Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՎԻԱԿԵՌՈՍԻՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԹԱՆԿԱՑԵԼ

Ապրիլ 03,2004 00:00

«Զվարթնոց»
օդանավակայանի կոնցեսիոները մինչ այժմ ներդրումային ծրագիր չունի
Սա պարզվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունների ընթացքում: Իսկ այս ծրագիրը հանձնաժողովին պետք է եկել դրա համատեքստում եւս ավիակերոսինի գնի հիմնավորվածությունը դիտարկելու համար: Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 8-ին պատճառաբանելով միջազգային շուկայում ավիակերոսինի գնի բարձրացումը, օդանավակայանը թանկացրել է այդտեղ լիցքավորվող ավիակերոսինի գինը եւս՝ 1 տոննայի դիմաց $430 համարժեք դրամից դարձնելով $460:

Նախնական քննարկման ժամանակ գնի բարձրացման վերաբերյալ օդանավակայանը չի կարողացել բավարար հիմնավորումներ ներկայացնել: Ուստի, մարտի 23-ին ստիպված է եղել վերադառնալ գնի նախկին մակարդակին: Հետեւաբար, անուղղակիորեն ընդունել է, որ գինը չհիմնավորված է բարձրացրել: Ուստիեւ, խնդիր է ծագում առնվազն այդ 15 օրվա ընթացքում ստացված շահույթի օրինականությունը ճշտելու առումով: Ինչն էլ հանձնաժողովը կանի ներդրումային ծրագիրն ստանալուն պես: Այդ ծրագրի համար հանձնաժողովը ժամանակ է տրամադրել մինչեւ հուլիսի մեկը:

Մինչ այժմ ներդրումային ծրագրի բացակայությունը օդանավակայանը հանձնաժողովին բացատրել է գործունեության արդյունքները վերլուծելու անհրաժեշտությամբ, որից հետո պետք է ճշգրտվեն շահութաբերության համապատասխան մակարդակները՝ իրենց մատուցած ծառայությունների տարբեր շուկաներում: Օդանավակայանի ներկայացուցիչներն, ի դեպ, նիստին չէին եկել, իրենց բացակայությունը հիմնավորելով նախագծի նկատմամբ վերապահում չունենալու հանգամանքով: Իսկ նախագիծը շուրջ երեք տասնյակ ծառայությունների մատուցման շուկայում գերիշխող դիրք ունեցող (համաձայն կոնցեսիոն պայմանագրի) գրանցելուց բացի, նաեւ այսուհետեւ ավիակերոսինի գնի կարգավորման մեխանիզմ էր առաջարկում, որը եւ ընդունվեց: Ըստ դրա, հանձնաժողովը ներկայիս $430-ը հիմնավորված կհամարի այն դեպքում, եթե օդանավակայանը շարունակի ավիակերոսինը ձեռք բերել $346.5-ով, ինչպես այժմ:

Սակայն ժամանակներ են եղել, երբ օդանավակայանը ավիակերոսինը գնել է նույնիսկ $275-ով, բայց շարունակել է ավիաընկերություններին վաճառել $430-ով: Այսուհետեւ «Զվարթնոցը» չի կարողանա նման բան անել, հակառակ դեպքում ստիպված կլինի դրանից ստացված շահույթը փոխանցել պետբյուջե: Իսկ եթե միջազգային շուկայում ավիակերոսինի գինը, այնուամենայնիվ, բարձրանա, ապա օդանավակայանը համապատասխանաբար չի կարող դրա գինը բարձրացնել ուզածի չափ: Այլ դա կարող է անել հանձնաժողովի սահմանած բանաձեւով, այսինքն, թանկացածից ոչ ավելի չափով:

Այստեղ ծագող տրամաբանական հարցը հետեւյալն է. միգուցե $430-ն է՞լ հիմնավորված չէ: Սրա պատասխանը հանձնաժողովը կտա ներդրումային ծրագիրն ստանալուն պես: Լրագրողներից մեկի հարցին, թե գուցե ձեռքբերվող գի՞նն է ուռճացված: Այսինքն միգուցե փոխադարձ պայմանավորվածության համաձայն սահմանի վրա «Զվարթնոց» օդանավակայանին մատակարարվող գի՞նը հիմնավորրված չէ, եւ արդյոք հանձնաժողովը ուսումնասիրե՞լ է գործարանային գները, հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը նշեց, որ այդպես շատ կարելի է խորանալ. միգուցե գործարա՞նն էլ է ուռճացրել գինը: Բացի այդ, հանձնաժողովի գործառույթները եւ օրենքը նախատեսում են շուկան դիտարկել Հայաստանի սահմաններում:

Ֆ. Փիրումյանի խոսքերով, հանձնաժողովը առաջին անգամ է կիրառում կարգավորման մեխանիզմ եւ «սա կլինի մինչեւ վերջնական լուծումը»:

ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել