանության ամբողջ վերնախավը՝ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Վարյանի ղեկավարությամբ՝ ո՛չ այդ պահին, ո՛չ հետո ոստիկանները որեւէ կերպ չմիջամտեցին տեղի ունեցածին:
Իսկ հետո տեղի ունեցավ հետեւյալը: Մի քանի լրագրողներով մոտեցանք այդ ձվանետիչ թիկնապահներին եւ սկսեցինք նկարել նրանց: Տեսնելով, որ ուշադրության են արժանանում, նրանք բարձրացան վերեւ՝ դեպի Մատենադարան: Լրագրողները հետեւեցին նրանց: Այստեղ արդեն՝ հավաքի հիմնական մասնակիցներից հեռու, այդ «թիկնապահները» հարձակվեցին լրագրողների վրա, եւ հերթով խլեցին ու կոտրեցին լուսանկարող եւ տեսանկարահանող բոլոր սարքերը: Առաջինը Հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» էլեկտրոնային պարբերականի լուսանկարիչն էր՝ սփյուռքահայ Օնիկ Գրիգորյանը, որն անգլերեն գոռում էր. «Քոչարյանի մարդիկ են: Ոչինչ չէի արել: Ես Մեծ Բրիտանիայի քաղաքացի եմ: Ես լրագրող եմ»: Վնասել էին նրա տեսախցիկը:
Հաջորդը ջարդուփշուր արեցին «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի տեսախցիկը՝ խփելով նրան: Ջարդել էին նաեւ «Հայ-Թիվի»-ի ու «Հայլուրի» տեսախցիկները, խլել «Շանթ»-ի՝ այս ամենը պատկերող տեսաերիզը: Ծեծի ենթարկվեց նաեւ «Ազգային միաբանության» օպերատորը, կոտրեցին նրա տեսախցիկն էլ:
Տեսա, որ կոպտորեն քաշքշում են «Հայկական ժամանակի» թղթակից Հայկ Գեւորգյանին, փորձելով նրա ձեռքից խլել լուսանկարչական սարքը: Եվ երբ դա հաջողվեց՝ գետնին խփելով ջարդուփշուր արեցին այն: Ի դեպ, թեեւ «Կենտրոնին» հաջողվել էր հավաքել իր տեսախցիկի մասերը՝ Հայկ Գեւորգյանին անգամ դա թույլ չտվեցին անել: Թեեւ նրան նաեւ մի քանիսը հետ էին պահում, հորդորելով. «Քո կյանքն ավելի թանկ է»: Տեսնելով, որ ես լուսանկարում եմ այդ քաշքշոցը՝ Հայկը գոռաց, որ նկարեմ գետնին ցրիվ եկած նրա լուսանկարչական սարքի կտորները: Եվ հենց պատրաստվում էի անել դա՝ մինչեւ աչքերը քաշած կապույտ գլխարկով ու սպորտային կապույտ բաճկոնով մի տղամարդ խլեց ձեռքիցս լուսանկարչական սարքը, հայհոյեց ու գոռաց. «Չասեցի՞նք, որ չնկարեք»: Հետո հարվածեց ու գցեց գետնին: Զարմանալին այն է, որ քիչ անց այդ տղաներից մեկն ինքն էլ վերադարձրեց լուսանկարչական սարքս՝ ճիշտ է, արդեն իսկ վնասված վիճակում: Սակայն լրագրողներից ավելի վատ վիճակում էր Հաղարծին գյուղի 17-ամյա բնակիչ Արմեն Թամրազյանը՝ քունքի մոտից արյուն էր ծորում, քանի որ գլխին հարվածել էին դանակով: Նա փորձել էր միջամտել, պաշտպանել լրագրողներին բռնություններից:
Այս ամբողջ ընթացքում քիչ ներքեւում դեռ շարունակվում էր հանրահավաքը: Արտաշես Գեղամյանի վրա դեռ մի երկու անգամ էլ փորձեցին ձու նետել: Անտեսելով այդ ամենը՝ նա հրապարակեց կուսակցության հայտարարությունը ու եւս մեկ անգամ շեշտեց, թե տեղի ունեցած սադրանքների պատասխանատուն իշխանությունն է, եւ այս ամենով նրանք ամբողջ աշխարհին ապացուցում են, թե «գործ ունենք պարզապես ռազմական խունտայի հետ»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Հանդիպման վերջում ոստիկանությունը կալանեց հանրահավաքը
տեխսպասարկող մեքենան: