Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը զգուշացնում է

Ապրիլ 03,2004 00:00

Արեւմուտքը զգուշացնում է ՀՀ իշխանություններից խոհեմություն է ակնկալվում Մինչ ընդդիմության առաջնորդները բողոքում են Գլխավոր դատախազության չորեքշաբթի արած հայտարարության դեմ, որով հարուցված գործը ընդդիմադիրներին քրեորեն հետապնդելու հնարավորություն է տալիս, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 1-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ռ.Քոչարյանի «Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ներկայացուցչի եւ Հայաստանում Լեհաստանի ժամանակավոր հավատարմատարի հետ» հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ՀՀ «ներքաղաքական իրավիճակը»: Ըստ պաշտոնական աղբյուրի, «հանդիպման մասնակիցները… միակարծիք են եղել, որ առաջնային գերխնդիրը երկրում կայունության պահպանումն է, ինչը առաջընթացի եւ հաջող զարգացման հիմնական գրավականն է»: Հանդիպման մասին այլ մանրամասներ չէր հաղորդվել եւ չէր ճշտվել, թե հատկապես ո՞ւմ նախաձեռնությամբ է այդ հանդիպումը կայացել եւ արդյո՞ք անդրադարձ եղել է Գլխավոր դատախազության հիշյալ հայտարարությանը: Երեկ մեզ ոչ պաշտոնական աղբյուրներից հաջողվեց պարզել, որ հիշյալ հանդիպումը կայացել է ԵՄ անդամ երկրների դեսպանների նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակի համատեքստում դեսպաններն անդրադարձել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությանը եւ փորձել են Ռ.Քոչարյանից այդ առնչությամբ պարզաբանումներ ստանալ. ի՞նչպես պետք է բացատրել այդ հայտարարությունը եւ իշխանություններն ինչպես են պատկերացնում այդ հայտարարության կենսագործումը: Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Վուլֆ Բարտելսը նկատել է, որ 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաքներ է կազմակերպել, բայց դրանց ընթացքում ոչ մի անգամ ընդհարումներ չեն եղել: Նա նաեւ վկայակոչել է ընդդիմության՝ իշխանություններին ուղղված մեղադրանքներն այն մասին, թե՝ մասնավորապես Գյումրիում տեղի ունեցած անկարգությունները սադրել են հենց իշխանությունները եւ ասել, թե ինքն էլ այդ առնչությամբ կասկածներ ունի: ԵՄ երկրների դեսպաններին մտահոգում է ՀՀ ներքաղաքական իրավիճակը. «Իհարկե, ներկայիս իրավիճակը մի փոքր մտահոգիչ է, որովհետեւ ակնհայտ է, որ կառավարության եւ ընդդիմության միջեւ առճակատում կա»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Գերմանիայի դեսպանը՝ հավելելով, թե, նրանք, ովքեր շահագրգիռ են երկրի կայունությամբ, պետք է ցանկանան, որ այս օրերը խաղաղ լինեն: «Իհարկե խոսքի, հավաքներ կազմակերպելու ազատությունը նույնպես շատ կարեւոր է ԵՄ-ի եւ ԵԽ-ի համար, որին ՀՀ-ն անդամակցում է»: Նա հույս է հայտնել, որ բռնի առճակատում չի լինի. «Սա պահանջում է որոշակի խոհեմություն իշխանություններից, եւ նախագահը մեզ հավաստիացրեց, որ երկրի ղեկավարությունը շահագրգիռ չէ բռնության գործադրմամբ»: Դեսպանը նաեւ նշել է, որ ընդդիմադիրները եվրոպական պատվիրակությունների հանդիպումներում հավաստիացրել են, որ գործելու են միայն խաղաղ եվ սահմանադրական ճանապարհով: Ինչ վերաբերում է այն ակնարկներին, թե դրսի երկրները քաջալերում են ընդդիմությանը, ապա՝ դեսպանն ասել է. «Մենք չեզոք ենք այս կոնֆլիկտում: Չի կարելի ասել, թե մենք որեւէ կերպ աջակցում ենք ընդդիմությանը: Մենք ուղղակի պաշտպանում ենք ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը, խոսքի ազատությունը, բայց մենք չենք կարող միջամտել ՀՀ ներքին գործերին»: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել