Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը՝ լավագույն քառյակում

Ապրիլ 03,2004 00:00

Հայաստանը՝ լավագույն քառյակում Երեկ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը ասուլիս էր հրավիրել: Առիթը մարտի 4-11-ը Եգիպտոսում կայացած ամենամյա մանկական միջազգային կինոփառատոնն էր, որին մասնակցել է նաեւ Հայաստանը: Փոխնախարարը տեղեկացրեց, որ փառատոնի հրավերը Ռոլան Բիկովի հայաստանյան ֆոնդի անունով էր, իսկ մշակույթի նախարարությունը ուղղակի բարոյական աջակցություն է ցույց տվել: Արդյունքում, համատեղ ջանքերով, հեղինակավոր փառատոնին Հայաստանը ներկայացել է 3 ֆիլմով: «Անիմացիոն ֆիլմ» նոմինացիայում ռեժիսոր Ռոբերտ Սահակյանցի «Տավերնան» էր, որպես մանկական, ուսուցողական-ժամանցային ֆիլմ՝ ընտրվել էր Արթուր Սահակյանի «Մեր այբբենարանը», իսկ իբրեւ հեռուստատեսային մանկական ծրագիր ներկայացվել էր «Հայրենիք» հեռուստաալիքի «Վերկացիկը» (ռեժիսոր՝ Համլետ Չոբանյան): «Առավոտի» հարցին՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այդ ֆիլմերը, տիկին Խոդիկյանը պատասխանեց. «Եղած ֆիլմերից այդ 3-ն էին համապատասխանում փառատոնի պայմաններին: Եվ միայն դրանք էին նկարահանված 2001-03թթ.»: Փառատոնին մասնակից 46 երկրներից, Անգլիայի, Իսպանիայի ու Գերմանիայի հետ միասին, մեր երկիրը մտել է լավագույն ֆիլմեր ներկայացրած քառյակի մեջ: Որպես լավագույն քառյակի ներկայացուցիչ, Հայաստանը միջազգային կինոփառատոնի շրջանակներում հանդես է եկել նաեւ «Հայկական մանկական ֆիլմերի օր» ծրագրով: Ռոլան Բիկովի հայաստանյան ֆոնդի նախագահ Նունե Մանուկյանը տեղեկացրեց, որ Կահիրեի կինոփառատոնը Եգիպտոսի այցեքարտն է: Լայնամասշտաբ այդ միջոցառումը այս էլ 14-րդ անգամ անցկացվում է պետության հովանավորությամբ: Փառատոնի նախագահն էր Մանկական ու պատանեկան ֆիլմերի միջազգային կենտրոնի նախագահ, աշխարհում կազմակերպվող մանկական միջոցառումների կոորդինատոր Արթինա Ռիկակին: Ի դեպ, Ն. Մանուկյանը ԱՊՀ երկրների միակ ներկայացուցիչն էր հեղինակավոր ժյուրիի կազմում: Ըստ տիկին Մանուկյանի, փառատոնին ներկայացված ֆիլմերն անցել են նաեւ բազմազգ մանկական ժյուրիի «թրի տակով», ու հայաստանյան կինոարտադրանքը հետաքրքրություն է առաջացրել: Բացի «մեծահասակ» ժյուրիից, գործել է մանկական ժյուրիի երկու սեկցիա, յուրաքանչյուրում՝ 6-14 տարեկան 41 երեխա: Եվ Կ. Խոդիկյանը, եւ Ն. Մանուկյանը կարեւորեցին Եգիպտոսում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի հանդիպումները եւ նման փառատոնում Հայաստանի մասնակցությունն ապահովելու մասին քննարկումները Մանկական ու պատանեկան ֆիլմերի միջազգային կենտրոնի նախագահի հետ: Նախատեսվում է առաջիկայում (հավանաբար նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին) մանկական ֆիլմերի մի փառատոն էլ Հայաստանում անցկացնել, որը տարածաշրջանային առումով կարեւոր նշանակություն կունենա: Հայաստանում կազմակերպվելիք մանկական ֆիլմերի փառատոնի գաղափարն արդեն աշխուժություն է առաջացրել ԱՊՀ երկրների այդ ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն մշակված է Երեխաների իրավունքների պաշտպանության պետական ռազմավարական ծրագիր, որտեղ հատուկ կետ կա՝ մանկական կինոստուդիա ստեղծելու վերաբերյալ: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել