Արամ Հարությունյանի կանխատեսումները
Երեկ «Ազգային համաձայնության» առաջնորդ Արամ Հարությունյանը «Առավոտի» համար բացառիկ հայտարարություն արեց՝ ասաց հեղափոխության օրը, տեղը եւ ժամը։ Այդ ամենը մեր զրուցակիցը հաշվարկել է համարյա լենինյան ճշգրտությամբ։ Հարությունյանի կարծիքով՝ 4-ը շուտ է, 12-ը՝ ուշ։ Հետեւաբար՝ «եթե հիմնական ասելիքը պետք է ասվեր ԱԺ-ի հայտարարությունների օրը՝ կասվեր։ Եթե այդ օրը ժամանակ (այսինքն՝ հեղափոխության ժամկետը.- Ն. Գ.) հայտարարվեր, իշխանությունները պատրաստ կլինեին կանխելու։ Մնում է հաջորդ հայտարարությունների օրը՝ 13-ը, որն էլ ուշ է։ Ուստի, ամեն ինչ կասվի ամսի 5-ին, ընտրողների հետ «Ազգային միաբանության» հանդիպման ժամանակ»,- ասում է Արամ Հարությունյանը։ Ավելին, նա համոզված է, որ այդ օրը «մարդիկ կգան, կգումարվեն, կգումարվեն ու չեն ցրվի»։
Բայց չլինելով բախումների կողմնակից, Ա. Հարությունյանը եւս առաջարկում է հարցերը լուծել երկխոսության տարբերակով։ Իսկ որ այս իրավիճակում բախումն անխուսափելի է, Ա. Հարությունյանը կասկած չունի. «Երկու կողմերն էլ իրավիճակը սրող քայլեր են անում։ Երկուսն էլ նահանջի տեղ չեն տեսնում։ Եթե կողմերը մտահոգված են երկրի ապագայով, ուրեմն պիտի նստեն բանակցային սեղանի շուրջ, ընդ որում, նախաձեռնությունը պետք է իշխանություններինը լինի։ Ցավոք, դա չի երեւում»։
Մեր զրուցակիցը նաեւ համոզված է, որ հեղափոխությամբ որեւէ լավ բան չի լինելու։ Անկախ արդյունքներից, տուժելու են ժողովուրդն ու պետությունը, չեն շահելու ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը։ «Երկու կողմերն էլ թուլանալու են եւ 96-ի իրավիճակի մեջ ենք ընկնելու։ Արդյունքում՝ նորից վերեւից իշխանափոխություն կկատարվի, որին ժողովուրդը որեւէ առնչություն չի ունենա»,- կանխատեսում է Ա. Հարությունյանը։ «Ենթադրենք, այսօր իշխանափոխություն եղավ»,- հարց հնչեցրեց նա եւ պատասխանեց. «Ովքե՞ր են ղեկին, որ 40 օրվա ընթացքում նոր ընտրություններ պիտի կազմակերպեն։ Մարդիկ՝ ովքեր կեղծիքով են անցել։ Ինչո՞ւ, կարելի է մի կեղծիքով անցածին վստահել, մյուսին՝ ո՞չ»։ Այս առիթով Վ. Մանուկյանի առաջարկած ծրագիրը նույնպես «Ազգային համաձայնության» սրտով չէ. «Ո՞վ է լինելու ժամանակավոր նախագահի ընտրության գարանտը։ Նորից նույն խնդրին ենք հանգում»։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ