Լրահոս
Օրվա լրահոսը

Թերըմբռնումներ

Ապրիլ 03,2004 00:00

Թերըմբռնումներ Տարօրինակ հետեւողականությամբ Հայաստանի անվտանգության պատասխանատուները երկրի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլեր են անում այնտեղ, որտեղ դրանց կարիքը, գոնե տեսանելի ապագայում, ամենեւին չի նշմարվում: Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, թե իր վրաց գործընկեր Վանո Մերաբիշվիլու հետ «քննարկել է անվտանգությանն առնչվող խնդիրներ», այս համատեքստում առանձնացնելով աբխազական երկաթուղու հարցը: Երեւանը խիստ շահագրգռված է Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկմամբ, նշել է Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումը «Հայաստանի տնտեսական անվտանգության բաղկացուցիչ մասն է»: Մեծ խորաթափանցություն պետք չէ հասկանալու համար, որ աբխազական հիմնախնդիրը գործնականում անլուծելի է: Իր բովանդակային բարդությամբ այն զգալիորեն գերազանցում է Ղարաբաղյան հակամարտությանը: Այս պարագայում բավական է վերհիշել միայն անմիջականորեն սահմանակից Ռուսաստանի շահագրգռության ու ներքաշվածության աստիճանը: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը Թբիլիսիում քննարկել է մի հարց, որն իր արդիականության տեսակետից, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, չի կարող հայտնվել ՀՀ անվտանգության առաջնահերթ օրակարգում: Այդ դեպքում ո՞րն է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի այցի նպատակը: Այս հարցի պատասխանը փոքրիշատե ուրվագծվում է Սերժ Սարգսյանի հնչեցրած մնացյալ գնահատականներում՝ կապված երկու երկրների ռազմական համագործակցության, կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայության հետ: Նա «դժվարացել է բացատրել», թե ինչու այն չի ստացվում, բավարարվելով միայն հետեւյալ ենթադրությամբ. «միգուցե վերջին տարիներին կողմերը թերըմբռնումով են մոտեցել այն իրողությանը, որ ամեն պետություն պետք է յուրովի լուծի իր անվտանգության հարցերը»: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի վրացական ծառայության թղթակցի հարցին, Սերժ Սարգսյանը նաեւ նշել է. «ես վստահ եմ, որ մենք պետք է հարգանքով վերաբերվենք հարեւանների ընտրությանը»: Այս պատասխանից ակնհայտ է դառնում, որ կողմերից առնվազն մեկի ընտրության հարգելիությունը կասկածի տակ է, եւ գուցե այս այցն այդ կասկածները ցրելու, կամ հակառակը՝ վերջնականապես տարբերակելու նպատակ ունի: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել