ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է Ականատեսների վկայությամբ՝ ապրիլի 1-ին Իսահակյան փողոցում ռազմական ոստիկանության կառույցին հարող տարածքում շարվել էին մեկ տասնյակից ավելի մարդատար միկրոավտոբուսներ, որոնց մեջ երիտասարդներ էին: Բոլոր միկրոավտոբուսներն ունեին ԼՂՀ պետհամարանիշներ: Համադրենք սա ՊՆ-ից մի արտահոսքի, թե առաջիկայում Արցախից ժամանելու են Երեւան շուրջ 250-300 երիտասարդներ, որոնք պիտի կատարեն Սերժ Սարգսյանի ցանկացած հրաման: Անգամ մանրամասնած է, թե այդ երիտասարդները բնակվելու են «Դվին» հյուրանոցում. հիշեցնենք, որ նույն կերպ է եղել նաեւ 1998-ի իշխանափոխության ժամանակ: Ըստ այլ տեղեկությունների՝ առաջիկայում «Ազգային միաբանության» եւ «Արդարություն» դաշինքի հանդիպումների ժամանակ, ժողովրդի մեջ են նետվելու պայթուցիկ նյութեր, որոնք թեեւ չեն վնասում առողջությանը, սակայն մեծ աղմուկ են առաջացնում եւ կարող են խուճապի մատնել հանդիպման մասնակիցներին: Իսկ հատուկ ջոկատի մարտիկներին արդեն իսկ բաժանել են ռետինե փամփուշտներ, որոնք պատրաստվում են կիրառել հանրահավաքների ժամանակ հնարավոր բախումների դեպքում: Սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, թե մարտիկները ներքին պայմանավորվածություն ունեն ոչ մի դեպքում չկիրառել զենք՝ թեկուզ ռետինե փամփուշտներով: Չի բացառվում, որ այս բոլոր լուրերը միտված են միայն մեկ նպատակի՝ խուճապային տրամադրություններ ստեղծել հանդիպումների նախօրեին, որ մարդիկ զգուշավորություն դրսեւորելով՝ ուղղակի չմասնակցեն հանրահավաքներին: